Քաղաքական

29.03.2019 10:48


Ի՞նչ բացատրագիր է ոստիկանությունում գրել Արարատ Միրզոյանին հեռուստացույց նվիրողը

Ի՞նչ բացատրագիր է ոստիկանությունում գրել Արարատ Միրզոյանին հեռուստացույց նվիրողը

ԱԺ քառօրյայի ընթացքում, խոսելով Հայաստանում գործող վարկերից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց տան տեխնիկան գնել է ապառիկով, քանի որ այդպես հարմար է, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ցանկացել է «Զիգզագ» խանութից հեռուստացույց գնել, սակայն հարկադիրի պատճառով չի կարողացել և այժմ տանը հեռուստացույց չունեն։ Երեկ «Այլընտրանք» ՀԿ-ի համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը պլազմային հեռուստացույց էր տարել ԱԺ-ի մոտ՝ որպես Միրզոյանին նվեր։ Armdaily.am-ի հետ զրույցում Մանթաշյանը նշեց, որ ինքը հենց ԱԺ նախագահի հեռուստացույց գնելու օրն է տեղեկացել այդ մասին. «Ինձ զանգահարեցին և ասացին, որ Միրզոյանը իր թիկնապահների շքախմբով Երևան Մոլի «Զիգզագ»-ում է, սակայն ԴԱՀԿ-ի պատճառով չի կարողացել գնել»։

Նարեկ Մանթաշյանը նշեց, որ սկզբում ցանկացել է հենց այդ պահին դա հանրայնացնել. «Բայց հետո հասկացա, որ դա հատուկ է արված, որ մարդիկ մտածեն, թե իրենք շատ ազնիվ են ու նույնիսկ հիմա չեն կարողանում տեխնիկա գնել, ապառիկով են ուզում գնել , բայց դա էլ չեն կարողանում անել։ Ցանկանում են ցույց տալ, որ նորմալ է այն, որ ժողովուրդը վարկերի մեջ է»։

Բայց քանի որ Միրզոյանն այդ մասին ինքը հանրայանցրեց, իսկ կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքում հաստատեց, որ իրենք չունեն հեռուստացույց, Մանթաշյանը որոշեց նվեր անել. «Ես տանն ավել հեռուստացույց ունեի, մի քանի սերունդ հին, որոշեցի նվիրել Միրզոյաններին»։

Մանթաշյանն ասում է, որ դա արել է հանուն պետության. «Գոհար Աբաջյանը նշել էր, որ դրանից երեխաներն էլ էին տխրել։ Ես էլ մտածեցի Միրզոյանը կտարվի ընտանիքի հոգսերով ու չի կարողանա պետությանը ծառայել։ Ընկերներիս հետ որոշեցինք այդ հեռուստացույցը տանել ԱԺ։ Անվտանգությունից ելնելով ներս չթողեցին տանեինք։ Բայց հեռուստացույցի վրա հասցեատերը նշված էր ու նվերին հատուկ ձևով փաթեթվորված։ Ես տարել էի, որ դա Միրզոյանը վերցնի։ Դրա մեջ ամոթ բան չկա»։

Մանթաշյանի խոսքերով որոշ ժամանակ անց իրեն հրավիրել են ոստիկանության Արաբկիրի բաժին. «Ինձ հետ շատ քաղաքավարի էին խոսում։ Ինձ ասացին, որ հեռուստացույցն իրենց մոտ է և խնդրեցին մի քանի տողով բացատրագիր գրել, թե ինչի համար էր այս ակցիան»։

Մանթաշյանը հավելեց, որ բացատրագրում նշել է, որ դա բարի կամքի դրսևորում է եղել. «Որպեսզի մեր պետական այրերը գոնե մինիմալ կենցաղային պայմաններով ապահովված լինեն։ Բայց ինձ ասացին, որ Միրզոյանը չի ընդունել նվերը և ես հեռուստացույցը հետ վերցրեցի»։

Աղբյուրը՝ Armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը