Քաղաքական

06.04.2019 14:31


ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքում, դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատվել պատիժ կրելուց: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նշենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ պատժից ազատվում են առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, այսինքն` Բաբայանի դեպքում համաներումը կիրառելի էր:

ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Բաբայանի մասնակցությամբ միջադեպից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են վերը նշված մարզային համալիրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։ Շուտով, սակայն, տուժող Հարությունյանը հայտարարել է, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել ու վայր է ընկել: Բաբայանի գործով առաջին դատական նիստի օրը ևս Հարությունովը հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում:

Այդ նիստի ընթացքում Հարությունովը միջնորդեց գործում առկա օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները քննել դռնփակ, քանի որ դրանցում իր անձնական կյանքին վերաբերող հանգամանքեր կան, և դատարանը բավարարեց միջնորդությունը: Դրանից հետո երկու դատական նիստ է տեղի ունեցել, վերջինը՝ երեկ՝ ապրիլի 5-ին: Այն պահից սկսած, երբ այլևս գործի քննությունը դռնփակ անցկացնելու անհրաժեշտություն չի եղել, դատավորը որոշել է նիստը շարունակել դռնբաց, սակայն դրան որևէ լրագրող ներկա չի գտնվել:

Կայքի հետ զրուցում Արմեն Մելքոնյանն ասաց, որ տուժող Վյաչիսլավ Հարությունովը Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել, ասել է՝ «եթե իմ հիվանդ, թմրադեղերի ազդցության տակ խոսելու պարագայում մարդ պիտի դատվի, ուրեմն թող ես դատվեմ»:

Ըստ Մելքոնյանի խոսքի՝ Էդուարդ Բաբայանը որևէ հայտարարություն չի արել, համաներում կիրառելու վերաբերյալ դատարանը նրա դիրքորոշումը չի ճշտել, քանի որ դատարանում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում։

Այս խորագրի վերջին նյութերը