Քաղաքական

07.04.2019 20:49


Դատարանը վարույթ է ընդունել Մանվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

Դատարանը վարույթ է ընդունել Մանվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի՝ ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմումը՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մարտի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ հայցադիմումն ի սկզբանե մակագրված է եղել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել, ինչից հետո հայցադիմումը վերամակագրվել է դատավոր Ն.Ավետիսյանին: Վերջինս նախ հայցադիմումի փաստաթղթերում խախտումներ էր տեսել եւ վերադարձրել, որոնք շտկելուց հետո Մ.Գրիգորյանը հայցադիմումը կրկին ներկայացրել էր, ինչն էլ դատավորը վարույթ ընդունելու որոշում էր կայացրել:

«Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով՝ դատարանը որոշել է ընդունել վարույթ՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Սիլվա Հարությունի Համբարձումյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, ընդունել վարույթ»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նրա ներկայացուցիչ Կարեն Ղոնյանը հայտնել է, որ հայցի համար հիմք է դարձել Գրիգորյանին բռնաբարության մեջ մեղադրող հայտարարությունները։

Սիլվա Համբարձումյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ կարող է փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ Մանվել Գրիգորյանը «երեխեքի է բռնաբարել»:

«Դրամական փոխհատուցման պահանջ չկա, պահանջում ենք ներողություն խնդրել»,-ասել էր Կարեն Ղոնյանը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը