Լրահոս

08.04.2019 12:15


Դիմակավորված անձը մտել է սննդի կետ, աշխատակցուհուն հրել-գցել է գետնին

Դիմակավորված անձը մտել է սննդի կետ, աշխատակցուհուն հրել-գցել է գետնին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ արագ սննդի կետում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով, մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի ապրիլի 2-ին Երեւան քաղաքի Կորյուն փողոցում գործող արագ սննդի կետի աշխատակցուհին Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, երբ ինքը եւ իր գործընկերուհին գտնվել են աշխատավայրում, ներս է մտել դիմակավորված երիտասարդ, աշխատակցուհուն հրել-գցել է գետնին եւ ձեռքին գտնվող դանակի սպառնալիքով պահանջել հանձնել դրամարկղում առկա ողջ գումարը:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 2-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1991 թվականին. վերջինս ձերբակալվել է եւ հարցաքննվել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ 27-ամյա երիտասարդի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, քննվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության տվյալներով՝ երիտասարդը 2019 թվականի հունվարի 20-ի՝ ժամը 21:10-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառքի եւ սպասարկման խանութի դուռը եւ գաղտնի հափշտակել տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ պատճառելով խոշոր չափերի՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

2019թ. ապրիլի 4-ին որոշում է կայացվել հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ նախաքննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակելու վերաբերյալ:

27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

Արագ սննդի կետի աշխատակցուհիներն ու սեփականատերը, ինչպես նաեւ բջջային հեռախոսների խանութի սեփականատերերը ճանաչվել են տուժող:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1991թ. ծնված երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը