Քաղաքական

10.04.2019 12:45


Իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի․ վարչապետի այցի «զոհը»

Իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի․ վարչապետի այցի «զոհը»

Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանը՝ երեկվա վարչապետի այցի «հերոսը», այս պահին դիմում է գրում դուրս գա աշխատանքից։ Այդ մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ մենք տեղեկություն ունեինք, որ Հայկն ասել է, որ չի պատրաստվում դիմում գրել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն, որը հայտնի է որպես Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նրան զայրացրել էր սենյակներից մեկի անկյունում ընկած ՀՀ դրոշը։ Տեսնելով դա՝ վարչապետը զայրացել է այդ սենյակում գտնվող մաքսային ծառայողի վրա, որը Հայկ Մարտիրոսյանն էր ու հրահամայել․ «Աշխատավարձիդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։

-Հայկ, մենք իմացանք, որ Դուք հրաժարվել եք դիմում գրել, ճի՞շտ է։

-Ես հեսա գնում եմ դիմում գրեմ, ինքնակամ դուրս գամ։

-Ինչո՞ւ որոշեցիք այդպես անել։

-Հիմա էնքան անհասկանալի վիճակ ա, որ ես ինքնակամ որոշել եմ դուրս գամ։

-Ինչ-որ ճնշո՞ւմ են գործադրել Ձեզ վրա, պարտադրե՞լ են, որ դիմում գրեք։

-Ոչ, ոչ, իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի։ Դա իմ որոշումն ա։

-Իսկ միայն Դո՞ւք եք դիմում գրելու դուրս գաք, թե՞ բաժնի այլ աշխատակիցներ ևս։

-Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։

-Վարչապետի հեռանալուց հետո Ձեզ հետ որևէ խոսակցություն եղե՞լ է, ձեր բաժնի ղեկավարը կամ ՊԵԿ ղեկավարությունից Ձեզ որևէ բան ասե՞լ են։

-Ոչ, որևէ հատուկ խոսակցություն՝ որպես այդպիսին, չի եղել։

-Իսկ գիտե՞ք, որ մաքսային ծառայության մասին օրենքով վարչապետն իրավունք չունի Ձեզ նման բան պարտադրելու։

-Ինչքան գիտեմ՝ աշխատանքային օրենսգրքով ա դա կարգավորվում, ես ամեն ինչից տեղյակ եմ։

-Աշխատանքյաին օրենսգրքով վարչապետը կարող է պարտադրել մաքսային ծառայողին դիմում գրել դո՞ւրս գալ։

-Չէ, պարտադրանքի մասին չի։ Դիմում գրելը, ես ինքնակամ որոշել եմ դիմում գրել, խնդիրը դրա մեջ է։

-Ո՞րն է պատճառ, որ որոշեցիք դիմում գրել, որովհետև վարչապետ ասաց՝ դիմումդ կգրես, կգնաս, դրա՞ համար։

-Ճիշտն ասած՝ բերեք չպատասխանեմ, էլի, էդ հարցերին։ Հազար անգամ կներեք, բայց ես աշխատում եմ էս խառը պահին զերծ մնալ ինչ-որ մի բանից։ Ես ուղղակի ինքնակամ դուրս եմ գալիս, ոչ մի ճնշում չի եղել ու չի կարող լինել։

Այս խորագրի վերջին նյութերը