Քաղաքական

17.04.2019 17:51


Չի կարելի նույն դեպքով մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ. Արամ Օրբելյան

Չի կարելի նույն դեպքով մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ. Արամ Օրբելյան

Թե՛ Ռոբերտ Քոչարյանի գործը, և թե՛ «Յոթի գործը» վերաբերվում է Մարտի մեկի իրադարձություններին, և եթե ժամանակին «Յոթի գործով» դատախազները համարել են, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը խստացնող է և հրաժարվել են դրանից, ապա նույնը պետք է անեն Քոչարյանի գործով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

«Դատախազությունը պատճառանում է, որ ժամանակի ընթացքում հոդվածը փոփոխության է ենթարկվել, սակայն խոսքը նույն դեպքերի մասին է, ոչ թե 10 տարի հետո տեղի ունեցած այլ հանգամանքների»,–ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, թե իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ և հնարավոր է դրանք փոխվեին, ասաց.

«Դատախազն արդեն որերորդ անգամ փորձում է նենգափոխել իմաստը։ Խնդիրը շատ պարզ է. խոսքը նույն դեպքի մասին է։ Չի կարելի նույն դեպքի վերաբերյալ, նույն պայմաններում մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ։ մի դեպքում գործը քննել են 2009–ին, մյուս դեպքում՝ 2019–ին։ Պատկերացնենք՝ 2008–ին էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվում, հիմա այդ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվելո՞ւ էր, թե՞ ոչ, պատասխանն այո է»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:

Քոչարյանի պաշտպանները պնդում են նաև, որ այդ գործով անցնող անձանց չէր կարելի մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։

Իսկ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այդ որոշման իրավական մեկնաբանությունը չկա։

«Այդ որոշման մեջ բացարձակ չկա որեւէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող, օրենքում կան դրա սահմանումները։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ»,–ասել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը