Քաղաքական

19.04.2019 12:20


«Մեր իշխանությունը երկրի անվտանգության հարցում քաղաքական իմպոտենցիայով է տառապում». Շարմազանով (տեսանյութ)

«Մեր իշխանությունը երկրի անվտանգության հարցում քաղաքական իմպոտենցիայով է տառապում». Շարմազանով (տեսանյութ)

Վարչապետը Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, բայց ուժային կառույցները որեւէ գործողություն չեն իրականացնում, իսկ դա վկայում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը եւ իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է անվտանգության հարցը:

«Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ու երբ ՀՔԾ-ն ում ասես հրավիրում է հարցաքննության եւ չի կանչում վարչապետին հարցնի, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները նշանակում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը եւ իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Անհնար է՝ մի երկրում պետության ղեկավարը խոսի օտարերկրյա քաղաքական գործակալների մասին եւ դրան զրո արձագանք լինի»,- նշեց Շարմազանովը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Փաշինյանի թիմի շատ հայտնի գործիչներից մեկը նշել է, որ առաջնագծում առկա է մեծ խնդիր. «Սա ես չեմ ասում, սա իրենք են ասել: Այսինքն, սա խայտառակ իրավիճակ է: Ու այսքանից հետո այս իշխանությունն իրավունք ունի՞ խոսել անվտանգությունից, անվտանգության ամրապնդումից»։

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց պարզ է դառնում, որ ունենք ոչ թե կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Ըստ Շարմազանովի՝ կառավարությունը ու կառավարության ղեկավարը փորձում են նախկին կառավարությունների դրականը վերցնել եւ օգտագործել, եւ այդ դրականի հիմքի վրա, քարը քարին դնելով, առաջընթաց ապահովել:

«Առաջին խնդիրը դա տնտեսությունն էր: Մեկ տարի առաջ Փաշինյանը հանդես եկավ սուտ խոստումներով, եւ մեկ տարի անց տեսնում ենք, որ առկա են չիրականացված խոստումներ, մենք ունենք սուտ քաղաքականություն եւ ունենք ֆեյք կառավարություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Փաշինյանն ասում էր, որ ունի կախարդական փայտիկ, որի օգնությամբ լինելու են շատ մեծ փոփոխություններ եւ թռիչքային զարգացում»,- ասաց Շարմազանովը:

Մինչդեռ, ըստ նրա, թռիչքային զարգացում ունենալու հանար անհրաժեշտ է երկնիշ տնտեսական աճ, քանի որ Փաշիյանը շրջանառության մեջ է դրել տնտեսական հեղափոխություն տերմինը. «Տնտեսական հեղափոխությունը ինքնին բլեֆ էր, նման բան չի կարող լինել, քանի որ տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է: Ինչպե՞ս կարող է լինել տնտեսական հեղափոխություն եւ թռիչքային աճ, եթե 2017թ. եղել է 429 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018-ին՝ 422մլրդ դրամ, չհաշված, որ դեռ չորս ամիսն էլ մենք ենք աշխատել: Ինչպիսի թռիչքային զարգացում պետք է լինի, եթե փակվում են աշխատատեղերը, եթե բյուջեում դրված է 4.9 տնտեսական աճ, խոսում են 50 հազ. գոյություն չունեղող աշխատատեղերից: Այսինքն մենք ունենք ավելի վատ տնտեսական վիճակ, ներդրումները պակասել են եւ չկա որեւէ լուրջ ներդրումային ծրագիր: Այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը