Լրահոս

24.04.2019 12:30


«Հայերը մահանում էին աշխարհում եղած բոլոր մահերով». օտարազգի գործիչները` Հայոց ցեղասպանության մասին

«Հայերը մահանում էին աշխարհում եղած բոլոր մահերով». օտարազգի գործիչները` Հայոց ցեղասպանության մասին

Գերմանացի գրող, բանաստեղծ, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան Արմին Վեգները երիտթուրքական ոճրագործությունների ականատեսներից է, լուսանկարել է սպանդի բազմաթիվ տեսարաններ, գրառել տեսածը և լուսանկարների հետ ուղարկել Գերմանիա` առանձին մարդկանց ու մամուլին, սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Ճանապարհ առանց տունդարձի» գրքում:

1919թ. դասախոսություներով հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում, պատմել անապատներ քշված հայերի տառապանքների մասին: Արմին Վեգների վկայությամբ՝ «հայերը մահանում էին աշխարհում եղած բոլոր մահերով»։ Նույն թվականին Վեգները գրել է «Բաց նամակ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին», որտեղ դատապարտել է հայերի ցեղասպանության ոճրագործներին, արծարծել է փրկվածներին բարոյական ու նյութական օգնություն ցուցաբերելու, բռնությամբ մահմեդականացված հազարավոր հայերի քրիստոնեական հավատքին դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու և կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցեր:

1921թ. Վեգները՝ որպես վկա, Բեռլինում ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Գրել է նաև այդ դատավարության սղագրված հաշվետվության նախաբանը: Այն լույս է տեսել Բեռլինում (1921թ.) «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերտառությամբ:

Վեգներն առաջին անգամ այդտեղ օգտագործել է «ցեղասպանություն»՝ «ֆերնիխտունգ դեր ռասսե» արտահայտությունը, որից 1943թ. Ռաֆայել Լեմկինը կազմել է նրա լատիներեն համարժեքը` «գենոցիդ» եզրույթը:

1922թ. Իզմիրում հայերի ցեղասպանության կապակցությամբ գրել է «Ճիչ Արարատից» հոդվածը, նաև պատմական ակնարկներ ու պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Արմենիադա», «Հայ մորը» և այլն):

Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչերով են հանդես եկել 20–րդ դ. օտարազգի բազմաթիվ գործիչներ։ Ահա նրանցից մի քանիսի խոսքերը։

Ֆրիտյոֆ Նանսեն. «Դա դժոխք էր…թուրքական իշխանություններն ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին օգնել այդ տարաբախտ մարդկանց … Հայերի թշնամիները ապացույցներ են փնտրում նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ` նրանք առանց դիմադրության թույլ տվեցին, որ իրենց քշեն սպանդի… Նրանք ինչպե՞ս կարող էին պաշտպանվել ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների ու «կամավորների» բազմաթիվ հերոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունն արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու, իսկ ամբողջ բնակչությունը սիստեմատիկաբար զինաթափվում էր: Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն` որոշակի հաջողությամբ, իսկ դա եղավ Վանում և Կիլիկիայի լեռներում: Ասենք, այն ժողովուրդը, որը կարողանում է մարտնչել հանուն գործի, որը արդար է համարում …, կարող է արհամարհանքով վերաբերվել երկչոտության բոլոր մեղադրանքներին …
Այդ գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր վայրագությունները …»:

Յոհաննես Լեփսիուս. «Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել մեկ միլիոն մարդ: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին …»:

Թուրքիայում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուեր. «Մերթ այստեղ, մերթ այնտեղ հավաքում էին 50–100 մարդուց բաղկացած խմբեր, նրանց իրար էին կապկպում 4-ական մարդ և ապա տանում էին գյուղից ոչ հեռու մի մեկուսի տեղ: Հանկարծ օդը դղրդում էր հրացանների կրակոցներից, և թուրք զինվորները, որ ուղեկցել էին նրանց, շուտով վերադառնում էին ճամբար: Նրանք, ում ուղարկում էին թաղելու սպանվածների դիակները, գրեթե միշտ դրանք գտնում էին միանգամայն մերկ վիճակում, քանի որ թուրքերը, որպես կանոն, նրանց վրայից հանում էին ամբողջ հագուստը: Ինձ հայտնի մի քանի դեպքերում մարդասպանները իրենց զոհերի տառապանքները խորացնում էին նրանով, որ գնդակահարելուց առաջ նրանց ստիպում էին իրենց համար գերեզմաններ փորել»:

Վալերի Բրյուսով. «Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ վկայակոչեն «պետական անհրաժեշտության» փաստարկները, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքների տեղահանվող բնակչությանը սովամահության դատապարտելը և այլն: …Նրանք շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը` կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպեսիք կատարել չէր հանդգնում անգամ Լենկթեմուրը»:

Ամերիկացի հայտնի սոցիոլոգ Լեո Կուպեր. «Մի շարք ցեղասպանություններին բնորոշ է արագությունը, մյուսներին` կազմակերպվածությունը: Իսկ հայկականը բնորոշվում է այդ երկուսի միաձուլմամբ»:

Ամերիկացի հայտնի գրող Սոլ Սթայն. «Այն ժողովուրդը, որն առաջինն էր քրիստոնեություն ընդունել, դարասկզբում այնպիսի բռնարարքների ենթարկվեց, որոնք միայն մեկ անուն ունեն՝ ազգասպանություն»:

Հայերի ոչնչացման օրերին աշխարհի լռությունից քաջալերված՝ Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին Լեհաստան ներխուժելու նախօրեին ինքնավստահ հայտարարեց. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը