Քաղաքական

29.03.2010 13:14


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պարզաբանումներ է ներկայացրել վերջին օրերին շրջանառվող այն մեկնաբանությունների վերաբերյալ, համաձայն որոնց Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից, և որ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված ներկայիս վիճակի հիմնական պատասխանատուն ՀՀ երկրորդ նախագահն է:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի' բանակցային սեղանի շուրջ վերադարձի անհրաժեշտության մասին վերջին օրերին հիմնականում խոսումեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Ստորև ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պարզաբանումները.

«Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Ավելին. նորաձև է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին իբր դուրս է մղել պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների սեղանից:

Ընդ որում, առավել հաճախ դա ասվում է բոլոր իմաստներով աննկատ մարդկանց կողմից, որոնք հեռու են Ղարաբաղից թե գործնական, թե զգացմունքային առումով: Անդրադառնանք պատմությանը (ի դեպ' հանրահայտ էջերին) և փորձենք գտնել հետևյալ հարցի պատասխանը. ե՞րբ և ինչպե՞ս են մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները բանակցային գործընթացում:

1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում, ԵԱՀԽ (ԵԱՀԿ նախկին անվանումն է) Խորհրդի այսպես անվանվող «լրացուցիչ հանդիպման» ժամանակ կայացվեց հայտնի որոշումը' ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խաղաղ համաժողով անցկացնելու մասին: Բելոռուսիան պատրաստակամություն հայտնեց կազմակերպել այդ համաժողովն իր մայրաքաղաքում, որտեղից էլ անուն առան Մինսկի գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշված որոշման 9-րդ կետում ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները կհրավիրվեն Համաժողովին նրա նախագահողի կողմից' Համաժողովի մասնակից պետությունների հետ խորհրդատվություններ անցկացնելուց հետո»:

Որպես «ընտրված և այլ ներկայացուցիչներ» պատկերացվում էին, մի կողմից, ԼՂՀ նորընտիր Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները, մյուս կողմից (ըստ ադրբեջանական վարկածի)' Լեռանային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնի է, Մինսկի համաժողովը չկայացավ. դա ակտիվ պատերազմական գործողությունների շրջան էր, և մեկ հայկական, մեկ ադրբեջանական կողմը, ելնելով ռազմաճակատում առկա իրավիճակից, չէին համաձայնվում բանակցությունների նստել: Այդ պայմաններում աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որը կզբաղվեր համաժողովի նախապատրաստմամբ: Նույն թվականի հունիսից-սեպտեմբեր ամիսներին նորաստեղծ Մինսկի խումբը Հռոմում կողմերի միջև հնգափուլ հանդիպումների շարք անցկացրեց: ԼՂՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը և Բորիս Առուշանյանը սկսեցին մասնակցել այդ հանդիպումներին երրորդ փուլից: Սակայն, Բաքուն շարունակ հրաժարվում էր ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ճանաչել, անվանելով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը «հայ համայնքի ներկայացուցիչներ»: Որպես այդ մոտեցման հաստատում, նրանք համառորեն ներառում էին իրենց պատվիրակության կազմում Նիզամի Բախմանովին, Շուշիի այն ժամանակվա քաղաքապետին' որպես ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ: 1996 թվականին կայացաց ԵԱՀԿ Լիսաբոնյան համաժողովի որոշումները միայն խորացրեցին բանակցությունների ձևաչափի ձևակերպումների վերաբերյալ կողմերի հակասությունները, ինչի արդյունքը դարձավ նշված ձևաչափով բանակցային գործընթացի վերջնական դադարեցումը 1997 թվականին:

Ըստ էության, բոլոր այդ տարիների ընթացքում անարդյունք քննարկվում էր միայն մեկ առաջարկ, որ հրապարակ էր բերել ռուսական կողմը (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը): Այն համապարփակ կարգավորում չէր ենթադրում, այլ ուղղված էր լոկ հակամարտության հետևանքները հաղթահարելուն. արծարծվում էին փախստականների վերադարձին, բաժանարար գծերի հստակեցմանն առնչվող և այլ նմանատիպ հարցեր: Նշված ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ (1993 թվականին) առանձին բանակցություններ են անցել ԼՂՀ փաստացի ղեկավար, ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի միջև, սակայն այդ հանդիպումը խորհրդապահական բնույթ է կրել և ձևաչափի իմաստով շարունակականություն չի ենթադրել: Եվս մեկ հանդիպում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կազմակերպվել է Ռուսաստանի արտգործնախարար Ա. Կոզիրևի միջնորդությամբ Մոսկվայում, եթե չեմ սխալվում' 1995 թվականին: Սակայն այդ ձևաչափը ևս շարունակություն չստացավ:

Այդպիսով, ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց դեռ մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին սկսած 1990 թվականից' Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների' Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում այն կարևոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ և բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ամենանշանակալի փաստաթուղթը, որ ընդունվել է ԼՂՀ մասնակցությամբ' 1994 թվականի մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագիրն է, որի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը: Այդ ստորագրությունը ղարաբաղյան կողմի առաջադրված պարտադիր պայմանն էր' կրակը դադարեցնելու համար:

Կրկնվեմ. սրանք հանրահայտ պատմական փաստեր են: Բանակցային գործընթացի, Քոչարյանի «սխալների» և դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր էր լավագույնս ուսումնասիրել հարցը: Առաջին հերթին ասածս վերաբերում է կուսակցական գործիչներին:

Այժմ երկու խոսքով կարգավորման գործընթացում ԼՂՀ ներգրավվածության մասին:

Առաջին հերթին պետք է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում կարգավորման գործընթացը որպես այդպիսին:

1. Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունն է: Նրանց այցերը տարածաշրջան, ՀՀ, ԼՂՀ և ԱՀ նախագահների հետ հանդիպումները և կարգավորման հարցերի քննարկումը նրանց հետ, մոտեցումների համաձայնեցումը, առաջարկների պատրաստումը և այլն: Այսինքն, բոլորի կողմից ընդունելի լուծումներ գտնելուն ուղղված ջանքեր' հակամարտության երեք փաստացի կողմերի ընկալումների համատեքստում:

2. Դա ՀՀ և ԱՀ նախագահների, ինչպես նաև նրանց հանձնարարությամբ' արտգործնախարարների հանդիպումների ձևաչափն է: Ի դեպ, տարօրինակ կլիներ, եթե համանախագահները չփորձեին օգտագործել միջազգային ֆորումները նման հանդիպումներ կազմակերպելու համար, եթե կողմերը դրանց այսպես թե այնպես մասնակցում են:

3. Դա զինադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ առաքելությունն է, որն իրականացվում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Այդպիսով, կարգավորման փաստացի գործընթացը մշտապես ընթանում է երեք հարթություններում. երկու բանակցային գործընթացների և մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերի: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումների ձևաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանում է ՀՀ նախագահը' համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: Եվ դա լավ հայտնի է բոլորին: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ ունի, կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը:

Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Փաստորեն, կիրառվում է միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող անուղղակի բանակցությունների միջոցը: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցությանը. ակնհայտ է, որ ՀՀ երեք նախագահներն էլ ձգտել են դրան: Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը և նպատակին հասնելու մեծ ներուժ կպարունակեր:

Հասկանալի է, որ Ադրբեջանը շեշտադրում է հենց Հայաստանի հետ բանակցելու փաստը' հիմնավորելու համար կարգավորման իր մոտեցումը տարածքային ամբողջականության շրջանակներում: Բաքուն ասում է, թե քանի որ սա Հայաստանի կողմից տարածքային նկրտումներ են' նրա հետ էլ բանակցում ենք: ԼՂՀ-ի հետ բանակցություններ վարելու պարագայում նրանք ինքնորոշման սկզբունքի ամրապնդման սպառնալիք են տեսնում համաշխարհային հանրության ընկալումներում' հակամարտության էության վերաբերյալ: Գուցե հակամարտության սկզբում դա իրոք կարող էր նշանակություն ունենալ:

 Վստահ եմ, որ այսօր Ադրբեջանում իներցիոն կերպով և միջազգային սկբունքների կիրառման ընտրելիության համատեքստում գերագնահատվում է բանակցային ձևաչափի նշանակությունը: Այսօր բոլորն էլ հասկանում են, որ գնացքը, ինչպես ասում են, վաղուց գնացել է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության' իրապես կայացած պետություն (թեկուզ և չճանաչված) լինելը և արդեն 19 տարվա պատմություն ունեցող անկախությունը լի ու լի բավարար են գործընթացի անդառնալիությունը հասկանալու համար: Ավելի խելամիտ կլինի բանակցություններ վարել իրական արդյունք ստանալուն ուղղված ձևաչափերով»:

Այս խորագրի վերջին նյութերը