Աշխարհ

31.03.2010 14:19


Ջավախքի ուսանողությունը պետք է դառնա իր հայրենիքի տերը (վերլուծություն - առաջարկ ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը)

Ջավախքի ուսանողությունը պետք է դառնա իր հայրենիքի տերը  (վերլուծություն - առաջարկ ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը)

ՄԱՍ I

Ջավախքի բուհական համակարգի և այտեղ հայկական բուհի հիմնման կարևորության մասին վերլուծություն

Ջավախքում հայ-վրացական պետական բուհի հիմնման մասին բազմիցս է խոսվել: Հարցն սկսվեց շոշափվել 1990-ական թթ. կեսերին, երբ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը  1996թ. հունիսին Վրաստան կատարած իր այցի շրջանակներում եղավ նաև խնդրո առարկա Ջավախք տարածաշրջանում: Տեղում նախագահների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերվեց  տարածաշրջանում բացել ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Երևանի բուհերի մասնաճյուղեր: Սակայն, ինչպես պարզ դարձավ հետագայում, պայմանավորվածությունն ի կատար ածվեց միակողմանի. 2002թ. փետրվարի 7-ից մինչև 2007թ. ուսումնական տարվա ավարտը (հինգ տարի) Ախալքալաքի նախկին Պրոֆտեխուսումնարանի շենքում գործեց Իվ. Ջավախիշվիլու անվան ԹՊՀ-ի Ախալքալաքի մասնաճյուղը: Չնայած Վրաստանի ԿԳ նախարարության այս քայլը ևս մի չհաջողված փորձ էր' փոխելու տարածաշրջանի էթնոժողովրդագրական նկարագիրը, այդուհանդերձ' այնտեղ սովորում էին նաև հատուկենտ տեղացի ուսանողներ: Հակառակ Վրաստանի ղեկավարության ամենօրյա այն հայտարարություններին, թե իրենք ամեն ինչ անում են, որպիսի Ջավախքն ինտեգրվի Վրաստանին, այդուհանդերձ չարեցին ոչ մի մշակված քայլ, որպիսի վերոնշյալ բուհը ձգեր տեղի ուսանողներին: Այն շուտով փակվեց: Փակման պատճառը ոչ այնքան հայկական կողմի' բուհի միմիայն վրացական լինելու առթիվ բողոքներն էին, այլ այն, որ բուհը կարող էր մի շարք տեղացի ուսանողների հնարավորություն ընձեռել տեղում սովորելու և աշխատանք ունենալու:   Վրաստանի ԿԳ նախարարությունը բուհի փակումից հետո կյանքի կոչեց մի նոր նախագիծ, որը վերաբերում էր միասնական բակալավրական ծրագրով  քոլեջի ստեղծմանը (այժմ Ախալքալաքում արձակում է իր նորելուկ ծիլերը):

Նշենք, որ պետական հայկական բուհերի փոխարեն հետխորհրդային շրջանում Ջավախք տարածաշրջան են մուտ գործել հայաստանյան և այլ ոչ պետական բուհերի մասնաճյուղերը կամ զանազան միջին մասնագիտական հաստատություններ: Պարզ է, որ վերջիններս հետապնդում են ոչ թե ինչ-ինչ ազգային կամ ռազմավարական նպատակներ, այլ վերջիններս այդ ճանապարհով ձգտում են հնարավորինս ավելացնել իրենց շահույթները:

Քաղաքական Ջավախքի մաս կազմող մեծամասամբ հայաբնակ Ծալկայում նույնպես իսպառ բացակայում են հայկական պետական կամ ոչ պետական բուհերը: Տեղի քաղաքական ակտիվիստ-պաշտոնյաների կողմից պետական կամ մասնավոր բուհ հիմնելու ուղղությամբ  անգամ չի եղել որևէ նախաձեռնություն:  

Նշենք, որ արդեն 20 տարի նույն' Վրաստանի այլ վայրերից խնդրո առարկա տարածաշրջան վրացի երիտասարդների վերաբնակեցման քաղաքականություն է իրականացնում նաև ԹՊՀ-ի Ախալցխայի (Մեսխեթի) մասնաճյուղը (ներկայումս' Ախալցխայի պետական ուսուցման համալսարան), որտեղ սովորում է մոտ 1.000 ուսանող: Ընգծենք, որ Սամցխեի (Ախալցխայի գավառ) մոտ 20.000 հայության երիտասարդությունը «չի նկատում» այս բուհը, դրա փոխարեն վերջինս մեծ չափերով գալիս է ՀՀ: 

Ախալցխայի միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը' Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումի հայերեն լեզվով ուսուցմամբ հաշվապահական ֆակուլտետը փակվել էր դեռևս Զ. Գամսախուրդիայի իշխանության օրոք: Զ. Գամսախուրդիային ուղղված դիմումի մեջ Ախալքալաքի Շրջխորհրդի գործկոմի ներկայացուցիչները բողոքում էին, որ «...Ջավախքի հայ երիտասարդությունը, փաստորեն, դրանով զրկվում է Ախալցխայում սովորելու հնարավորությունից...»:   

Բացի ԹՊՀ-ի Ախալցխայի (Մեսխեթի) մասնաճյուղից (որը վերջին շրջանում համալսարանից վերածվել է ինստիտուտի), Ախալցխայում գործում են նաև ընդհանուր թվով 4 վրացական քոլեջներ: Բաղդադենք Սամցխե-Մեսխունիք գավառի (Ախալցխայի գավառ) հայ և վրացի բնակչությունը. 2002թ. Վրաստանի պաշտոնական տվյալներով Սամցխեի կազմում գտնվող չորս մունիցիպալիտետներում (նախկին Ադիգենի, Ախալցխայի, Բորժոմի և Ասպինձայի շրջաններ) միասին վերցված ապրում են 86.305 վրացիներ և 22.974 հայեր: Հայկական և վրացական բուհերի հարաբերակցությունը համեմատության մեջ դնելով ազգային հարաբերակցության հետ' պարզորոշ կարելի է ուրվագծել Վրաստանի խտրական և միակողմանի քաղաքականությունը նաև այս ոլորտում: Պատկերը կամբողջանա, եթե այս բոլորը դիտարկենք Սամցխե-Ջավախք-Ծալկա ամբողջական տարածաշրջանի համատեքստում. տարածաշրջանի ժողովրդագրական ցուցանիշները հետևյալն են. 230.198 ընդհանուր բնակչության թվակազմ (100%), որից' 124.198 հայեր (54%), 97.995' վրացիներ (42,6%), մնացածն' այլազգիներ (3,6%): Այս թվային հարաբերակցության հիմքի վրա գոյություն ունեցող վրացական պետական և մասնավոր բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների գոյությունը, մյուս կողմից' հայկական մեկ մասնավոր և խղճուկ բուհի մասնաճյուղի գոյությունը ևս վրացական իշխանությունների վարած խտրական քաղաքականության լավագույն օրինակ են: 

ՀՀ Կրթության ու գիտության նախարարության կողմից բազմիցս արված' Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայ վրացական համատեղ բուհ հիմնելու մասին առաջարկները շարունակում են քաղաքավարի մերժվել վրացական իշխանությունների կողմից: Այդ մասին պարզորոշ հայտարարվել է և Վրաստանի նախկին ԿԳ նախարար Ա. Լոմայայի, և ներկա նախարար Գ. Նոդիայի կողմից: Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի երիտասարդության' մայրենի լեզվով տեղում բարձրագույն կրթություն ստանալու հույսերը վերջնական մարեցին հատկապես Գ. Նոդիա - Ս. Սեյրանյան վերջին' 2008թ. հունիսյան  հանդիպումից հետո, երբ հայկական կողմը կրկին հանդես եկավ նման առաջարկով, որին ի պատասխան' Գ. Նոդիան նշեց, որ «որ մինչ օրս Վրաստանը միջպետական համալսարան ունենալու նախադեպ չի ունեցել, եւ նման կրթօջախ հիմնելը կարող է ներպետական իրավաբանական դաշտին չհամապատասխանել»: Հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանակցություններից պարզ է դառնում, որ կողմերը փոխադարձ համաձայնության չեկած հարցերի շուրջ ստեղծել են աշխատանքային խմբեր. հայ-վրացական համալսարան բացելու գործընթացը նույնպես "քննվելու է" աշխատանքային խմբերի կողմից...: 

Անհրաժեշտ է հայկական պետական բուհի հիմնումն Ախալցխայում: Ինչու՞ հենց այնտեղ: 

Ներկայումս շատ է խոսվում հայ-վրացական պետական բուհի հիմնման մասին Ջավախքում: Սակայն եթե հարց առաջադրվի այն մասին, թե Ջավախքի ո՞ր քաղաքում, ապա կարելի է լսել տարբեր, ընդ որում' իրարամերժ կարծիքներ: Շատերի կողմից հիմնավորվում է այն տեսակետը, որ այդ, արդեն ,մեծ մեսիանե հիշեցնող բուհը պետք է բացվի Ախալքալաքում' որպես Ջավախքի հայահոծ հատվածի կենտրոնի:

Ախալցխայում հայկական պետական բուհ բացելու մասին մեր հիմնավորումները հետևյալներն են.

  • Ջավախք տարածաշրջանի ապագան անհնար է տեսնել առանց Ախալցխայի (Մեսխունիքի) հատվածի, որի սիրտը հենց Ախալցխա քաղաքն է: Մյուս կողմից Ախալցխայի գավառն (Մեսխունիք գավառ) իր պատմական անցյալով և քաղաքական ներկայով Ջավախքի անքակտելի մասն է: Ուստի' հրատապ խնդիր է Ախալցխայի հայկական դիմագծի պահպանումն ու զարգացումը:
  • Ախալցխայի հատվածը Ջավախքի և ՀՀ-ի համար ունի ռազմաստրատեգիական անփոխարինելի նշանակություն, որի հայկական լինելը վերջիններիս հնարավորություն է տալու ապագայում Աջարիայի վրայով ծով դուրս գալու:
  • Առանց Ախալցխայի' անհնար է Ջավախքում ձևավորել հայկական հզոր գործոն, որը հնարավորություն կունենա վերածվելու ինքնուրույն միավորի: Այս իմաստով անիմաստ է խոսել Ջավախքի ինքնավարության կամ վերջինիս հարցի արդարացի լուծման մասին, եթե Ախալցխան դադարի հայկական լինելուց:
  •  Ախալցխան Վրաստանի' խորհրդային և հետխորհրդային շրջանի վարած ժողովրդագրական քաղաքականության զոհն է, և որպես այդպիսին' այն լիովին համեմատելի է խորհրդային տարիներին ադրբեջանացած Աղդամի, Խոջալուի, Հյուսիսային Արցախի և մյուս շրջանների հետ: Ուստի Ախալցխա-Մեսխունիքի  հայկական դիմագծի վերականգնումը հայության համար, վերոնշյալներից զատ, բարոյական խնդիր է:

Ախալցխայի վերահայկականացման մի ճանապարհն այնտեղ հայկական պետական բուհի հիմնումն է: 

 Հավելյալ նշենք, որ խորհրդային տարիներին, երբ քաղաքում գործում էր Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումի հայերեն լեզվով ուսուցմամբ հաշվապահական ֆակուլտետը, քաղաքը լցված էր հայ ուսանողներով, հանրակացարաններում, վարձով բնակարաններում, զբոսայգիներում վերջիններս հավելյալ եռուզեռ էին հաղորդում քաղաքին. Ախալցխայում հայկական շունչն էր ամենուր: Այս այն դեպքում, երբ եղածը մի բուհ չէր, այլ' մի հասարակ միջին մասնագիտական հաստատության նույնքան հասարակ մի հաշվապահական բաժին: Զ. Գամսախուրդիայի քաղաքականությունը, փակելով այն, վերջակետ դրեց այդ ամենին: Հայությունն այս ամենին հակադարձեց ,վրաց թագավորինե ուղղված մի խղճուկ բողոքագրով: 

Այն մտավախությունները, որ Ախալցխան հեռու է Ախալքալաք-Ծալկա հատվածից, որի պատճառով Ջավախքի այս հատվածի ուսանողությունը կարող է ունենալ ինչ-ինչ դժվարություններ' հեռու են իրականությունից. 250-300 կմ ճանապարհ կտրող-անցնող և Երևան հասնող Ախալքալաք-Ծալկայի ուսանողի համար բոլորովին դժվար չէ անցնել այդ ճանապարհի մի մասը և հասնել Ախալցխա: Հարկ համարենք հիշեցնելու, որ այս դեպքում Ախալցխայի ուսանողությունը բուհ կընդունվի հենց տեղում: 

Ջավախքում պետական բուհի հիմնումը միայն ուսանողներին տեղում կրթվելու հնարավորության ընձեռում չէ. այն լրացուցիչ խթան է' Ջավախքում պրոֆեսորա-դասախոսական, գիտական և այսպիսով' մտավորական խավի վերաձևավորման գործում: Հատուկ քաղաքականության շնորհիվ դեպի Ջավախք կգործուղվեն համապատասխան մասնագետներ' ՀՀ-ի և սփյուռքի տարբեր հաստատություններից: Այդ նույն քաղաքականությունը կամային հատկանիշներ կձևավորի նաև ծագումով Ջավախքից, ներկայումս ՀՀ-ի տարբեր բուհերում դասավանդող դասախոսների մոտ, որոնց մոտ ի վերջո կզարթնեն խիղճը և պապենական զգացումները' ծննդավայր-հայրենիքին օգտակար դառնալու իմաստով: Ի վերջո' ով չի ցանկանա, թեկուզ ժամանակի մի փոքր հատված, գործել կամ դասավանդել հրաշագեղ Ախալցխայում, որն իր մաքրությամբ, իր պատմական անցյալով, իր դրախտային բնաշխարհով աննկարագրելի մի վայր է: 

Ինչու՞ վրացական կողմը կտրականապես մերժում է անգամ հայ-վրացական պետական համալսարանի հիմնումը: Պատասխանը պարզ է. հայ ուսանողությունը չնչին բացառություններով նախընտրելու է հայկական բաժինները, կրկին անտեսվելու է վրացերենը, կրկին վրաց ղեկավարությունը կանգնելու է գլխացավանքների առջև: Այսպիսի բուհում մոտավորապես տեղի է ունենալու այն ամենը, ինչն այսօր տեղի է ունենում Ջավախքի հանրակրթական դպրոցներում: Սա այն բնական գործընթացի արդյունքն է, երբ Թռեղքի լեռներից հարավ, Ջավախքում բնակվող հայի համար վրաց քաղաքական և հոգևոր մշակույթն օտար է և հարյուրամյակներ շարունակ չի ընկալվում որպես այդպիսին: Եվ Վրաստանն այսօր անխնա պայքարում է ոչ միայն դպրոցների, այլ նաև հատուկենտ մանկապարտեզների վրացականացման համար, և վերջինիցս սպասել նոր գլխացավանքի կամ բուհի հիմնում' առնվազն միամտություն է:

Եզրահանգումներ.

  • Ջավախքում հայկական պետական բուհ այսօր գոյություն չունի: Եղած հատուկենտ մասնավոր համալսարաններն ընդամենը խաբկանք են:
  • Ջավախքում վրացական պետական և մասնավոր բուհերի գոյությունը տարածաշրջանը վրացացնելու քաղաքականության մի մասն է, որն արտացոլում է Վրաստանի' այս հարցում խտրական և հայաթափ քաղաքականությունը:
  • Հայկական կողմի քաղաքականությունը և ձեռնարկված քայլերը' Ջավախքում պետական հայկական բուհի հիմնման ուղղությամբ, եղել են խիստ թերի, վախվորած և անարդյունավետ:
  • Ջավախքում պետական հայկական բուհի ստեղծման վայրն անխտիր պետք է դիդարկել տարածաշրջանի վարչաքաղաքական, մշակութային և ռազմավարական կենտրոն քաղաք Ախալցխան:
  • Ջավախքում հայկական պետական բուհի ստեղծման ուղղությամբ Վրաստանի բռնած անզիջող դիրքորոշումը հենց' այդ գործընթացի կարևորության, Ջավախքի հայկականության պահպանման և զարգացման գործում վերջինիս ունեցած անփոխարինելի դերի ապացույցն է:
  • Ջավախքում ստեղծվելիք հայկական պետական բուհը, երբ օրակարգի վրա տարածաշրջանի հայկական լինել-չլինելու հարցն է, Ջավախքի և համայն հայության համար պետք է դառնա համազգային խնդիր:

ՄԱՍ I

Աշոցքում հայկական պետական բուհի հիմնման ռազմավարական նշանակության մասին վերլուծություն 

Զրկված լինելով Ջավախքում որակյալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից' ջավախահայ բազմահազար ուսանողությունը զանգվածաբար գալիս է ՀՀ: ՀՀ Կրթության և գիտության համապատասխան բաժնի ներկայացրած պաշտոնական տվյալներով ՀՀ բոլոր պետական բուհերում սովորում են 1.048 Վրաստանից եկած ուսանողներ: Ոչ պետական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վերոնշյալ ցուցանիշները համապատասխանաբար հետևյալն են. 279 և 144: Երեքը տեսակի բուհական հաստատությունները միասին վերցված Վրաստանից ժամանած ուսանողների ընդհանուր թիվը կազմում է 1.471 (մոտավորապես' 1.5 հազար): Դեռ չկան մանրակրկիտ ուսումնասիրություններ այն մասին, թե 1.471-ից կոնկրետ քանիսն են ջավախահայ ուսանողներ, սակայն մոտավոր ուսումնասիրություններից ու անձնական շփումներից ելնելով կարող ենք հայտարարել, որ վերջիններիս թվաքանակի առյուծի բաժինը կազմում են նրանք:  Միևնույն ժամանակ' հարկ է ավելացնել, որ ջավախահայ ուսանողները ստացվող թվաքանակից ավելին են, եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ ջավախահայ բազմաթիվ ուսանողներ ունեն ՌԴ քաղաքացիություն և իրավաբանորեն չեն ներառվել ՀՀ ԿԳ նախարարությունում կազմված Վրաստանից ժամանած ուսանողների ցանկում:  

Այս համատեքստում ավելացնենք նաև մի հետաքրքիր նրբություն. 1.5 հազար ուսանողությունը ՀՀ է «ներթափանցել» 5 տարվա ընթացքում (բուհերում ուսման տարիների տևողությունը միջինացնում ենք և հաշվում 5 տարի): Այսինքն' 5 տարին մեկ միջին հաշվով 1.5 հազար ուսանողություն մենք ընդունում ենք ՀՀ: 

Բազմիցս ենք հրապարակել, ինչպես նաև այդ մասին հայտարարություններով հանդես են եկել պատկան կառույցները, որ ՀՀ բուհերում ուսանած երիտասարդության չնչին մասն է հետ վերադառնում: Պատճառները ոչ այնքան սուբյեկտիվ են, որքան օբյեկտիվ: Եթե 1990-ական թվականներից ի վեր ուսանողների հետդարձի բացակայության պատճառ կարող էինք համարվել մայրաքաղաքի կյանքի աշխուժությունը, մարզերում (նաև Ջավախքում) մշակութային կյանքի հետընթացը, հետաքրքրությունների, ժամանցի ու կյանքի որակի' Երևանի հետ համեմատած, անհամեմատ ցածր մակարդակը, մարզային, ինչպես նաև Ջավախքի զարգացման հայկական ռազմավարության թերարժեքությունը, ապա վերջին տարիներին Ջավախքի ուսանողության առաջ ծառացել է նաև Վրաստանի' լեզվի մասին պետական քաղաքականությունը, երբ վարչական բոլոր օղակներում աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման է վրացերենի իմացությունը: 

Եթե մինչև վերջին տարիները Ջավախքում քիչ թե շատ կիրառվում էր Վրաստանի Գերագույն Խորհուրդի' 1991թ. հուլիսի 25-ին Վրաստանի Գերագույն Խորհրդի որոշումը (որով «պարզաբանում» մտցվեց Վրաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածի կետերի վերաբերյալ: Որոշումով «բացատրվում էր». «...Վրաստանի Սահմանադրության 74-րդ հոդվածով Վրաստանի ողջ տարածքում պետական լեզուն վրացերենն է: Ըստ այդմ, պետական, հասարակական օրգաններում, կրթական, մշակութային և լուսավորչական այլ կազմակերպություններում որպես պետական լեզու օգտագործվում է վրացերենը: Միաժամանակ, 75-րդ հոդվածի 3-րդ կետով վերոնշյալ կազմակերպությունները ազատորեն կարող են օգտագործել այն լեզուները, որն օգտագործում է տեղի բնակչությունը: Սահմանադրության այս կետի հիման վրա պետական և հասարակական կազմակերպություններում, կուլտուր-լուսավորական և այլ տեղերում վրաց լեզվի շարքում կարող են օգտագործվել նաև ռուսերեն և հայերեն լեզուները»), ապա ներկայումս վրացերենի բացարձակ կիրառումն անգամ դպրոցական փաստաթղթերում (մատյաններում) պատճառ է հանդիսանում ՀՀ-ում կրթված երիտասարդությանը իսպառ մեկուսանալ երկրի ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև' կրթամշակութային, ինչպես նաև' առողջապահական ոլորտներից: Ստացվում է մի իրավիճակ, երբ ուսանողության շրջանում եղած ցանկության կամ կամքի առկայության պայմաններում անգամ հետդարձի կամուրջները դառնում են շատ խախուտ: 

Վրացական կողմը երկրի վարչաիրավական ոլորտներում հայտ ներկայացրած ոչ վրացի ուսանողների' վրացերենին տիրապետումն ապահովելու նպատակով վերջին տարիներին Քութայիսում ստեղծել է Զ. Ժվանիայի անվան բարձրագույն կրթական հաստատություն: Ուսանողներն այնտեղ ոչ այնքան երկար (6 ամիս) ժամանակահատվածում սովորում են վրացերենը: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ոչ բոլորն են ձգտում հայկական բուհն ավարտելուց հետո լծվել ևս մեկ քրտնաջան աշխատանքի' սովորելու վրացերենը: Շրջանավարտներից ոմանք նաև այն կարծիքին են, որ Զ. Ժվանիայի անվան հաստատությունում վրացերենի իմացության ձեռքբերման հետ մեկտեղ հայազգի ուսանողի մոտ ի հայտ են գալիս մի շարք հոգեբանական երևույթներ: Այդ երևույթները շատերի մոտ հայկական ինքնությունից հեռացման, ազգային ինքնագիտակցության նվազման պատճառ են դառնում: Կարելի է եզրակացնել, որ ջավախահայ շրջանավարտների' դեպի այս հաստատություն չձգտելու պատճառը ոչ միայն վրացերենի ձեռքբերման նկատմամբ դրևորվող «ծուլությունն է»: Վանող գործոն է հանդիսանում նաև հոգեբանական կողմը:

Մենք առաջարկում ենք ՀՀ պատկան մարմիններին'

  • Ջավախքում հայկական պետական բուհի հիմնան ուղղությամբ պայքարի շարունակությանը զուգահեռ,
  • Ջավախքում հայոց լեզվին պետական կարգավիճակ տալու ուղղությամբ պայքարի շարունակությանը զուգահեռ (ելնելով նաև ՀՀ Նախագահի' այդ մասին արված վերջին հայտարարությունից),
  • Ջավախքում երիտասարդության համար բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ պայքարի շարունակությանը զուգահեռ'

Աշոցքում հիմնել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ինչո՞ւ Աշոցքում: Հիմնավորումները հետևյալն են.

  • Ջավախքում հայկական պետական բուհի հիմնման վրացական կողմի թույլատրության բացակայության պայմաններում այն ամենամոտիկ վայրն է, որտեղ կարող են իրենց որակյալ բարձրագույն ուսումնառությունն ստանալ ջավախահայ ուսանողությունը: Աշոցքում ուսումնառությունը բոլոր առումներով (կացարանի վարձակալում, ճանապարհատրանսպորտային ծախս' ինչպես կացարան-բուհ, այնպես էլ' Ջավախք-Աշոցք իմաստով, սննդի և գյուղմթերքների ապահովում և այլն) անհամեմատ էժան է: Այնտեղ Ջավախքի յուրաքանչյուր ուսանող կարող է իր որակյալ ուսումնառությունն ստանալ մինիմալ ծախսերով:
  • Բազմիցս է խոսվել ՀՀ-ում վրացագիտության ցածր մակարդակի մասին: Այն բացասաբար է անդրադառնում նաև վիրահայ ու ջավախահայ ուսանողների վրա' այն իմաստով, որ վերջիններս չեն կարող ՀՀ-ի տարբեր բուհերում ապահովվել վրացերենի գոնե մակերեսային ուսուցմամբ: Դասավանդող կադրեր այս լեզվով գրեթե չկան ՀՀ-ում (ԵՊՀ Շ. Ռուսթավելու անվան վրացագիտության կենտրոնի ղեկավար, վրացագետ Հր. Բայրամյանի միայնակ գոյությունն այս փաստի խոսուն ապացույցն է): Այս իմաստով մեր գործն անհամեմատ կհեշտանա, եթե ջավախահայ ուսանողությունը տարբեր բուհերից հավաքվի "մեկ հարկի տակ"' Աշոցքում: Այս կենտրոնացումը լիարժեք հնարավորություն կընձեռի, որպիսի ջավախահայ ուսանողները կազմակերպված և համակարգված կերպով ուսումնասիրեն վրացերենը և բուհն ավարտելուց հետո մասնագիտությանը զուգահեռ տիրապետեն նաև լեզվին: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը իր' ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում հիմնել վրացագիտության ամբիոն, որտեղ իրենց վրացերենի իմացությունը կապահովեն ջավախահայ ուսանողները: Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն ջավախահայ ուսանողներին այդ ամբիոնի հետ ,կապելուե մեխանիզմները դեռևս պարզորոշ չեն: Իսկ Աշոցքում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է իր մեջ ներգրավի նաև վրացագիտության ամբիոնը, որը բոլոր ֆակուլտետների ու կուրսերի համար կարող է ապահովել վրացերենի դասախոսներով: Այս ոլորտի կադրերի ապահովման նպատակով հայկական կողմը կարող է բանակցել նաև Վրաստանի բուհերի հետ: Փաստորեն' ներկա պայմաններում նաև տեխնիկապես դժվարին գործը (ՀՀ բուհերում վրացերենի ուսուցումը ջավախահայ ուսանողների շրջանում) կարելի է մեր նախագծով հեշտությամբ իրականություն դարձնել: Իսկ Վրաստանի իշխանությունների կողմից վրացերենի իմացությամբ կադրերին գործի չընդունելը (ինչպես դա ներկայումս տեղի է ունենում Թիֆլիսի հայության պարագայում) կարելի է արդեն այլ կերպ ընկալել: Համենայն դեպս, հայկական կողմը սրանով շատ բան կարող է ապացուցել միջազգային հանրության շրջանակներում:
  • Կազմակերպելով ջավախահայերի ուսուցումը Աշոցքում, մենք ինչ-որ կերպ վերջիններիս "զերծ կպահենք" երևանյան հաճույքներից: Այս դեպքում վերջիններս ավելի շատ կկապվեն Ջավախքի (ճանապարհի անչափ կարճ լինելը հնարավորություն կընձեռի վերջիններիս' իրենց ջավախքյան այցելությունները դարձնել տասնապատիկ ավելի հաճախակի), քան երևանյան իրականության հետ:
  • Աշոցքում Հայ Կաթոլիկ եկեղեցու կողմից հիմնադրված "Տիրամայր Նարեկ" շքեղ հիվանդանոցը կարող է անհամեմատ հեշտացնել հիմնադրվելիք բուհում բժշկական ֆակուլտետի ուսանողների ուսուցումը, մյուս կողմից' կաշխուժանա նաև այս հիվանդանոցը:

Բոլորովին ավելորդ չենք համարում նշելու նաև, որ, Աշոցքում հայկական պետական բուհի հիմնումը կապահովի նաև Աշոցքի տարածաշրջանի զարգացումը, մասնավորապես.

  • Ուսանողության ներկայացվածությունը նոր կյանք կհաղորդի ամայացման փուլն ապրող Աշոցքին և հարակից շրջաններին
  • Կաշխուժանա առևտուրը
  • Կհիմնվեն ուսանողների համար անհրաժեշտ կենտրոններ (համակարգչային, պատճենահանման, սննդի, սրճարաններ, ժամանցի և մշակութային վայրեր)
  • Մինչ օրս 1,5 հազար ուսանողների' հիմնականում Երևան բերվող ոչ փոքր գումարները կթողնվեն Աշոցքի տարածաշրջանում
  • Կաշխուժանան Աշոցքի մշակութային, ինչպես նաև' մտավոր ոլորտները

Բուհի հիմնանը զուգահեռ ուսանողական հանրակացարանի հիմնումը նույնպես մեծ բարդությունների հետ չի կապված, քանի որ վերջինիս շինարարությունը կարող է իրականացվել նաև պետության հետ պայմանագիր կնքած շինարարական ընկերության միջոցով (այստեղ նկատի է առնվում շինության բերած որոշակի շահույթները): 

Ի վերջո' ժամանակն է վերհիշելու, որ հայ ժողովուրդը լեռների մեջ, ժայռերի գլխին հիմնել ու զարգացրել է հռչակավոր համալսարաններ: Դրանք հիմնվել են աներևակայելի դժվարությունների գնով, շատ ժամանակ' պետականության բացակայության և օտար ասպատակությունների պայմաններում: Բայց' հիմնվել են: Ներկայումս' զարգացող պետության, 21-րդ դարի տեխնոլոգիաների առկայության պայմաններում ի՞նչ մեծ դժվարություն կարող է առաջացնել մեկ ոչ այնքան մեծ բուհի հիմնումը: Չարժե անգամ խոսել այդ դժվարությունների մասին:

Սույն առաջարկն այնքան էլ նորություն չէ մերօրյա իրականությունում: Խնդիրն ուսումնասիրելով' նկատեցինք, որ 2009թ. դեկտեմբերի վերջին վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռու գտնվող Վրաստանի Լագոդեխի քաղաքում վրացական պետական բուհ հիմնելու առաջարկով են հանդես եկել Ադրբեջանի սահմաններում ապրող ինգիլոյները: Հավելենք, որ վերջիններիս թվակազմն այսօր մոտ 45.000 է, որից 15.000-ը' քրիստոնյա, 30.000-ը' մուսուլման: Ադրբեջանի ինգիլոյների վիճակը ծայրահեղ ծանր է: Վերջիններս ապրում են Ադրբեջանի երեք' Բելոկանի, Զաքաթալայի և Գախի շրջաններում: Վերջիններիս միայն 60%-ն է տիրապետում վրացերենին: Ահա նույնիսկ վրացերենի տիրապետման այսպիսի ցածր տոկոսային ցուցանիշով ինգիլոյները հանդես են եկել վերոբերյալ խելամիտ պահանջով: Ներկայումս Թիֆլիսի բուհական հաստատություններում սովորում են մոտ 100 ինգիլոյ ուսանողներ, որոնք նույնպես հետ չեն վերադառնում: Իսկ շատ ինգիլոյներ, ելնելով Թիֆլիսում սովորելու հետ կապված ֆինանսական դժվարություներից, ուղղակի չեն գալիս Վրաստան սովորելու: Վերոբերյալ պահանջով ինգիլոյները գտել են այս խնդիրների լուծման ամենահարմար տարբերակը:

Օրերս Վրաստանի դեսպանի հետ իր հանդիպմանը, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը բարձրացրեց Վրաստանի, ինչպես նաև բուն Ջավախքի կրթամշակութային կյանքին առնչվող մի շարք խնդիրներ: Ողջունելով այս փաստը, միաժամանակ' չենք շտապում լցվել լավատեսությամբ, քանի որ վրացական կողմի' այս ուղղությամբ ցուցաբերած երկարամյա կարծր դիրքորոշումը հազիվ թե փոփոխվի:

Մեր սույն առաջարկը, ինչպես վերևում արդեն նշեցինք, բնավ չի խանգարելու բանակցություններին: Ընդհակառակը' վրացական կողմը կարող է զգաստանալ և խմբագրել իր դիրքորոշումները: Առաջարկը եղած իրավիճակը փրկելու մի տարբերակ է, քանի որ Ջավախքի զանգվածային մշակութազրկումն ու հայաթափումը չեն սպասի ՀՀ-Վրաստան կրթամշակութային ոլորտում առկա բանակցությունների հաջողություններին:   

Վահե Սարգսյան

«ՄԻՏՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը