Քաղաքական

13.05.2019 23:35


«Գլխավոր բոբոն Նիկոլ Փաշինյանն է»․ Ռուբեն Սահակյան

«Գլխավոր բոբոն Նիկոլ Փաշինյանն է»․ Ռուբեն Սահակյան

Դավիթ Գրիգորյանը «դուխով» կամ հակառակը, «դուխից ընկած» չորս դատավորներից մեկն է, որոնք ժամանակին ինքնաբացարկ հայտնեցին`հրաժարվելով քննել Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցը, բայց հիմա կրակն իր վրա է վերցրել`համարձակորեն մտել է այդ պատասխանատվության տակ։

Ի՞նչ հիմքով էր ինքնաբացարկ ներկայացրել Գրիգորյանը, եւ ի՞նչ է փոխվել`այդ հիմքերը վերացե՞լ են։ Ինքնաբացարկի պատճառը զուտ տեխնիկական էր` մեր հարցին ի պատասխան, նկատեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը. «Բարձրագույն դատական խորհուրդը պարոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացրեց` այն բանի համար, որ հրաժարվել էր վարույթ ընդունել նախաքննական մարմնի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Որպես հիմնավորում, նշել էր`չեմ կարող վարույթ ընդունել, որովհետեւ իմ հերթապահության օրը չէր»։

Այսինքն` Գրիգորյանը խախտում թույլ չէ՞ր տվել, եւ ուրեմն` նրան անհի՞մն են կարգապահական տույժի ենթարկել։ «Այո՛, եւ պիտի որ դժգոհ լիներ այդ որոշումից, որովհետեւ իրեն հանիրավի պատժել են այդ գործի շրջանակներում»,-ասաց մեր զրուցակիցը։

Ինչո՞ւ այդ դեպքում հանգիստ, անգամ քողարկված գոհունակությամբ հայտարարեց այդ մասին։ «Չեմ կարող ասել` հանգիստ ընդունեց, թե՞ ոչ, բայց որ դժգոհելու պատճառ ունի`երկու կարծիք չի կարող լինել։ Եվ այդ դժգոհությունը կարող է տարածվել նաեւ մեր պաշտպանյալի վրա»,-պատասխանեց փաստաբանը։

Դավիթ Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմի հետ կապված`Ռուբեն Սահակյանը խնդիր չի տեսնում, բայց չի հավատում, թե օբյեկտիվ որոշում կկայացնի. «Չե՛մ հավատում ուղղակի։ Հանրապետությունում շատ քիչ դատավորներ կան, որոնց օբյեկտիվությանն, այս գործի հետ կապված, կարող եմ վստահել։ Ժամանակին ասում էին`դատավորները վախենում են Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից են վախենում, բայց ամենամեծ բոբոն Նիկոլ Փաշինյանն է»։

Ինչ վերաբերում է դահլիճից դուրս` միջանցքներում եւ դատարանի մատույցներում միջադեպերին, Քոչարյանի կողմնակիցների հետ բախումներ հրահրելու փորձերին եւ դատական նիստի հեռարձակմանը զուգահեռ Քոչարյանի դեմ «բողոքի ցույց» անող ֆեյքսբուքյան կեղծ կամ իրական օգտատերերի հայհոյախոսական գրառումներին, դրա մեղավորը`պատասխանատուն, մի մարդ է։ Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է. «Նրա մեկ խոսքը բավարար է բոլորի բերանը փակելու համար։ Այդ էր պակաս`մի բան ասի, եւ որեւէ մեկը փորձի հակառակն անել. տեղնուտեղը կծեփի պատերին, կփռի ասֆալտին, բկներից կբռնի, մի դեն կշպրտի»,-համոզված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը