Լրահոս

16.04.2010 12:03


Ժիրայր Սեֆիլյան. «Այդ աշխատանքը միայն ապագա իշխանություններն են անելու»

Ժիրայր Սեֆիլյան. «Այդ աշխատանքը միայն ապագա իշխանություններն են անելու»

-Այս իշխանությունների ապիկարությունը չափ ու սահման չունի։ Բոլորս հիշում ենք Սերժ Սարգսյանի շրջագայությունը, այն շոուն, որ կազմակերպվեց համայնքից համայնք թռչելով, և ես համոզված եմ, որ ովքեր հուշել են նրան այդ ծրագիրը, բոլորովին այլ նպատակներ են ունեցել. նրանց հիմնական նպատակը եղել է հայ ազգը երկփեղկելը,- Սփյուռքի տրամադրությունների վերաբերյալ «7օր»-ի հետ զրույցում ասել է  «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Նա համոզված է, որ Սերժ Սարգսյանն ըստ էության չի հասկանում, թե ինչ է անում, քանի որ իրականությունից և հայկականությունից շատ կտրված է, հետևաբար նրան ինչպես ուզում, այնպես ուղղորդում են։

Նա նշել է, որ միայն այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում ընդունեց Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին, Սփյուռքում արդեն ատելությամբ սկսեցին լցվել Հայաստանի հանդեպ. «Դժբախտաբար, Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանի ռեժիմի։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Սփյուռքում հետևյալ կարծրատիպն է ձևավորվել, որ հայաստանցիները ծախեցին Արևմտյան Հայաստանը, վաճառեցի՛ն, դավաճանեցի՛ն և այլն։ Դժբախտաբար, այս կարծրատիպը ձևավորվել է»։

Նա նշել է, որ լիբանանահայ համայնքն ամենադյուրագրգիռ համայնքներից է, և այնտեղի հայկական դպրոցներում, նույնիսկ փոքր դասարանցիների մոտ այդ կարծրատիպը կա։ Դրանում, Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, իր մեղքն ունի նաև Սփյուռքի ղեկավարությունը, որն իր ապիկարությամբ շատ չի տարբերվում Հայաստանի քաղաքական ղեկավարությունից.

-Եթե նրանք այս ռեժիմի ճշգրիտ գնահատականը տային և ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների առումով, այլ սկսած Քոչարյանի օրերից մինչև մարտի մեկ, և այդ բոլորի ճշմարիտ գնահատականը տրված լիներ, և ժողովուրդն ամեն ինչ հստակ իմացած լիներ, ապա նրանք կտրամադրվեին արդեն ոչ թե Հայաստանի և հայաստանցու դեմ, այլ Հայաստանում իշխող պարագլուխների,- ընդգծել է նա։

Ժիրայր Սեֆիլյանը նշել է նաև, որ Վուդրո Վիլսոնի շիրմի մոտ կանգնելով, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարների հետ հանդիպելով և սփյուռքահայությանը մի քանի սիրաշահական խոսքեր ասելով՝ այդ կարծրատիպը չի փշրվի. «Այդ կարծրատիպը փշրելու համար շատ ավելի մեծ աշխատանք է պետք, և այդ աշխատանքը նրանք չեն կարողանալու անել։ Այդ աշխատանքը միայն ապագա իշխանություններն են անելու, այսինքն՝ այս ռեժիմը պետք է փլուզվի գնա, նոր բարոյական հիմունքների վրա ձևավորված իշխանության երկարաժամկետ աշխատանքի շնորհիվ միայն կհաջողվի բացասական այդ կարծրատիպը փշրել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը