Լրահոս

16.04.2010 14:12


Բակո Սահակյան. «Դուք ընտրել եք չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք»

Բակո Սահակյան. «Դուք ընտրել եք չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ:

Գլուխ եմ խոնարհում համակարգի այն աշխատողների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:

Արդեն ավանդական դարձած այս տոնը լավ առիթ է արժևորելու կատարած աշխատանքն ու հետագա անելիքները, խորհելու բացթողումների ու ձեռքբերումների, թերացումները նվազագույնին հասցնելու, իսկ դրականը ամրապնդելու և զարգացնելու մասին:

Դուք ընտրել եք չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք, ինչից մեծապես կախված է մեր ժողովրդի հանգիստ ու անվտանգ առօրյան և որը միշտ գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Դա հատկապես կարևոր է ժողովրդավարության ուղին բռնած մեր երիտասարդ հանրապետության համար, և հենց դրանով են պայմանավորված այն պահանջները, որ դրված են Արցախի ոստիկանության առջև:

Քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, հանցավորության դեմ պայքարը այն խնդիրներն են, որոնց իրականացումը համակարգի յուրաքանչյուր աշխատակցից պահանջում է ամենօրյա քրտնաջան ու աչալուրջ աշխատանք, բարձր մասնագիտական պատրաստվածություն, քաղաքացիական կեցվածք ու մարդկային որակներ: Ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ այս խնդիրները հաջողությամբ լուծելու համար:

Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոստիկանների սոցիալական և աշխատանքային պայմանները բարելավելու, տեխնիկական վերազինումը արդիականացնելու, ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հարգելի ոստիկաններ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Այս խորագրի վերջին նյութերը