Աշխարհ

26.08.2019 16:30


Հայաստանում քրեական գործ են հարուցել Ռուսաստանից զենքի մատակարարման մրցույթի տապալման պատճառով

Հայաստանում քրեական գործ են հարուցել Ռուսաստանից զենքի մատակարարման մրցույթի տապալման պատճառով

Հայաստանում քրեական գործ են հարուցել «ծառայությանն անփույթ վերաբերմունքի համար»՝ զենքի մատակարարման մրցույթի տապալման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերություն:

Հանրապետության Պաշտպանության նախարարությունը մայիսին իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարել էր մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Որակավորման պահանջները կարողացել է բավարարել միայն ռուսական ORSIS-ը:

Շուտով հայտնի է դարձել, որ մրցույթը փակել են առանց պատճառների մասին հայտնելու: ORSIS-ը դիմել է վերաքննիչ հանձնաժողով եւ իրավաբանի, որը Հայաստանում ներկայացնում է նրա շահերը, որի արդյունքում հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին իրազեկվել է նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են քրեական գործի մասին տեղեկությունը:

«Ամբողջ լրացուցիչ տեղեկությունը կտրամադրվի քննչական մարմինների աշխատանքն ավարտվելուց հետո»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Գործի մանրամասները

ORSIS-ը «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» խմբի մասն է եւ մի քանի տարի շարունակ Երեւան զենք, փամփուշտներ եւ օպտիկա է մատակարարել: Ընկերությունից հայտարարել են, որ հիմա այն սեւ ցուցակում է: «Գերատեսչությունից (հայկական – խմբ.) հայտարարել են, որ մենք չենք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչն իրականությանը չի համապատասխանում: Դրանից հետո մենք մի քանի շաբաթ շարունակ տվել ենք ամբողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես մեր գործակալներից պահանջել է Պաշտպանության նախարարությունը: Արդյունքում մեզ ասել են, որ մենք իբր չենք ներկայացրել որոշ կետերով ընդունման-հանձնման ակտերը»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պահանջել է մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիքների վճարում, չնայած օրենքով դա հնարավոր է միան այն դեպքում, եթե ընկերությունը շահել է մրցույթը եւ ինքն է հրաժարվել պայմանագիրը ստորագրելուց:

«Մենք դիմել ենք վերաքննիչ հանձնաժողով. փաստաթղթեր են պահանջել, որոնք արդեն ընդհանրապես մրցույթի հետ ոչ մի ուղղակի կապ չունեին, եւ վերջին պահին հայտարարել են, որ մի քանի փաստաթղթեր չկան, որոնք իրականում մենք ներկայացրել ենք: Ընդ որում՝ վերաքննիչ հանձնաժողովի արձանագրության վրա դրել են «գաղտնի» դրոշմը, չնայած բուն մրցույթը փակ էր, բայց գաղտնի չէր»,- մանրամասներ է ներկայացրել ընկերության ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանում փամփուշտի գործարանի կառուցման նախագծի տապալմամբ: Նախատեսվում էր, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը