Մեկնաբանություն

27.08.2019 10:23


Ասաց, հո չարե՞ց

Ասաց, հո չարե՞ց

Փաշինյանի սիրած զբաղմունքը` ուտելուց եւ «կենսական» այլ գործերից առա՞ջ, թե՞ հետո, չգիտեմ, խոսելն է։

Ինչ դարձել է վարչապետ, խոսում է, խոսում, խոսում ու չի կշտանում։ Այնքան շատ է խոսում, այնքան հաճախ` լեզվին զոռ տալու որեւէ առիթ բաց չթողնելով, որ երեւի ինքն էլ չի հիշում` ինչ է ասել նախորդ ու նախորդի նախորդ ելույթներում։

Խոսում է երկար եւ ներշնչանքով, շատ դեպքերում կրկնվում է, հանգերգի պես կրկնում «ուղենիշային» ֆրազները, որ ուզում է «մեխել» հանրային գիտակցության մեջ`դաջել դիմացինի ուղեղում, սրտում եւ հիշողության մեջ։ Կողքից նայելիս կամ լսելիս կարելի է կարծել, թե հավատում է իր ասածներին։

Դրանցից մեկը «համազգային նոր կարգախոսն» է, որ բարձրաձայնեց շաբաթ օրը Ծաղկաձորում «Քայլ դեպի տուն» ուսումնամարզական ծրագրի փակման արարողության ժամանակ`Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է. «Մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ` ունի նաեւ ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, եւ անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ»։

Փաշինյանը գեղեցիկ խոսքեր ասաց «ազգային ավանդույթների եւ արժեքների» մասին. «Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետեւ Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, եւ այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը», «Մենք իրար հետ վճռական ենք` կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի», «Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն»։

Եվ դրա համար «մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարեւորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը` մեր օջախը, եւ այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում»,- հայտարարեց նա։

Ցավոք, չհստակեցրեց` «պատերը վերացնել» ասելով հատկապես ի՞նչ նկատի ունի։ Քանդե՞լ պատերը, թե՞ հակառակը` նոր ջրբաժաններ գծել, բաժանել մարդկանց մերոնց ու ձերոնց, սեւերի եւ սպիտակների՞։ Այնպես, ինչպես սեր եւ համերաշխություն քարոզելով` վերցրեց իշխանությունը եւ տեղնուտեղը վհուկների որս սկսեց, ստեղծեց թշնամու կերպար` ի դեմս «նախկինների», եւ հասարակությունը դարձրեց ներքին առճակատման պատանդ։

Չասաց`երբ հանրապետության երկրորդ նախագահին մատից ծծած մեղադրանքով «փակելու» քաղաքական որոշում էր կայացնում, ազատ արձակվելուց հետո ապօրինաբար սահմանափակում նրա ազատ տեղաշարժի հնարավորությունը`չունենալով դրա իրավասությունը, իր սրտի դատավոր Պողոսի, կներեք` Դանիելյանի միջոցով երրորդ անգամ կալանավորելու սանկցիա տալիս, դա ի՞նչ էր։ Այդպե՞ս է կյանքի կոչում «անհատին բոլոր ուղղություններով անսահանափակ հնարավորություններ տալու», «ամեն տարվա հետ ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն» կառուցելու իր տեսլականը։

Նաեւ չմանրամասնեց` ի՞նչ հասկանալ «հայկական օջախը» նորովի կառուցելու տակ. որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցն այլեւս դո՞ւրս է գալիս «ազգային» օրակարգից, թե՞ հակառակը` ներգրվում է «այլեւս ոչ մի սահմանափակում» առաձգական ձեւակերպման մեջ։

«Ես ձեզ, մեզ, բոլորիս տեսնում եմ որպես այդ ազատ եւ երջանիկ Հայաստանի քաղաքացի։ Եվ ուրեմն, մենք բոլորս ազատ եւ երջանիկ Հայաստանի քաղաքացիներ ենք՝ անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե ոչ», «մենք ապրել ենք, ապրում ենք եւ պիտի ապրենք Հայաստանով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ապրում եք Հայաստանով»,- հայտարարեց նա։

Եվ դարձյալ շրջանցեց` ընտանիքի հայրը, ինչպիսին ինքն է, իր պատկերացմամբ՝ ո՞նց կարող է ընդգծված խտրական վերաբերմունք դրսեւորել «յուրայինների» նկատմամբ, մեկին «երես տալ, նստեցնել գլխին», մյուսին հետապնդել եւ դարձնել քավության նոխազ։

Ի վերջո, այդ «բոլորի» մեջ իր ասած «մենք»-ից` իրենից, իր լաքեյներից, կողմնակիցներից ու զոմբիներից բացի՝ էլի ինչ-որ մեկը մտնո՞ւմ է։

Նրանք, ում երազում է բոմժ սարքել` կուլակաթափ անել, այնպես որ, բացի «պեռաշկի ուտելուց», այլ բանի ո՛չ հավես ունենան, ո՛չ հնարավորություն եւ մտքի ծայրով անգամ չանցկացնեն «լրատվամիջոցներ ունենալ եւ լրագրողներ պահել», իր ստատուսները դիսլայք անողները, դրանց տակ տհաճ մեկնաբանություններ գրողները, մի խոսքով` ընդդիմախոսները երջանիկ լինելու, Հայաստանում եւ Հայաստանով ապրելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը