Կարծիք

29.08.2019 08:25


«Ուղիղ ժողովրդավարության» թակարդը

«Ուղիղ ժողովրդավարության» թակարդը

Հայկական հեղափոխության-իշխանափոխության ժամանակ, երբ պետք էր զանգվածների ճնշմամբ փոխել իշխանությունը, այդ երևույթին պետք էր ինչ-որ կերպ լեգալ՝ իրավական հիմք տալ։

Սահմանադրության այն անփոփոխ թեզը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Կարելի է ասել, որ իշխանությունը ժողովուրդն է ձևավորում ընտրությունների միջոցով, և այն կազմավորվում է ներկայացուցչական եղանակով՝ ժողովուրդն ընտրում է խորհրդարան, որն իր հերթին ձևավորում է կառավարություն, իսկ ճնշման բոլոր մնացած եղանակները լեգալ չեն, այսինքն՝ անօրինական են, առավել ևս, որ «հեղափոխության առաջնորդն» ընդունել էր այն ժամանակվա խորհրդարանի լեգալությունը և վերցրել էր մանդատը։

Մյուս մեկնաբանությունն այն է, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, և այն ժամանակ գործող խորհրդարանը, լինելով լեգալ, արդեն լեգիտիմ չէ, այսինքն՝ չի արտահայտում ժողովրդի իղձերը. վկան հարյուր հազարավոր ցուցարարներն են։ Այդ թեզը հիմնավորելու համար դաշտ նետվեց «ուղիղ ժողովրդավարության» թեզը՝ «կառավարության դուռը» ժողովրդի դուռն է, և ինչ կուզեն՝ կանեն այդ դռան հետ։

Փորձենք հասկանալ, թե ինչ է ներկայացնում «ուղիղ ժողովրդավարություն» հասկացությունը և ինչով է տարբերվում «ներկայացուցչական ժողովրդավարությունից», և որքան ժամանակ է Հայաստանը կառավարվելու «ուղիղ ժողովրդավարությամբ»։

«Ուղիղ ժողովրդավարություն»

Ուղիղ ժողովրդավարությունը որոշումների ընդունման այն համակարգն է, որտեղ քաղաքացիներն ուղղակիորեն ներգրավված են որոշումների ընդունման գործում, և այն ավելի բնորոշ է եղել հին ժամանակներին, երբ հրապարակում հավաքվում էին հին հունական պոլիսների՝ բնակավայրերի քաղաքացիները և ուղղակի քվեարկությամբ որոշումներ ընդունում։ Ժամանակի ընթացքում, հատկապես մեծ երկրներում, նման մեխանիզմներն անհնարին դարձան, ինչի համար այն փոխարինվեց «ներկայացուցչական ժողովրդավարությամբ», այսինքն՝ ընտրվում են պատգամավորներ, որոնք ժողովրդի անունից որոշումներ են կայացնում։

Սակայն մինչ այժմ ուղիղ ժողովրդավարության ինստիտուտը շատ երկրներում է օգտագործվում, հատկապես Շվեյցարիայում։

Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմները

Ժամանակակից աշխարհում շատ ժողովրդավարական երկրներում գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք բնորոշ են ուղիղ ժողովրդավարությանը: Դրանց միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում ուղղակիորեն մասնակցելու երկրի կառավարմանը և նախաձեռնելու օրենսդրական օրինագծեր:

Դրանք են.

  • հանրաքվեները, երբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվում է համաժողովրդական քվեարկություն,
  • հանրային քննարկումները, որոնց ընթացքում քաղաքացիների խմբերն իրավունք ունեն խորհրդարան ներկայացնել իրենց առաջարկները՝ պահելու համապատասխան ընթացակարգերը, որոնք պարտադիր են խորհրդարանում քննարկման համար,
  • իմպերատիվ մանդատ՝ կոնկրետ պատգամավորի ընտրողներն իրավունք ունեն որոշակի ձայներ հավաքելու դեպքում պարտադրել իրենց պատգամավորին քվեարկել իրենց ցանկալի եղանակով կամ խորհրդարանում հարց բարձրացնել՝ ըստ իրենց ցանկության, կամ անգամ հետ կանչել իրենց պատգամավորին և ընտրել նորին։

Շատ երկրներում նման մեխանիզմները բացակայում են կամ բարդացված են, ինչպես Հայաստանում հանրաքվեի կազմակերպումը։ Առհասարակ, Հայաստանի Սահմանադրության մեջ նման մեխանիզմները կա՛մ բացակայում են, կա՛մ բարդացված են։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի համար ուղիղ ժողովրդավարության գաղափարն անընդունելի էր, և նոր Սահմանադրության մեջ հանրաքվեների մեխանիզմը, ըստ էության, անիրականանալի է դարձել։

Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներն ամենաշատը կիրառվում են Շվեյցարիայում։ Օրինակ՝ Շվեյցարիայում յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքացիների խումբ, կուսակցություն, արհմիություն և ցանկացած կազմակերպություն իրավունք ունի խորհրդարան օրինագիծ ներկայացնել կամ էլ նախաձեռնել հանրաքվե։ Բնականաբար, որոշակի ընթացակարգերի և կանոնների պահպանմամբ։ Շվեյցարիայում տարեկան միջինը 4 հանրաքվե է անցկացվում։

Ուղիղ ժողովրդավարության հիմնական պահանջներից մեկը քաղաքացիների քաղաքական մշակույթին տիրապետելն է ու բարձր գիտակցություն ունենալը։ Շվեյցարացիները համարվում են քաղաքականության մեջ ամենաակտիվ կերպով ներգրավված քաղաքացիները։

Հայկական «ուղիղ ժողովրդավարությունը»՝ բրոունյան շարժում

«Հայկական ուղիղ ժողովրդավարությունը» ոչ թե սահմանադրական, այլ քարոզչական թեզ է, որն օգտագործվում էր իշխանափոխությանն իրավական երանգ տալու համար։ Նման մեխանիզմ, որը լինի ոչ թե հռչակագրային, այլ իրականանալի, Սահմանադրության մեջ առկա չէ (քանի որ նախ այն բարդեցված է, իսկ մյուս կողմից, հանրաքվեի համար պետք է ԱԺ համաձայնությունը, այսինքն՝ իշխող ուժն այն կարող է բեկանել), սակայն ապրիլից հետո ստեղծված իրավիճակում այն տարերային կերպով գործում է. բնակիչները վերջնագիր ներկայացնելով՝ փակում են փողոցները։

Մինչ իշխանափոխությունը Հայաստանում ներկայուցուցչական ինստիտուտների հանդեպ հանրային վստահություն գոյություն չուներ, և իրավիճակի փոփոխությունը կարող էր տեղի ունենալ զուտ հանրության ուղիղ միջամտությամբ՝ վիրահատական մեթոդներով, որի արդյունքում հրապարակն ընտրեց վարչապետ և պարտադրեց խորհրդարանին դա իրականացնել։

Մյուս կողմից, «ուղիղ ժողովրդավարությունը» Հայաստանում ֆորմալիզացված ու ինստիտուտացված չէ և գործում է տարերային եղանակով։ «Ժողովրդի իշխանությունը» ուղիղ ժողովրդավարությանը իրավական տեսք չտվեց և չընդունեց հանրաքվեների մասին նոր օրենք։

Հասկանալի է, որ հանրային կարծիքը դարձել է քաղաքական գլխավոր գործոնը, և հանրության վստահությունը կորցնելու դեպքում գործող կառավարությունը կկորցնի նաև իշխանությունը, և գործի կդրվի «ներկայուցչական ժողովրդավարության» գործող ինստիտուտը՝ խորհրդարանը։

Ամուլսարի դեպքերի կապակցությամբ շատերը հանրաքվե են պահանջում՝ մոռանալով, որ մինչ այդ պետք է պահանջեին հանրաքվեի մասին նոր օրենք, իսկ գործող կառավարությունը փորձում է դրան հակադրվել այն բանաձևով, որ առաջ իշխանությունը ժողովրդինը չէր, դրա համար ճիշտ էր կառավարության վրա ճնշումներ գործադրել, սակայն այժմ «իշխանությունը ժողովրդին է պատկանում», և այդ պատճառով չի կարելի ճնշել կառավարությանը։

«Ջինը շշից բաց է թողնվել», և գործող իշխանությանը վստահելու կոչերն անիրականանալի են։ Կառավարությունն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ վերադառնալ նախկին կառավարության գործելակերպին ու ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, ինչին արդեն ականատես ենք եղել, կա՛մ կատարի իր «հեղափոխական» խոստումը և ընդունի հանրաքվեի մասին նոր օրենք։ Հռչակված «ուղիղ ժողովրդավարությունն», առանց դրա իրականացման մեխանիզմի, առաջացնում է քաոս և բրոունյան շարժում, որը երկրում անկառավարելի իրավիճակ է ստեղծում։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը