Հարցազրույց

22.04.2010 18:29


Սեյրան Մարտիրոսյան

Սեյրան Մարտիրոսյան

Հարցազրույց Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար Սեյրան Մարտիրոսյան

-Հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակը՝ ինչպիսի՞ գնահատական կտայիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա  փուլին։

-Իմ գնահատականով մենք լավ փուլում չենք։ Այս ամբողջ տարին մեզ ցույց տվեց, որ այդ ամենը մեծ ցանկությունից, մեծ ճնշումներից և երկրի ներսի խնդիրներից ուշադրությունը շեղելու հետևանք էր, ոչ թե սթափ վերլուծությունների  և մտածողության արդյունք: Ես ավելի կողմ էի, որ այս գործընթացն սկսվեր մի 5 տարի հետո, հիմա պետք է լինեին նախապատրաստական աշխատանքներ և ավելի շուտ ժողովրդական և ժողովրդավարական դիվանագիտությամբ ազգին նախապատրաստելու համար:

-Այդ դեպքում Հայաստանն ինչո՞վ է դուրս գալիս այս գործընթացից։

-Մենք դուրս եկանք չշահած վիճակում: Այս տարին կարելի է համարել կորուստների տարի՝ նախորդ տարի նույն այսօրվա հրապարակված ճանապարհային քարտեզով սկսած և մյուս բոլոր տհաճ իրադարձություններով վերջացրած, որոնք մեզանից պահանջեցին շատ մեծ ռեսուրսներ ու ջանքեր, սակայն նրանց օգտակար գործողության գործակիցը շատ ցածր դուրս եկավ: Էլի մենք սկսեցինք խոսել մեր բարոյական հաղթանակների, քաղաքակիրթ աշխարհում մեր լավ երևալու, թուրքերի՝ վատ կերպարով երևալու մասին, որը, ըստ իս, առանձնապես այդպես չի:

-Գործընթացի հնարավոր տապալման հիմնական մեղավորն իշխանությունների կողմից համարվում է Թուրքիան, Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Այդ երկիրը շատ հստակ ռազմավարություն ունի, յուրաքանչյուր պահի համար նախատեսված մարտավարություն, պահեստային տարբերակներ և մի շարք այլ՝ նորմալ պետությանը բնորոշ հատկանիշներ ու ունակություններ: Հնարավոր է, որ թուրքերը նույնիսկ ի սկզբանե պլանավորել էին գործընթացի ձախողումը, չէ՞ որ ոչ միայն հաջողություններն են պլանավորում, այլ նաև ձախողումները: Թուրքիան իր առաջ խնդիր էր դրել աշխարհին ցույց տալ, որ ինքը ժողովրդավար երկիր է, պատրաստ է համագործակցության և այլն: Բացի այդ, հայերի հետ կապված իր խնդիրները լուծեց։ Պատահականությո՞ւն է արդյոք այն, որ ճանապարհային քարտեզի մասին «ավետում» են ապրիլի 24-ից անմիջապես առաջ։ Նույնիսկ արձանագրությունների նախաստորագրման օրը պատահական չէր. Թարգմանչաց տոնի օրն էր: Այս ամենը կա՛մ մեր ապաշնորհության, կա՛մ բավարար չափով չտեղեկացվածության մասին է վկայում:

-Այսինքն, Թուրքիան հայ-թուրքական գործընթացով որոշակի առումով լուծել է իր առաջ դրված խնդիրները: Իսկ այս առումով Հայաստանի համար ի՞նչ կասեիք:

-Միանշանակ որոշ առումով Թուրքիան այս պահին իր առաջ դրած մի շարք խնդիրներ լուծել է: Իսկ Հայաստանը շահեց այն, որ հաճախակի սկսեց հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստանին, «Եվրոնյուզով» էին ցույց տալիս և այլն: Այդ ընթացքում մենք հնարավորություն ունեինք գոնե մեր խոսքն ասել աշխարհին, որը չարեցինք: Մենք եղանք այն հուզված կողմը, որն անհագուրդ կերպով շնորհակալություն է հայտնում բոլորին՝ գերագնահատելով իր վրա կենտրոնացած ուշադրությունը:

Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը

Այս խորագրի վերջին նյութերը