Քաղաքական

05.09.2019 13:28


Յուրա Իվանյանը և Սամվել Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում են գրել

Յուրա Իվանյանը և Սամվել Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում են գրել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը եւ ՔԿ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել։

Նշենք, որ մեզ հաջողվեց կապ հաստատել միայն Սամվել Ավետիսյանի հետ, ով մեր հարցին՝ արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ ինքն ազատվել է աշխատանքից, պատասխանեց. «Ես չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանի հետ, ով, սակայն, անհասանելի էր։

Հավելենք, որ ՔԿ նախագահի տեղակալն աշխատանքից ազատվում է վարչապետի որոշմամբ։ Նման որոշում այս պահին կառավարության կայքում առկա չէ։ Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին, նա աշխատանքից կարող է ազատվել ՔԿ նախագահի որոշմամբ։

Սամվել Ավետիսյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ էր նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ: 2018 թվականի օգոստոսից էլ Յուրա Իվանյանը զբաղեցնում էր ՔԿ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը։

Այս խորագրի վերջին նյութերը