Կարծիք

18.09.2019 15:52


«Ծռերի» հետ «մերձեցման» պտուղները

«Ծռերի» հետ «մերձեցման» պտուղները

«Բարեւելով» եւ «սերդեչնի պրիվետ» փոխանցելով պետական մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորած եւ (կամ) իրականացրած տեռորիստական խմբի լիդերներին, որ «քաղաքական իրավիճակի փոփոխության» արդյունքում հայտնվեցին ազատության մեջ՝ Փաշինյանը լեգիտիմացրեց ծայրահեղականությունը եւ զենքով հարցեր լուծելու «քաղաքական մշակույթը»։

«Մերձեցման երեկոյի» հետեւանքները չուշացան։
ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի «երկար սպասված» հրաժարականներն այդ «պատմական» հանդիպման ծաղիկներն են։
Կառավարման համակարգը «նախորդ հանցավոր ռեժիմի մնացուկներից»` պրոֆեսիոնալներից եւ չափավոր թեւի ներկայացուցիչներից մաքրելու, «փափուկ» ռեպրեսիաներից կացնային մեթոդների անցնելու «ծուռ» քաղաքականության պտուղները դեռ առջեւում են։

Հերթի մեջ է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որ Նիկոլի քմահաճույքներին, «տարերային, հախուռն» որոշումներին, սպայի պատվին եւ արժանապատվությանն արմատապես հակասող գործողություններին հարմարվելու ողջ պատրաստակամությամբ հանդերձ, Արցախի հարցում ունեցած իր «կարծրատիպային» մտածելակերպով օրգանապես օտար է «իմքայլական» ռեժիմին։ Ճիշտ այնպես, ինչպես ԿԲ նախագահը, ֆինանսների նախարարը, իներցիայի ուժով իրենց մասնագիտական պարտքը լուռումունջ կատարող մնացած սուբյեկտները։

Նախորդ «հանցավոր իշխանության» հիերարխիայում պատասխանատու դիրքեր զբաղեցրած Ֆելիքս Ցոլակյանին հերթը կհասնի՞ կամ երբ կհասնի` դժվար է ասել. սա մյուսներից ավելի լավ է հարմարվում «շրջապատին» եւ կարող է էլի միառժամանակ մնալ ջրի երեսին։ Բայց որ բոլորի վերջը «հեռացումն» է` կարելի է չկասկածել։
Եվ սա ինչ-որ տեղ ողջունելի է։

Մինչեւ հպարտ Պողոսն ու իր բազմամարդ անգրագետ ընտանիքն իր կաշվի վրա չզգան «ծռերի» եւ հհշական-սորոսա-նիկոլական թերմացքի «ամբողջական կառավարման» վնասները, տեղը չի բերի` ինչ կեղտի մեջ է խրվել մինչեւ ականջները՝ իշխանությունը սկուտեղի վրա մատուցելով լուսանցքային դաշտում գործող մարգինալների «կոալիցիային»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը