Հարցազրույց

28.04.2010 16:32


Հեղինե Բիշարյան

Հեղինե Բիշարյան

Հարցազրույց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ

-Ի՞նչ նպատակով է ՕԵԿ-ը որոշել Տնտեսական վերլուծական, ռազմավարական  կենտրոն ստեղծել։

-Տնտեսական վերլուծությունների կատարման համար։

-Ինչո՞ւ հենց հիմա նման խնդիր առաջացավ։

-Հենց հիմա չէ։ Եթե դուք ուշադիր եք, մենք երբ մեր նախարարների փոփոխությունը կատարեցինք, ասացինք, որ կուսակցությունում ուժեղացնում ենք քաղաքական և տնտեսական բլոկը։ Եվ հիմա ուղղակի ստեղծում ենք այն խումբը, որը պետք է աշխատի այդ բլոկի վրա, որը կուսակցությանը նաև հնարավորություն կտա՝ իր կողմից առաջադրվող նախագծերի կամ վարած քաղաքականության մեջ ճիշտ ճանապարհ ընտրի և ճիշտ ուղղությամբ տանի այդ տնտեսական խնդիրները։

-Իսկ կարելի՞ է ասել, որ ՕԵԿ-ին կառավարության ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությունը չի գոհացնում, և հանդես է գալու իր սեփական ուղեգծով ու առաջարկություններով։

-Նման բան չկա։ Ես ուղղակի չեմ ուզում տուրք տալ այդպիսի գուշակություններին։ «Օրինաց երկիրն» ինքն իր էությամբ անհանգիստ քաղաքական ուժ է, և իր անհանգստությամբ անընդհատ պրպտում է նոր բաներ, նոր ուժեր, աշխատանքի համար ավելի լայն սֆերա, որով կկարողանա իր այն բլոկները, որոնք ստեղծվել են կուսակցությունում, շատ ավելի գրագետ առաջնորդվեն և կուսակցությանը հնարավորություն տան ճիշտ տանելու այդ քաղաքական գծերը՝ տնտեսական և քաղաքական։

-Ինչո՞ւ ՕԵԿ Տնտեսական վերլուծական, ռազմավարական  կենտրոնի ղեկավար ընտրվեց հենց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

-Որովհետև նա լուրջ, գրագետ անձնավորություն է, շատ կոմպետենտ է այդ առումով, ուստի և որպես կուսակցության անդամի՝ քաղաքական խորհուրդը որոշեց նրա՛ն նշանակել տնտեսական բլոկը կառավարելու, վերլուծություններ կատարելու համար։ Նա մենակ չէ, նրա հետ են նաև Գուրգեն Սարգսյանը և այլք, որոնք լուրջ պատկերացում ունեն տնտեսության մասին։ Եվ նրանք կկառավարեն այդ բլոկը։

-Գագիկ Մակարյանը ո՞ր թվականից է ՕԵԿ անդամ։

-Թվականն այս պահին չեմ հիշում, բայց բավական երկար ժամանակ է՝ կուսակցության անդամ է։

-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵկ-ը հանդես էր գալիս փոքր և միջին բիզնեսի շահերից։ Հետո ուրիշ գործընթացներ եղան։ Այսօր մասնագետներից շատերը պնդում են, որ այդ ոլորտը կաթվածահար վիճակում է...

-Ա՛յ երբ մեր տնտեսական բլոկը կաշխատի, իրենք վերլուծություններ կանեն, այդ մասին կխոսեն, դուք ՕԵԿ դիրքորոշումներն այդ մասին կլսեք։

-Այդուհանդերձ,  որպես կոալիցիոն կուսակցության անդամ, ՕԵԿ-ը ՓՄԲ ոլորտի տապալման հարցում մեղքի իր բաժինն ընդունո՞ւմ է։

-Ես չեմ կարծում, որ դա տապալված է։ Տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել ընդհանրապես գործարար աշխարհի վրա, և այդտեղ, բնականաբար, տուժում են ոչ միայն փոքր և միջին բիզնեսը, այլև ընդհանրապես բոլոր տնտեսվարող սուբյեկտները։ Այդ առումով պետք է ճիշտ տալ գնահատականը։ Եվ երևի թե հենց «Օրինաց երկրի» մտահոգություններից մեկն այն է, որպեսզի աջակցի, է՛լ ավելի սատարի, որի համար հենց տնտեսական բլոկը (այդ ուղղությունն ուժեղացնելը հենց կուսակցության մեջ, որպեսզի կուսակցությունը ճիշտ կարողանա այդ տնտեսական խնդիրների լուծումները տալ, առաջարկել և տանել առաջ) զուտ այդ առումով էլ ձևավորվել է։

-ՕԵԿ քաղխորհուրդը որոշել էր նաև, որ ԱԺ պատգամավոր Ստեփան Ասլանյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն վայր դնի պատգամավորական մանդատը:  Ի՞նչ աշխատանքի է նա անցնելու։

-Ի՛նքը կորոշի։ Առաջարկությունները տարբեր են, ինքը կորոշի, թե որն է ընտրում։

-Այսինքն, դեռ որոշված չէ՞, թե ինչ աշխատանքի է անցնելու։

-Չէ՛, այս պահին ինքը պետք է որոշի։ Կան 2-3 առաջարկներ։ Ինքը որը կընտրի՝ այդ աշխատանքին էլ կանցնի։

-Այդ աշխատանքներն ՕԵԿ-ի ներսո՞ւմ պետք է իրականացնի։

-ՕԵԿ-ի ներսում ինքն իր աշխատանքներն ունի։ Երևի թե մասնավոր սեկտորում։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը