Քաղաքական

23.09.2019 18:07


Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել իմ նկատմամբ. պահեստազորի սպա

Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել իմ նկատմամբ. պահեստազորի սպա

Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել ՊՆ սպայի նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին: Սպայի բողոքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տուժող պահեստազորի սպան՝ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը:

«Կոտայքի մարզպետի կողմից մարզում միջնակարգ դպրոցների կառավարման խորհուրդներում փորձել են ընդգրկել «Ելք»-ի կուսակիցներին և տվյալ համայնքների հետ կապ չունեցող անձանց, և ես պարզապես պարզաբանումներ էի պահանջում: Ես՝ որպես «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, պարբերաբար գրություններ եմ ուղարկել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ասել եմ՝ ի՞նչ իրավունքով եք համայնքներին չառնչվող անձանց ընդգրկում համայնքների միջնակարգ դպրոցների կառավարման խորհրդի կազմում: Նպատակը շատ պարզ էր՝ ուզում էին կառավարման խորհրդի միջոցով դպրոցների տնօրեն նշանակել իրենց ցանկալի մարդկանց»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում դպրոցի տնօրեն է ընտրվել աղանդավորական ուղղվածություն ունեցող անձ: Հովհաննիսյանը փորձել է ճշտել, թե ովքեր են կառավարման խորհրդի կազմում ընդգրկված, սակայն Կոտայքի մարզպետը, Մրգաշենի գյուղապետը, իրավաբանական բաժնի պետի օգնականը խնդրել են, որ Հովհաննիսյանը հանդիպի մարզպետի հետ, բայց ինքը չի համաձայնել:

«Նաև ինձ տեսնելու ցանկություն է հայտնել մարզպետի եղբայրը: Հասկացել եմ, որ ցանկությունն այլ ոճի պետք է լիներ: Պատահաբար մենք հանդիպել ենք և վերջինիս կողմից իմ նկատմամբ տեղի է ունեցել բռնության դեպք: Եղել են մարմնական վնասվածքներ, գույքի դիտավորյալ վնասում: Իր մեքենայով ընթացքի ժամանակ դիտավորյալ հարվածել է իմ մեքենային: Դրանից հետո հնչեցրել են սպառնալիքներ, որ մենք դեռ կհանդիպենք»,-պատմեց նա:

Սպան նշեց, որ դեպքից հետո ինքը ոստիկանություն և դատական բժշկի է դիմել: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ժամանակ զանգ է ստացել Կոտայքի մարզպետի օգնականից. վերջինս ընդունել է, որ մարզպետի եղբայրը իրեն կոռեկտ չի պահել և խնդրել է, դեպքին ընթացք չտալ:

«Ես ասացի, որ նոր Հայաստանում հանցագործ վարքի տեր անձանց հետ միայն իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և խնդրել եմ՝ այլևս ինձ չզանգահարել: Դրանից հետո մարզպետը, օգտագործելով վարչական լծակները, արձագանքել է դեպքին, նշելով, թե ես սադրում եմ, իմ հետևում մութ ուժեր կան և պաշտոն ստանալու ակնկալիք եմ ունեցել»,-ասաց Գևորգ Հովհաննիսյանը:

«Մարզպետին ձեռք չի տալիս, որ Կոտայքի մարզում ինքնուրույն իրավաբանական կազմակերպություն կա: Այդ պատճառով էլ այս դեպքն են կազմակերպել: Հիմա այս քրեական գործի շրջանակներում Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց կառավարման խորհրդում նրա լիազորությունները չեն դադարեցվել: Այսինքն՝ այս միջադեպի բուն սկզբնաղբյուրը չի չեզոքացվում»,-ամփոփեց Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը