Կարծիք

28.09.2019 10:20


Տնտեսական ամառվա ավարտը

Տնտեսական ամառվա ավարտը

Հրապարակվեցին մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Բնականաբար՝ նախնական տեսքով:

Առաջին տվյալը, բնականաբար, ամենասիրելին է բոլորի և ամենահպարտանալին իշխանությունների համար: Խոսքը Տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին է: Երկու հրապարակումները` հունվար–հունիս և հունվար–հուլիս մի տեսակ կասկածելի էին իրենց 6.8 և 6.5 տոկոս դրույքաչափով: Հունվար–օգոստոսի համար արձանագրվել է «բաղձալի» 7 տոկոսանոց ցուցանիշ:

Հիշեցնենք, որ մեր վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտն ամփոփում է միայն եռամսյա կտրվածքով: Ուստի այս հաշվետվության մեջ գյուղատնտեսության թվերը բացակայում են: Իսկ ՏԱՑ-ի նման աճ հնարավոր է եղել արձանագրել տնտեսության մյուս ոլորտների աճի հաշվին:

Ըստ մակրոտնտեսական թվերի՝ արդյունաբերական արտադրանքը աճել է 9.5 տոկոսով: Եւ սա այն պարագային, որ Ամուլսարը դեռ սար է և իր ներդրումը չունի բաց ու փակ հանքարդյունաբերության զարգացման ոլորտում: Հետևաբար կարելի է ենթադրել, որ այս ոլորտի աճն ապահովվել է մշակող արդյունաբերության ակտիվացման հաշվին: Հետագա տնտեսական վիճակագրական տվյալների հրապարակումը հավանաբար կապացուցի այս պնդումը:

Բավական համեստ է մյուս ոլորտի` շինարարության աճի ցուցանիշը` 4.4 տոկոս: Այս ոլորտի համեստ վիճակը հունվար-փետրվարյան «թռիչքից» հետո չի կարգավորվում: Այն իր աճի տեմպով երկու անգամ զիջում է առևտրի շրջանառությանը, որ այս անգամ ուղիղ 9 տոկոսանոց աճ է գրանցել: Մեր վիճակագրությունը առևտրի ոլորտը տարանջատել է ծառայությունների ընդհանուր ոլորտից: Տարանջատել է՝ արդյունքում ստանալով ծառայությունների աճը 15.5 տոկոս: Սա տարվա համար ռեկորդային ցուցանիշ չէ: Նախորդ ամիսներին 15.6 ցուցանիշ էլ է եղել:

Այսքանով ավարտվում են մակրոտնտեսական «զիլ» թվերը: Մնացած ոլորտները, որ հիմնականում աճ են արձանագրել` ավելի համեստ թվերով են ներկայացված: Օրինակ արտաքին ապրանքաշրջանառությունը՝ իր 2 տոկոսանոց աճով: Այստեղ, իհարկե, մեկ կարևոր երանգ էլ կա, որը պետք է դրական գնահատել: Արտահանման աճը առաջանցիկ է ներմուծման նկատմամբ: Արտահանումը 4.6 տոկոս է, ներմուծումը ընդամենը 0.7 տոկոս: Սա, իհարկե, ոգևորող ցուցանիշ կլիներ, եթե հաշվի չառնենք «սեզոնայնության» գործոնը: Հուլիս և օգոստոս (հետո նաև սեպտեմբեր-հոկտեմբեր) ամիսները արտահանման տեսանկյունից ամենաակտիվ շրջանն են: Հասկանալի է, որ խոսքը միրգ-բանջարեղենի մասին է:

Տնտեսական հաջողությունների ֆոնին ոչ մի կերպ չի աճում գների ինդեքսը: Ինչը շատ փորձագետների կարծիքով շարունակում է զսպել տնտեսության առաջընթացը: Նրանց կարծիքով կառավարությունը, չկատարելով բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը, չի մեղմում այս բացասական գործոնը: Իսկ այն, որ տնտեսությունը բավարար չափով չի «ֆինանսավորվում», նկատելի է այն փաստով, որ այս ընթացքում ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Իսկ զուտ թվերի տեսքով արձանագրվեց, որ այս տարվա հունվար–օգոստոսին սպառողական գների աճը ընդամենը 1.8 տոկոս է: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը համարյա «անշարժ» է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճն ընդամենը 0.2 տոկոս է: Կարելի է ընդհանրացնել, որ այս ոլորտի աճն էլ ինքնի,ն ինչպես տնտեսության իրական ու մյուս հատվածների պարագային, մեղմ ասած բավարար չէ:

Իսկ հիմա արձանագրենք այն ոլորտը, ուր հունվար–օգոստոս ամիսներին երբեք չհաջողվեց հավասարվել անցած տարվա ցուցանիշին: Խոսքը էլեկտրաէներգիայի արտադրության մասին է: Առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության երկնիշ նվազումը բացատրվեց մեղմ ձմեռվա պարագային սպառման կրճատումով: Ձմեռը վաղուց անցել է, բայց արձանագրվում է, որ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիա 3.5 տոկոս պակաս է արտադրվել:

Ահա այսպիսին են հիմնական մակրոտնտեսական նախնական թվերը, որոնք ոչ մի բեկում կամ էական փոփոխություն չեն արձանագրել: Օգոստոսին թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում մի քանի հարյուր դրամով աճել են աշխատավարձերը: Դա էլ կարելի է իներցիոն գործընթացների շարունակություն ընկալել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը