Կարծիք

04.10.2019 01:09


Ինքնամեկուսացումը ինքնիշխանության հետ չի կարելի շփոթել

Ինքնամեկուսացումը ինքնիշխանության հետ չի կարելի շփոթել

Ալիևը շտապեց օգտվել մեր «ինքնիշխանի» սխալներից և Պուտինի ներկայությամբ լուրջ միավորներ հավաքեց։

Պատերազմի հավանականությունը կտրուկ բարձրանում է պաշտոնական Երևանի անհեռատես ու իրարամերժ քայլերի արդյունքում։ Ընդ որում՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը Ադրբեջանի նախագահին հազար ու մի լեգիտիմ հիմք է տվել ռազմական գործողության անցնելու համար։ Բանակցային գործընթացի կանխամտածված կամ անգրագիտությամբ պայմանավորված տապալելն այդ հիմքերից մեկն է։

Փաստորեն, մինչ Հայաստանում «պախկվոցի» ու «գետնից բարձր» են խաղում ՌԴ նախագահի այցի շրջանակներում և իրենց կարծիքով ապտակներ հասցնում մեր երկրի անվտանգության հարցով գլխավոր գործընկերոջը, Ալիևը ճիշտ հակառակն է անում, քանզի վաղուց արձանագրել է, որ Հարավային Կովկասում պետք է ռուսների հետ պայմանավորվել կամ առնվազն բարեկամություն անել հետները։

Հայաստանում հակառուսական քաղաքականությունը աննախադեպ մակարդակի է հասել, ինչը ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Հիմա «մերոնք» դիտմա՞մբ են այդ դաշտում խաղում, թե՞ պարզապես անմեղսունակ են, արդեն էական չէ։

Էականն այն է, որ Հայաստանի ղեկավարը խայտառակ ընդունելություն կազմակերպեց ՌԴ նախագահի համար, ու միայն օրվա վերջում, այն էլ ՌԴ դեսպանատնից «բոթը» ստանալուց հետո, քառատրոփ վազեց դեպի «Զվարթնոց»՝ սեփական արարքները խմբագրելու համար։ Իսկ ահա Ալիևը հրավիրվեց Սոչի ու «Վալդայ» ակումբում հակահայկական ելույթ ունեցավ՝ զուգահեռաբար բարձր գնահատելով Պուտինի գործունեությունը։ Բա հո մեր որոշների պես հիմար կամ դավաճան չէ, որ իր երկիրը դնի աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին, թե բա «ինքնիշխանություն» ենք բարձրացնում։

Ինքնիշխանությունը բարձրացնում են դաշնակիցներ գտնելով ու եղածին պահելով, այլ ոչ թե ռազմավարական դաշնակցի հետ թշնամանալով ու մեծ խաղերում գնդակի դեր կատարելով։

Սրանք ինքնամեկուսացումը շփոթել են ինքնիշխանության հետ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը