Կարծիք

06.10.2019 19:00


Թավշյա իշխանությունների կողմից կիրառվող քարոզչական որոշ կեղտոտ տեխնոլոգիաների մասին

Թավշյա իշխանությունների կողմից կիրառվող քարոզչական որոշ կեղտոտ տեխնոլոգիաների մասին

Ուզում եմ անդրադառնալ քարոզչական որոշ կեղտոտ հնարքների, որոնք կիրառվում են մեր այսօրվա իշխանավորների կողմից: Նախ ասեմ, որ այդ հնարքների հիմքում ընկած է այն երևույթը, երբ, ժողովրդի լեզվով ասած, գողը առաջինն է գոռում բռնեք գողին, այսինքն իրենք իրենց ներկայացնում են որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով, սակայն իրականում պայքարում են այդ ամենի դեմ: Օրինակ, սպառնալիքներով ու հայհոյանքներով լռեցնում են այլակարծությունը, որը փաստացի նշանակում է պատերազմել ընդդեմ ժողովրդավարության ու մարդկանց իրավունքների, սակայն ներկայացնում են դա՝ որպես նախկին հակաժողովրդավարական և կոռումպացված ռեժիմի մնացորդների դեմ պայքար. հետո կողքից էլ մոգոնում են ինչ-որ փսևդոընդդիմադիր խմբեր, որոնք իշխանությունների հասցեին հնչեցված առողջ քննադատությունները սկսում են ներկայացնել խտրականության դիրքերից, օրինակ, ասենք, ազգային պահպանողական գաղափարախոսության թեզերը սկսում են ներկայացնել ազգայնամոլության և անհանդուրժողականության դիրքերից՝ ակտիվորեն մարդկանց մեջ ձևավորելով կարծրատիպ, որ ազգային պահպանողականությունը նույն ազգայնամոլությունն ու հակաժողովրդավարական խտրականությունն է, այսինքն, ամեն կերպ, մարդկանց արդար պահանջները փորձում են վարկաբեկել ու ներկայացնել որպես հակաիրավական դրսևորումներ:

Պատահական չէ, որ այսօր փսևդոհայրենասերները գոռում են Արցախը Հայաստանի մարզ է կամ պատահական չէ, որ Փաշինյանը Ստեփանակերտում գոռում է Արցախը Հայաստան է, ու վե՛րջ, այդ ամենը արվում է, որպեսզի արդարացվի ադրբեջանական այն սուտ թեզը՝ համաձայն որի Հայաստանը ագրեսոր է ու օկուպանտ: Ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ են մեր ներկայիս իշխանությունները խուսափում Արցախի հարցը մարդու իրավունքների տեսանկյունից ներկայացնել միջազգային հանրությանը, և ինչո՞ւ չեն խոսում արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման մասին, չէ՞ որ այդ դեպքում հակառակորդը չի ունենա ոչ մի տրամաբանական հակափաստարկ, ու հենց դա է պատճառը, որ նրանք, այսինքն թավիշներն ու նրանց սատարողները, իրենց հռետորաբանությունն այնպես են կառուցում, որպեսզի համապատասխանեն ագրեսորի իմիջին ու վարկաբեկեն մեր ազգի արդար գոյամարտը:

Նույն կեղտոտ տեխնոլոգիան են կիրառում նաև Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում, ստեղծում են խմբեր, որոնք հանդես են գալիս այդ կոնվենցիայի դեմ՝ ավանդույթների պաշտպանության տեսանկյունից, ու շատերը այդ խայծը կուլ տալով՝ սկսում են գործել նույն տրամաբանությամբ, որը բացարձակ սխալ մարտավարություն է, ու դատապարտված է ձախողման, քանի որ ավանդույթները հնանալու հատկություն ունեն, ու երբ հնացած ավանդույթները սկսում են արգելել հասարակությանը զարգանալ, ապա այդ հասարակությունը պարտավոր է հրաժարվել տվյալ ավանդույթներից: Իսկ ավելի պարզ, եթե ավանդույթը հակասում է իրավունքին, ապա նախապատվությունը անպայմանորեն տրվում է իրավունքին: Այնպես որ․ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պիտի պայքարել ոչ թե ավանդապաշտության դիրքերից, այլ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, քանի որ այդ կոնվենցիան հակաիրավական է ու ծայրաստիճան խտրական է: Համաձայն այդ կոնվենցիայի դրույթների՝ ընտանեկան կոնֆլիկտների դեպքում տղամարդու իրավունքները պաշտպանելը փաստացի արգելվում է, այդ կոնվենցիան նաև երեխաների իրավունքներն է խստորեն ոտնահարում (միասեռական զույգերը նրանց որդեգրելու իրավունք կստանան), ու վերջին հաշվով այն ուղղված է բոլորի դեմ: Այնպես որ, նորից եմ կրկնում, այստեղ խնդիրը ավանդույթները պահպանելու կամ չպահպանելու մեջ չէ, խնդիրը այստեղ զուտ իրավական հարթության մեջ է, հետևաբար թույլ չպիտի տանք, որ թավշյա հակազգային իշխանությունները կարողանան մանիպուլացնել մեր գիտակցությունը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը