Կարծիք

07.10.2019 13:55


Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիևի ստերը

Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիևի ստերը

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան, իր ձեռագրին հավատարիմ, տարածում է Ալիեւի ստերը` «Ղարաբաղը Ադրբեջան է» վերտառությամբ:

Զերծ մնալով քաղաքական գնահատակնից` ստորեւ ներկայացնում եմ պատմական եւ իրավական փաստեր ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ:

1. Անտիկ պատմիչներ Ստրաբոնը եւ Դիոն Կասիոսը Օրխիստենեն, այսինքն` Արցախը հիշատակում են որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:

2. Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը, Ապիանոսը եւ Ստրաբոնը իրենց աշխատություններում հստակ նշում են, որ Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցնում է Կուր գետով:

Հետեւաբար, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ կովկասյան թուրքերի կամ այսօրվա ադրբեջանցիների քարոզչությունը որոշել է տեր կանգնել աղվանական ժառանգությանը, ապա այստեղ եւս պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ Արցախ եւ Ուտիք պատմական նահանգները սահմանակից են եղել Աղվանքին եւ նույն անտիկ պատմիչների վկայությամբ չեն մտել նրա աշխարհագրական սահմանների մեջ:

3. Ադրբեջան անվանումով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է միայն 1918թ. մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ռազմական ինտերվենցիայի արդյունքում:

4. Միջազգային հանրությունը չի էլ ճանաչել 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը: Ազգերի Լիգան ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի հանրապետությունը, այլեւ չի ընդունել Ադրբեջանի հանրապետության դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ:

5. 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի 5-րդ Կոմիտեն արձանագրել է. Ադրբեջանի հանրապետությունը նախկինում երբեք պետություն չի եղել եւ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների մեջ ինչպիսին է Մոնղոլիան /նկատի ունի մոնղոլ-թաթարական տիրապետությունը/ կամ Պարսկաստանը, իսկ 1813թ-ից Ռուսական կայսրությունը: Ադրբեջան անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական գավառի անուն, որը ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում:

Այսպիսով, Ազգերի Լիգան դեռ 1920թ. արձանագրել է

ա. Ադրբեջան պետություն մինչեւ 1918թ. գոյություն չի ունեցել

բ. Ադրբեջան անվանումը պարսկական գավառներից մեկի փախառնված անվանումն է

գ. Հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշեմ, որ նրա շուրջ վեճերը ակտիվացել են Ռուսական կայսրության քայքայման ժամանակաշրջանում: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղում օրենսդիր իշխանությունը իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարների միջոցով: Առաջին համագումարը 1918թ. հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր`ընտրելով Ազգային խորհուրդ եւ կառավարություն:

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղը ներառել իր կազմում, բայց թե երկրորդ եւ թե երրորդ համագումարները մերժում են թուրքական զորքերի պահանջը`անդամակցել Ադրբեջանին: Նման որոշումներ են կայացնում նաեւ 1919թ. հրավիրված համագումարները:

Ռազմական բախումներից խուսափելու համար 1919թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են կնքում , որի համաձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Ընդ որում, համաձայնագրում չէր փոխվում Ղարաբաղի կարգավիճակը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռանյին Ղարաբաղի հայերի համագումարի հետ համաձայնագրի ստորագորւմը փաստում է, որ Ադրբեջանի հանրապետությունը ճանաչում է Ղարաբաղը որպես ինքնուրույն իրավաբանական միավոր:

Սակայն 1920թ. մարտին ադրբեջանցիները՝ խախտելով համաձայնագիրը, ռազմական գործոություններ են սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նման պայմաններում 1920թ. ապրիլի 23-ին Ղարաբաղի հայերի համագումարը Ղարաբաղը հռչակում է Հայաստանի անքակտելի մաս: Իսկ 1920թ.օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրում, ըստ որի` խնդիրը պետք է լուծվի ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվելիք պակտով:

Արձանագրենք, որ 1918-1920թթ. Լեռանյին Ղարաբաղը ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, իր հերթին Ադրբեջանի հանրապետությունն էլ այդ ժամանակաշրջանում անգամ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից:

1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը ընդունում է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը դառնում են Խորհրդային Հայաստանի մաս: Իսկ 1921թ. հունիսի 12-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Ազգային խորհուրդը որոշում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ՀԽՍՀ անբաժանելի մաս:

Արդեն 1921թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը առաջարկում է Ղարաբաղի պատկանելության հարցը քննարկել Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում:

Հուլիսի 4-ի նիստը մերժում է Ադրբեջանի առաջարկը : Սակայն հաջորդ օրը ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կցվում է Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը նոր թափ է ստանում 1988թ.-ին: Նույն թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն`դուրս է գալիս Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը ձեռնամուխ է լինում անկախության գործընթացին` ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության մասին հռչակագիրը:

Այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում էր 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ համապատասխան օրենսդրությանը :

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ իրականացրեց անկախության հանրաքվե:

Ի գիտություն պատմական եւ իրավական փաստերի կեղծարարների՝ նշեմ, որ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում գրանցված քվեարկողների 82,2 տոկոսը, որոնց 99 տոկոսը կամ 107.648 մարդ «այո» է ասել Արցախի անկախությանը :

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ԽՍՀՄ միակ ինքնավար մարզը, որ ձեռք է բերել իր անկախությունը Խորհրդային ներքին օրենսդրության համաձայն: Հետեւաբար Ալիեւ կրտսերի հայտարարությունները ոչ միայն փաստերից զուրկ է, այլ նաեւ արհամարհանք է պատմագրության, միջազգային իրավունքի հանդեպ:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը