Լրահոս

07.10.2019 19:49


Հասարակական-քաղաքական գործիչները լրջորեն անհանգստացած են երկրում տիրող իրավական բեսպրեդելով․ Վիկտոր Սողոմոնյան

Հասարակական-քաղաքական գործիչները լրջորեն անհանգստացած են երկրում տիրող իրավական բեսպրեդելով․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը աննախադեպ է համարում մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչների հայտարարությունը, որով նրանք դատարանին կոչ էին արել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

«Աննախադեպ էր նրանով, որ, փաստորեն, ի ցույց դրեց այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շերտերի ամենահեղինակավոր ներկայացուցիչները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, լրջորեն անհանգստացած են այն իրավական բեսպրեդելով, որն այսօր տիրում է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի, Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումների առնչությամբ։ Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ ազդակ է, որին պետք է իշխանությունը ականջալուր լինի, եթե, իհարկե, ի վիճակի է նման ուղերձները ընկալել։ Հուսով եմ, որ կընկալի եւ համապատասխան եզրակացություններ կանի»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ հրապարակման պահից ի վեր իրենք տասնյակ զանգեր, նամակներ են ստացել մարդկանցից, որոնք ցանկություն են հայտնել նույնպես միանալու հայտարարությանը։ Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ այս հայտարարությունը լուրջ ազդեցություն կունենա ներկայումս ընթացող գործընթացների վրա։

«Սա շրջադարձային իրադարձություն էր այս քաղաքական հետապնդումների տխուր պատմության մեջ, որը մենք արդեն տեսնում ենք՝ շուրջ մեկ տարի է։ Հուսով եմ՝ ինչ-որ պահի քաղաքական հետապնդումները կդադարեցվեն, եւ նախագահի ապօրինի կալանքը կվերացվի։ Աներկբա իրականություն է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ամեն մի ավելորդ ժամը պարզապես խայտառակություն է մեր պետության համար»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը