Կարծիք

08.10.2019 14:35


Փաշինյանի միջազգային «ռեմբոյացումը» վտանգավոր է

Փաշինյանի միջազգային «ռեմբոյացումը» վտանգավոր է

2018 թ-ի, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո հասարակության զգալի մասի մոտ արտացոլված հետհեղափոխական էյֆորիայի հետևանքները, որոնք արտահայտվում էին սոցցանցերում իշխանության երկրպագուների կողմից տարաբնոյթ մեկնաբանությունների տեսքով, շատ մեծ ուշադրության չէին արժանանում, քանի որ հեղափոխական թմբիրից ձերբազատվածներից շատերը մտածում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրում և շատ շուտով հետղեղափոխական էյֆորիայի մեջ գտնվողների «զգայապատրանքները» կվերանան։

Այո՛, շատերը ձերբազատվեցին հետհեղափոխական էյֆորիայից, բայց հասարակության մի զգալի մասի մոտ էլ այդ ամենն ավելի խորացավ և, որքան հասկանում եմ, հոգեկան խնդիրների պատճառ է դարձել նրանց համար։

Հասարակության մի զգալի մասի համար «քաղաքական շիզոֆրենիան» ուղղակի վտանգավոր՝ «արտաքին քաղաքական» բնույթ է կրում, որը կարող է կործանարար լինել մեր երկրի համար...Հայաստանյան հասարակության Փաշինյանի «պլորակերները», հայաստանի վարչապետին Հիսուսի հետ համեմատողները, նրա նկարին աղոթողները և վերջինիս աշխարհի հզորագույն լիդեր հռչակողները իրենց հիմար պոպուլիզմով մեծ վնաս են հասցնում երկրին, հատկապես, մեր արտաքին քաղաքականությանը։

Ներքաղաքական «պողոսացումը» վերջին շրջանում միջազգային ասպարեզ է դուրս եկել... Իշխանությանը սպասարկող անհայտ ծագումնաբանությամբ ԶԼՄ-ները, YouTube ալիքները, հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ և իշխանամետ իրական օգտատերերը ակտիվորեն տարածում են նյութեր, որոնք, օրինակ, ունեն այսպիսի վերնագրեր՝ «Նիկոլը և Թրամփը ձգեցին Պուտինի ականջները...», «Թրամփը խնդրեց Նիկոլի հետ նկարվել...», «Աշխարհը հիացած է. Նիկոլի ցնցող ելույթն ԱՄՆ-ում» և այլ ապուշություններ (տե՛ս լուսանկարը)։

Զավեշտալին այն է, որ այս հիմարությունները մեկ շաբաթվա մեջ դիտել են 80-120 հազար օգտատեր, իսկ ամեն մի այդ դեբիլությունը մի քանի հազար օգտատեր էլ հավանել է... Վտանգավորն այն է, որ Հայաստանի վարչապետը ժամանակ առ ժամանակ ինքն է իր էջում ակտիվ տարածում այսպիսի վերնագրերով հանդես եկող YouTube-յան ալիքների կողմից պատրաստված «հաղորդումները»՝ մեխանիկորեն գովազդելով դրանք։

Դրանց հազարավոր դիտումների քանակը հենց պայմանավորված է նրանով, որ իշխանություններն իրենք են հասարակությանը կերակրում այդ հիմարություններով և դրդում դրանց հավատացողներին տարածել այդ «վերլուծությունները»։

Փաշինյանի միջազգային «ռեմբոյացումը» վտանգավոր է այնքանով, որ դրան հավատացողները, կտրվելով իրականությունից, շատ ցավոտ են վերադառանալու իրականություն։

Հասարակության մի զգալի մասին խաբելու մեջ մեծ ներդրում ունեն նաև իշխանությանը սպասարկող քաղաքագետները, վերլուծաբանները և այլ մեդիադեմքեր։ Առանց ամոթի խելացի դեմքով նստում և շատ լուրջ մեկնաբանում են, թե ինչպես պարոն Փաշինյանը չգնաց օդանավակայան և չդիմավորեց Պուտինին... Այո՛, չդիմավորեց։

Բայց չգիտես ինչու, այդ նույն անձինք չեն մեկնաբանում այն փաստը, որ պարոն Փաշինյանը երկու անգամ «ցտեսություն» է ասել Պուտինին, որից մեկը Զվարթնոց օդանավակայանում։

Ստացվում է, որ չդիմավորեց, բայց չգիտես ինչու ճանապարհեց, երբ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան ժամանած որևէ ղեկավարի չճանապարհեց։ Կամ ինչու՞ մինչև հիմա չեն մեկնաբանում այն փաստը, որ Թրամփի հետ համատեղ Պուտինի ականջը կտրող Փաշինյանը հոկտեմբերի 7-ին երկու անգամ է շնորհավորել «վանգոգացված» Վլադիմիր Վլադիմիրովիչի տարեդարձը. մեկը՝ որպես շնորհավորական ուղերձ, մյուսը՝ երեկոյան զանգել է։ Հետաքրքիր է, Հայաստանի նախկին ղեկավարներից ո՞վ է ՌԴ որևէ ղեկավարի ծնունդը նույն օրվա մեջ երկու անգամ շնորհավորել։

Երևի աշխարհին ցնցած Փաշինյանի ամերիկյան ելույթի պատճառով էր, որ ԱՄՆ մեկնած Փաշինյանին նույնիսկ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան նախանձները որևէ մակարդակով չընդունեցին Վաշինգտոնում... Երևի նաև 10 հազարանոց լոս-անջելեսյան հուժկու միտինգի պատճառով էր, որ Թրամփի խնդրանքով Նիկոլը նրա հետ նկարվեց։

Դիմում եմ իշխանություններին. հարգելիներս, վտանգավոր խաղ եք տանում` խաբելով հասարակությանը... Շատերն իրոք հավատացել են, որ Հայաստանը աշխարհի հզորագույն երկիրն է, իսկ Փաշինյանն էլ ժամանակակից Ալեքսանդր Մակեդոնացին։

Քանի դեռ ուշ չէ` վերադարձեք երկնքից և վար բերեք նաև շփոթված և խաբված հասարակության որոշ մասին։ «Պողոսացումից» դեպի պետականության կործանում մեկ քայլ է։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը