Լրահոս

11.10.2019 12:25


Հերթական ավտովթարի պատճառով զովունցիները պատրաստվում են նորից փակել ճանապարհը

Հերթական ավտովթարի պատճառով զովունցիները պատրաստվում են նորից փակել ճանապարհը

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզրւմ։ Ժամը 17։30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ելենա Վ-ն իր վարած Toyota մակնիշի 77 MԼ 001 համարանիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև գազատար խողովակների երկաթե հենասյուներին և բախվել Զովունի գյուղի 12-րդ փողոցի 45/1 հասցեի քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Ելենա Վ-ն, նրա ուղևորուհի՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Լիլի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով քաղաքացիների և ոստիկանների օգնությամբ տեղափոխվեց անվտանգ վայր։

Վթարի վայրում հավաքված Զովունի գյուղի բնակիչներն ասում էին. «Այս հատվածում վթարներին թիվ ու հաշիվ չկա։ Բազմաթիվ ավտովթարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, որոնց մի մասը լուսաբանվել է նաև SHAMSHYAN.com-ում։ Մենք դիմեցինք կապի և տրանսպորտի նախարարությանը, ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ։ Գյուղապետարանն իր սուղ միջոցներով մոտ 1 մլն դրամ հատկացրեց և այդ արհեստական անհարթությունների հարցը լուծեց։ 20 օրից ավել գյուղում գրեթե դադարեց վթարներ լինել։ Չգիտես՝ որ մի խելոքի հանձնարարականով նախարարությունից եկան ու էդ արհեստական անհարթությունները քանդեցին ու դրանից հետո նորից ականատես ենք լինում վթարների։ Եթե այն ժամանակ խնդրել էինք, որպեսզի արհեստական անհարթություններ դնեն, ապա հիմա չենք խնդրում, այլ պահանջում ենք, որ նորից արհեստական անհարթություններն ու նախազգուշացնող նշանները տեղադրեն, հակառակ դեպքում պատրաստ ենք ողջ գյուղով նորից փակել ճանապարհը, որպեսզի ժողովրդի վարչապետը տեսնի, որ իր կառավարության որոշ անդամներ արհամարհած ունեն բնակիչների շահերը։ Ի՞նչ է, մենք Նիկոլ Փաշինյանին ընդունել ենք որպես ժողովրդի վարչապետ՝ հավատալով, որ նրա կաբինետի անդամները ծառայելու են ժողովրդին, բայց ստացվում է, որ իրենք արհամարհած ունեն ժողովրդին ու նրա կարծիքը Հավատացած ենք, եթե վարչապետը տեղեկացված լինի, ապա այդ վայ չինովնիկները, չի բացառվում, հրաժեշտ տան իրենց պաշտոններին»։

Այս խորագրի վերջին նյութերը