Մեկնաբանություն

17.10.2019 00:45


Գի՞ժ են, թե՞ մեզ են գժի տեղ դնում

Գի՞ժ են, թե՞ մեզ են գժի տեղ դնում

Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն` էն, որ անգրագետ Պողոսի եւ իր անգրագետ բազմանդամ ընտանիքի սրտի (երես)փոխանների սրտի դատավոր, այն էլ` Սահմանադրակա՛ն դատարանի դատավոր ընտրվելուց ժամեր անց ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակեց, այնպես է ալեկոծվել Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունվելու ողբերգական փաստից, որ ափերից դուրս է եկել։

Տեւական «առեղծվածային լռությունը» խախտելով, մոռանալով սեփական հիմարությունն ի ցույց չդնելու ոսկի կանոնը`«ինչքան քիչ խոսես, այնքան քիչ ապուշություններ դուրս կտաս», իր «հեղինակավոր» կարծիքը`«տղամարդու» խոսքն է ասել... ոչ թե խնդրո առարկա որոշման, այլ այդ որոշումը կայացրած մարմնի` Սահմանադրական դատարանի մասին, որտեղ հա՛մ «աշխատում» է, հա՛մ չի աշխատում. նիստերին չի մասնակցում, բայց օգտվում է ՍԴ դատավորին տրված բոլո՛ր հնարավորություններից, աշխատավարձ է ստանում, հանգիստ խղճով դնում գրպանը եւ շվշվացնելով ման գալիս` ուղեղը չծանրաբեռնելով սեփական հացը վաստակելու մասին «դավաճան մտքերով»։

«Ի՞նչ դատարան, ի՞նչ դատարանի մասին է խոսքը։ Հայաստանը չունի սահմանադրականության եւ դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան։ Էն, ինչը դուք դատարան եք համարում, ինչ որ բոլորը իրենց խոսքում ենթադրաբար դատարան են կոչում` էդ ամենը նախորդ 15 տարիների ընթացքում ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված պատրանքն է... Սահմանադրական դատարան Հայաստանը դեռ չի ձեւավորել»,-«խելացի», մի քիչ էլ նեղացած դեմք ընդունած, մեղամաղձոտ «թավշյա» բարիտոնով ասել է մեր հերոսը։

Հարցին, թե`բա Ազգային ժողովը կամա-ակամա չլեգիտիմացրե՞ց «ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված» այդ պատրանքը`դիմելով «դեռեւս չձեւավորված» գոյություն չունեցող մարմնին եւ խնդրելով կասեցնել «ենթադրաբար դատարան կոչվող» ՍԴ դատավորի լիազորությունները, պատասխանել է`այդ հարցի իրական հասցեատերը ես չեմ` դուք այս հարցի պատասխանը պիտի որոնեք Բաղրամյան 19-ում, եւ վե՛րջ։

Այդ հարցի «իրական հասցեատերն» իսկապես Ազգային ժողովն է։ Ազգային ժողո՛վը պետք է պատասխանի այդ հարցին եւ գնահատական տա իր «սրտի դատավորի» պետական պաշտոնյային անհարիր պահվածքին։ Ինչո՞ւ չէ` մի դիմում էլ իր աշխատանքային պարտականությունների կատարումից ցուցադրաբար հրաժարվող սույն տարաշխարհիկ «երեւույթի» լիազորությունները դադարեցնելու հարցով «մտնի» ՍԴ։

Բայց կան հարցեր, որոնց հասցեատերը` միա՛կ հասցեատերը, ինքն է եւ միա՛յն ինքը։

Առաջինը`այն, ինչի մասին արդեն ասացինք. եթե համարում է, որ ՍԴ-ը լեգիտիմ չէ եւ «գոյություն չունի»` ընդամենը պատրանք է, ինչո՞ւ հրաժարական չի տալիս եւ չի խզում իրեն «ենթադրաբար դատարան կոչվող» այդ կառույցի հետ կապող բոլոր կամուրջները` դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով։

Երկրորդ` «ավտոկրատիկ լեգալիզմի» տարիներին, երբ դեռ Տեր-Պետրոսյանի անձնական օգտագործման թունդ ընդդիմադիր փաստաբանի ամպլուայի մեջ էր, Սահմանադրական դատարանում պարբերաբար վիճարկում էր ընտրությունների արդյունքները` «համակարգված համատարած ընտրակեղծիքների» որեւէ ծանրակշիռ փաստ եւ փաստարկ չներկայացնելով, որ ի՞նչ աներ։ Արդյոք, իր մասնակցությամբ չէ՞ր լեգիտիմացնում այդ մարմինն ու իր ընդունած որոշումները։

Երբ մեկի փոխարեն երկու անգամ (ընդ որում, առաջին անգամ` նախորդ «ոչ լեգիտիմ» խորհրդարանում) իր իսկ կողմից «ոչ լեգիտիմ» եւ «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ» հռչակված նախագահի առաջադրմամբ «դոշ էր տալիս» ՍԴ դատավոր ընտրվելու համար, չգիտե՞ր, որ այդպիսով եւս մեկ անգամ ամրագրում է «ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված պատրանքի» լեգիտիմությունը։ Թե՞ վրան պայծառատեսություն է իջել միայն այն բանից հետո, երբ հասկացել է, որ ինքնահռչակ «նախագահի» իր հավակնությունները լուրջ չեն ընդունվում ՍԴ-ի կողմից. «գոյություն չունեցող» այդ մարմինը չի պատրաստվում հագուրդ տալ իր ֆանտազիաներին եւ իր ուղեղի մորմոքը` ՍԴ-ի շուրջ գոյություն չունեցող «ճգնաժամը» հանգուցալուծել իր ուզած սցենարով։

Ի վերջո`եթե Սահմանադրական դատարանն աներ այն, ինչ իրենից «պահանջվում» է, չդիմադրեր Նիկոլի վերահսկողության տակ չգտնվող վերջին բաստիոնը` սահմանադրական արդարադատություն ասածը «հուփ տալու եւ կուլ տալու» բռնապետական նկրտումներին, Ռոբերտ Քոչարյանի գործով իր եւ տերերի քիմքին հաճո որոշումներ կայացներ, այսօր տեսախցիկների առաջ կոկորդիլոսի արցունքներ կթափե՞ր, հոնգուր-հոնգուր լաց կլինե՞ր «ավտոկրատիկ լեգալիզմի» այդ պատրանքն օր առաջ թոթափելու եւ «սահմանադրականության եւ դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան» ձեւավորելու համար։

Այս հարցերին պատասխանելուց հետո թո՛ղ պատասխան տա մի վերջին հարցի. այսքանից հետո ինքը ի՞նչ է` իրավաբա՞ն է, սահմանադրագե՞տ, գոյություն չունեցող ՍԴ դատավո՞ր, ձախողված քաղաքական գործի՞չ, թե՞ մեկուկես տարի առաջ Հայաստանում հաստատված «ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձեւավորված պատրանք», որից ՍԴ-ն ինչքան շուտ ձերբազատվի`սեփական նախաձեռնությամբ, չսպասելով Աժ միջամտությանը, այնքան լա՛վ ինքն իր «գլխին սարքած» էս խեղճ ժողովրդի համար։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը