Մեկնաբանություն

21.10.2019 12:45


Փաշինյանի շեղող լուսանկարը

Փաշինյանի շեղող լուսանկարը

Երեկ համացանցը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի՝ «Խմուկ–քնուկ» լուսանկարը։ Պրիկոլների, թրոլինգների, շուլուխների, հիացական բացականչությունների, սրտաճմլիկ մեկնաբանությունների, քննադատության և շուխուռի պակաս չկար։

Ֆեյսբուքահայության արձագանքները կիրակնօրյա այս շոուին հակադիր էին՝ ծայրահեղ դրականից մինչև ծայրահեղ բացասական։ Ոչ մի բան մերոնց աչքերից չէր վրիպել՝ թափված գինուց մինչև «լայքեր» պոկելու հաշվարկով փոքրիկ երեխային հերթական անգամ օգտագործելը։

Նմանատիպ լուսանկարներ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները շատ ունեն։ Դրանք շատ տեխնոլոգիական նպատակ են հետապնդում։ Այդ լուսանկարները շեղող ֆունկցիա են կատարում։ Երկրորդականն ու զգացմունքայինն առաջ բերելու և կարևորի մասին լռելու ֆունկցիա։

Մինչդեռ շատ ավելի առարկայական թեմաներով լուսանկարներ չեն հրապարակվում ու այդ թեմաներով նույն Ֆեյսբուքում աղմուկ չի բարձրանում։ Ասել է թե՝ ֆեյսբուքահայությունը զբաղեցվում է անկարևորով։

Բերեմ կոնկրետ օրինակ։

Օրերս մամուլում և սոցիալական ցանցերում լուր հրապարակվեց, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ գործ սարքելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի բիզնես–շահերն առաջ մղելու համար ոստիկանություն է տարվել ու դաժան ծեծի ենթարկվել մի քաղաքացի։ Նրան ստիպել են ցուցմունք տալ Վանեցյանի դեմ։ Քաղաքացին հրաժարվել է, ինչից հետո՝ ենթարկվել կտտանքների։

Այ եթե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեր ծեծվածի լուսանկարները և «ստատուս» գրեր այդ թեմայով, ապա դա իրոք հեղափոխական մոտեցում կլիներ։ Փոխարենը մենք հեղափոխական քայլերով գնում ենք դեպի հետ՝ դեպի նախորդ դարի 90–ականներ և կիրառվում է 90–ականների մեթոդը։ Այս մասին Փաշինյանը հեղափոխականորեն լռում է։ Իրեն ձեռնտու է, որ քննարկման առարկա դառնա իր հարբած ու քնած լուսանկարը, բայց ոչ ճչացող ապօրինությունը։

Եթե հիշում եք, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս նա հայտարարեց, որ ժամանակը ցույց կտա, թե արդյոք Արման Սարգսյանը ժամանակավորից կդառնա մշտակա՞ն, թե՞ կհեռացվի։ Նա ասաց, որ փոխադարձաբար գոհ պետք է լինեն իրարից։ Եվ ահա այդ հայտարարությունից հետո մենք ունենում ենք ոստիկանությունում խոշտանգման ու գործ սարքելու կեղտոտ արարք, իսկ ահա Փաշինյանը լուռ է։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է։ Տվյալ դեպքում նաև՝ «ադաբրյամսի» նշան։

Պարզ է, որ ոստիկանությունում մարդ չէին ծեծի, եթե չլիներ սիրո և հանդուրժողականության քարոզիչ Փաշինյանի «դաբրոն», ավելի ճիշտ՝ հրահանգը։

Ահա այս թեմայով արժե ֆեյսբուքներում գրել ու աղմուկ բարձրացնել։ Թե չէ ինչքան էլ գեղցու լուսանկարը քննարկեք, դրանից Փաշինյանին վնաս չկա։ Ճիշտ հակառակը՝ էներգիան պարպվում է մինչև նոր լուսանկար։

Սոցիալական ցանցերում բարձրացրած աղմուկի տակ են մսխվում պետբյուջեի միջոցները՝ 2 միլիոն դոլար է ծախսվում Փաշինյանի համար տուն վերանորոգելու, 1 միլիոն դոլար՝ նրա ամերիկյան վոյաժները սպասարկելու, հարհուր հազարավոր դոլարներ 2 զրահապատ «Մերսեդես» գնելու, մարտի մեկի զոհերի հարազատներին կաշառելու, ՍԴ դատավորներին «վերբովկա» անելու, ընտանեկան շրջագայություններ ապահովելու, ինչպես նաև «վոժդի» «դարակազմիկ» մտքերը գովազդելու և նրա անտաղանդ արձակը տարածելու վրա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը