Կարծիք

05.11.2019 14:56


Լավ, բա Հայրապետովի ստաժը ինչո՞ւ հընթացս «կրճատեցիք»

Լավ, բա Հայրապետովի ստաժը ինչո՞ւ հընթացս «կրճատեցիք»

Մի շարադրանք էր վերջերս պտտվում «ֆեյսբուքներում»՝ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովին զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ կապված: Անցալ տարի, Դուշանբեում, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերելակում խոսել էին ու շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ, իբր, ինձ-որ բան պայմանավորվել, վարչապետի անվտանգությունն ապահովող Հայրապետովը լսել է բաներ, որ չպետք է լսեր:

Ընդհանուր առմամբ, բավականին պարզունակ թեզ, եթե կարելի է այդպես ասել: Բայց արի ու տես, որ այն շատերի ուշադրությանն արժանացավ: Մի իրավիճակում, երբ նման նկատելի ու պետությանը երկար ժամանակ ծառայող անձնավորությունը, ո՛չ այս, ո՛չ այն, ազատվում է զբաղեցրած պաշտոնից ու առանձնապես բացատրություններ այդ կապակցությամբ չեն տրվում, բնականաբար, ինչեր ասեք՝ կտարածվեն այդ թեմայով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նուրբ լարերին էլ էր դա դիպել, այլապես իր վերջին «ուղիղ միացման» ժամանակ երկար-բարակ դրանից չէր խոսի: Տպավորվեց Փաշինյանի այս ֆրազը. «Ուրեմն ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ դա անում եմ Ալիևի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում մի մարդու կողքին, ով 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի, ևս 10 տարի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը»:

Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի «պաշտպանյալի»` պետք է ասել, որ նա ապաշնորհ ու անխելք չէ:

Բայց ինձ այլ հարց հետաքրքրեց. Գրիգորի Հայրապետովի ստաժը ինչո՞ւ հընթացս «կրճատեց» սիրելի ժողվարչապետը:

Բանն այն է, որ Գրիգորի Հայրապետովը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև՝ Սերժ Սարգսյանի անվտանգության ապահովման պատասխանատուն է եղել, կամ՝ գլխավոր թիկնապահը: Գրիգորի Հայրապետովը դրանից առաջ էլ եղել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր թիկնապահը: Կարճ ասած, մարդը 1991-ից ծառայության մեջ էր ու իր գործը հստակ էր անում, հակառակ դեպքում այդքան երկար՝ 28 տարի, 1991-ից մինչև 2018-ի հունիսը անմիջականորեն չէր զբաղվի ՀՀ ղեկավարների անվտանգության ապահովմամբ:

Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի գիտեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ էլ է Հայրապետովը նույն գործին եղել: Բայց միայն երկրորդ և երրորդ նախագահների մասին է խոսում: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ինչ-որ պատճառով խուսափում է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տալուց: Նյարդայնանո՞ւմ է, ի՞նչ է:

Հա, ու բնականաբար, ասում է, որ սուտ է, ոչ մի նման բան Դուշանբեի վերելակում չի եղել, կամ որ լիներ էլ, հո ինքն ապաշնո՞րհ չէր, որ նման վկայի ներկայությամբ և այլն:

Էհ, ո՞վ էր ձեռքներդ բռնել. Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու որոշման հրապարակման հետ մի երկու բերան ասեիք՝ մարդը այսպես ու այսպես՝ երեք տասնամյակ ծառայել է պետությանը, գեներալ-մայորի կոչում ենք շնորհում (ի դեպ, գեներալների մասին խոսելիս այս պահը նա մոռացավ, ասենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանին գեներալական ուսադիրներ շնորհելու պահն էլ չհիշեց) և, շնորհակալություն հայտնելով, «գործուղում» վաստակած հանգստի: Սակայն գործող իշխանությունը, որ «նախկին կյանքում», ընդդիմադիր ժամանակներում ամեն ինչի վերաբերյալ պարզաբանում ու բացատրություն էր պահանջում, առանձնապես չի շտապում պարզաբանել ու բացատրել իր խնդրահարույց գործողությունները: «Ժողովրդական վստահության» բարձը երևի լավ էլ թմրեցնո՞ւմ է:

Իսկ ինչ վերաբերում է վերելակին, ավելի կոնկրետ՝ Դուշանբեում Ալիևի հետ հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ «վերելակային պայմանավորվածությանը», արժե հիշեցնել հետևյալը: Այդ՝ «ոտքի վրա» իբր թե ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, «ջրեց» ապրիլյան պատերազմից հետո կայացված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: Ադրբեջանը, որ չուզելով էր այդ պայմաններին համաձայնել, մի երկու բառ փոխանակելով, ազատվեց իրեն համար գլխացավանք հարցերից: Ու այնպես, որ արդեն շատ երկար ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն հիշատակում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Հիմա դա խելքո՞վ, շնորհքո՞վ, թե «դուխո՞վ» արվեց, թո'ղ վերլուծաբանները մեկնաբանեն:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը