Կարծիք

25.11.2019 11:43


Միֆերի ապամոնտաժումը Լեգենդ 2. «Քոչարյանը հանձնում էր Մեղրին»

Միֆերի ապամոնտաժումը Լեգենդ 2. «Քոչարյանը հանձնում էր Մեղրին»

15 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մասին հյուսված լեգենդներից մեկը Մեղրիի հանձնման պատմությունն է։ Այս պատմությունը սուտ միֆերի, լեգենդների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում. այն, ի տարբերություն մյուսների, ընդհանրապես իրականության հետ որեւէ կապ չունի, հորինված է զրոյից, առանց որեւէ իրական տարրի։ Այդ առումով՝ գլուխգործոց է։

2000-ականներից իշխանությունից հեռացված մարդիկ շրջանառության դրեցին, թե Քոչարյանը պատրաստվում է Մեղրին փոխանակել, մի վարկածով՝ Արցախի, մեկ այլ վարկածով՝ Լաչինի հետ։ Ստի սկիզբը այդպիսին էր։ Հետո չխճճվելու համար փոխվեց ձեւակերպումը, այն դարձնելով անորոշ. Քոչարյանը հանձնում է Մեղրին։

Այս լեգենդի հեղինակային իրավունքը 1998-ին իշխանությունից հեռացված զանգվածն էր։ Բայց առաջին նախագահը շատ լավ հասկանալով, որ նման անհեթեթություն բարձրաձայնելն իրեն չի պատշաճում, լեգենդի տարածման բեռը պատվիրակեց Վազգեն Սարգսյանի մերձավորներին։ Սրանք էլ չընկալելով ծուղակը (նաեւ այն իմաստով, որ դա ուղիղ վերաբերում է նաեւ Վազգեն Սարգսյանին) ստանձնեցին իրենց դերը։

Ստի տարածման առաջամարտիկներից մեկը դարձավ բախտի բերմամբ մի քանի ամիս պաշտպանության նախարարի աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը: Ինչու ոչ նախարար, այլ աթոռին նստած, քանի որ բոլոր լավատեղյակները գիտեն, որ իրականում նախարարը շարունակում էր մնալ Վազգեն Սարգսյանը, իսկ Վաղարշակ Հարությունյանը նրա ամենասովորական օգնականն էր:

Իսկ այսօր հեռուստաալիքից հեռուստաալիք, խմբագրությունից խմբագրություն անցնելով, նա վերեւից իջած պատվերի շրջանակում փորձում է հանրությանն ապացուցել, թե իբր Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր հանձնել կամ փոխանակել Մեղրին:

Զավեշտը կայանում է նրանում, որ Վաղարշակ Հարությունյանը «Ազատություն TV»-ի բաղձալի հյուրն է։ Պատկերացնո՞ւմ եք ռուսական գեներալն ամերիկյան լրատվամիջոցով քարոզում է, թե Քոչարյանը հանձնում էր Մեղրին։ Ուշադրություն դարձրեք՝ Մեղրին մեր սահմանն է Իրանի հետ։ Ամերիկացիներին դա է հետաքրքիր եւ ամերիկացիների փորացավը հենց դա է։ Այս ամեն ինչից Սկրիպալության հոտ է գալիս։

Անշուշտ, տրամաբանություն ունեցող մարդու համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորից լավ էր հասկանում, որ առանց Մեղրիի Հայաստանը Հայաստան չի լինի, որ կփոխվի ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունը, որ դրանից հետո մենք ոչ թե Արցախը, այլ ամբողջ Հայաստանը կկորցնեինք: Անկասկած, գիտակից մարդիկ հասկանում են, որ նման հարց չի եղել։

Մեղրին Ադրբեջանին փոխանցելու լեգենդը կարելի է հերքել միայն մեկ հակափաստարկով՝ դրանից կտուժեր ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Իրանը եւ հատկապես Ռուսաստանը, որը դուրս կմղվեր Հարավային Կովկասից, եւ այստեղ գերիշխող ուժը կդառնար Թուրքիան:

Հիմա հարց նրանց, ովքեր մինչեւ հիմա պնդում կամ հավատում են, որ Քոչարյանը կարող էր Մեղրին հանձնել. մի՞թե մոռացել եք, թե ինչ ջերմ հարաբերություններ ունեին Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններն այն ժամանակ: Մի՞թե Քոչարյանը պատրաստ էր գնալ ինքնակործանման։ Հանուն ինչի։

Մի՞թե պարզ չէր, որ Իրանը երբեք թույլ չէր տա իր տարածքը հյուսիսից եզրավորել թյուրքական պետությունների գոտով: Մի՞թե պարզ չէ, որ Մեղրին ստանալուց եւ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուց հետո Թուրքիան աչք էր դնելու Հյուսիսային Կովկասի վրա:

Ակնհայտ է չէ, որ այն մարդը, որը կհամաձայներ նման լուծման, կվերածվեր Ռուսաստանի թիվ մեկ թշնամիներից մեկի: Հիմա հիշեք Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի մինչ այժմ շարունակվող ջերմ հարաբերությունները եւ փորձեք հասկանալ, թե իրո՞ք Ռոբերտ Քոչարյանն ուզում էր հանձնել Մեղրին, թե դա ոմանց մտքի մղձավանջի հետեւանքն է, հրեշավոր լեգենդի սցենար։

Ամիսներ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանը շատ հստակ եւ պարզ ասել է, որ որեւէ մեկը չէր պատրաստվում Լաչինի կամ մեկ այլ տարածքի դիմաց Մեղրին հանձնել ադրբեջանցիներին: Այդ տարիներին Սամվել Բաբայանը երկրի ամենատեղեկացված եւ ազդեցիկ մարդկանցից էր։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, Ռոբերտ Քոչարյանն իր գրքում պատմում է.

«2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիեւի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջեւանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջեւանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին: Ալիեւն ասաց, թե չի պատկերացնում դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ՝ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես եւ ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք»:

Փաստացի, քննարկվել է Մեղրիով վերգետնյա եւ թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ, բայց ոչ երբեք Մեղրին Լաչինով փոխանակելը, ինչպես պնդում են պատմությունն աղավաղողները: Չմոռանանք ամենակարեւորի մասին. եթե իրոք, ինչպես պնդում են Վաղարշակ Հարությունյանը եւ նրան ձայնակցողները, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր հանձնել Մեղրին, ապա ինչու այդ տարբերակից, Ադրբեջանի համար այդ շահավետ տարբերակից ամենավերջին պահին հրաժարվեց Հեյդար Ալիեւը, հենց Քի Վեսթում հրաժարվելով ստորագրել նախապես մշակված փաստաթղթի տակ:

Իրականությունն այն է, որ Քի Վեսթում մենք առավել քան երբեւէ մոտ էինք խաղաղության համաձայնագրին։ Հայկական եւ ադրբեջանական կողմերն ամենամոտը եղել են հենց Քի Վեսթում եւ միայն Հեյդար Ալիեւի որոշման պատճառով այն իրականություն չի դարձել:

Երկրորդ նախագահը պատրաստ էր վերցնել պատմական առաքելություն եւ ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչը ենթադրում էր երկկողմանի զիջումներ, ինչը ենթադրում էր Արցախի անկախություն, լարվածության թուլացում, զոհերից խուսափում, եւ ինչը որեւէ կերպ չէր առնչվում Մեղրիին։

Լեգենդի հեղինակները ընդդեմ Քոչարյանի գործունեության մեջ արել են շատ վտանգավոր մի բան. նրանք Հայաստանի բոլոր հաջորդ ղեկավարներին դնում են բարոյական կեղծ պրեսսինգի տակ. խուսափել ռեալ բանակցություններից, վախենալ փոխզիջումերի տարբերակների քննարկումներից, քանի որ կա հերթական կեղծ լեգենդի ծուղակում հայտնվելու վտանգը։ Սա բացառիկ վատություն է, որ կարելի էր անել Հայաստանի հանդեպ։ Սրա հիմքում ընկած է մեկ սեւեռում՝ 1996-ի տարբերակը ամենալավն էր։

Հրեշավոր լեգենդի տարածման «աշխատանքային խումբը» նույնն է. Վաղարշակ Հարությունյան, էպիզոդներով՝ Արամ Սարգսյան, Վահան Շիրխանյան, Անդրանիկ Քոչարյան, տարիներ առաջ՝ Պետրոս Մակեյան, «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյան, ցավոք, վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան։

Քիվեսթյան բանակցությունները բարդ են եղել, մոտ հաշտության պահին, բայց դրանք տապալվել են Ադրբեջանի կոմղից։ Սա արդեն պատմություն է։ Այդ մասին կա հետաքրքիր հատված Ռոբերտ Քոչարյանի գրքում.

«Նիստից հետո ինձ մոտ՝ հյուրանոց եկավ ռուսական համանախագահը՝ Տրուբնիկովը, ու սկսեց համոզել, որ զիջումների գնամ: Ես ասացի. «Սպասեք: Սխալ հասցեով եք եկել: Կա համաձայնեցված փաստաթուղթ, ու ես պատրաստ եմ այն ստորագրել: Աշխատեք Ալիեւի հետ: Եթե համոզեք նրան, ես կստորագրեմ: Ես ոչ մի տեղ չեմ գնում, շատ գեղեցիկ վայր է, ու ես հաճույքով մի քանի օր կանցկացնեմ այստեղ»»:

Իսկ թե ինչու Հեյդար Ալիեւը չստորագրեց փաստաթուղթը, ասել է հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցի ժամանակ:

«Նույն երեկոյան՝ ընթրիքին, Ալիեւի ելույթից հետո առաջին անգամ խոսեցի նրա հետ: Հարցրի. «Հեյդար Ալիեւիչ, ինչի՞ համար էր այս ամենը: Լավ, հասկանում եմ, որ մտափոխ եք եղել, բայց այդ դեպքում հրաժարվեիք ուղեւորությունից… Ձեզ անհարմար վիճակի մեջ դրեցիք, ամերիկացիներին էլ հետը: Ինչո՞ւ»: Նա պատասխանեց. «Մտածում էի, որ կկարողանամ: Մինչեւ վերջին պահը համոզված չէի, թե կհրաժարվեմ»: Երկուսիս համար էլ այդ որոշումը շատ բարդ էր լինելու, բայց նրա համար, կարծում եմ, համենայն դեպս՝ ավելի: Ես հարցրի. «Իսկ ի՞նչ է պատահել»: «Գիտե՞ս,-ասում է,-երեւի գերագնահատեցի իմ հնարավորությունները, չկարողացա ընտանիքիս համոզել, որ դա անհրաժեշտ է»: Նա պատմեց, որ մեկնելու նախօրեին հավաքվել են բոլոր հարազատներն ու միաձայն սկսել են համոզել, որ հրաժարվի համաձայնագրից: Ասում էին, որ Ալիեւը հիմա ազգային լեգենդ է, եւ ադրբեջանցի ժողովուրդը նրան չի հասկանա, եթե հանձնի Ղարաբաղը. դա բիծ կդառնա նրա ու ամբողջ ընտանիքի վրա: Ամենահամառը որդին էր եղել՝ Իլհամը, եւ Ալիեւը մեկնելիս նրան խոստացել էր, որ չի ստորագրի համաձայնագիրը: «Ու հասկացա,-ասաց նա,-որ եթե նույնիսկ իմ ընտանիքին չեմ կարողանում համոզել, առավել եւս չեմ կարողանալու համոզել ադրբեջանցի ժողովրդին»:

Կա նաեւ այլ իրականություն. Մեղրին «հանձնող» Քոչարյանի ամենաակտիվ ջանքերով 2005-ին որոշում կայացվեց հիմնովին նորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհը: Իսկ ավելի ճիշտ՝ ամենադժվարին տեղանքում փաստացի կառուցվեց նոր ճանապարհ: «Մեղրին հանձնող» Ռոբերտ Քոչարյանի ջանքերով սկսեց կառուցվել Իրան-Հայաստան գազամուղը եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի մասնակցությամբ 2007-ի մարտին շահագործման հանձնվեց: Դեռ 1997-ին Հայաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգերը միմյանց հետ կապված չէին: Եւ նույն Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, իրանյան կողմի աջակցությամբ մեր էներգահամակարգերը կապվեցին միմյանց: Ավելացնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն 2007-ին իրանյան կողմի հետ պայմանավորվածություն ուներ Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու եւ համապատասխան փաստաթուղ էլ էր ստորագրվել:

Ստացվում է, որ «Մեղրի հանձնողը» ամենամոտն էր արժանապատիվ խաղաղությանը եւ ամենաշատն է արել Իրանի հետ հարաբերություններում։ Սրանով կարելի է թեման փակել. փաստել լեգենդի վախճանը։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ

Այս խորագրի վերջին նյութերը