Կարծիք

25.11.2019 14:35


Սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման մասին

Սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման մասին

Մի երկու ամիս առաջ մեր հեռուստաալիքներից մեկի եթերում հաղորդավարը անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման խնդրին՝ ասաց, որ այդ երևույթը պայմանավորված է մեր հասարակության մեջ կանանց և աղջիկներին ստորադասելու ավանդույթով, ու, որպես հիմնավորում հայտարարեց, որ նույնիսկ աղջիկ բառը առաջացել է «ախ չլիներ» բառակապակցությունից... պատկերացնո՞ւմ եք՝ «ախ չլիներ», ասես ո՞վ է այսպիսի անհեթեթություն մոգոնել, ասես այդ մոգոնողը լեզվաբանություն գիտության մասին որևէ մի տեղ գոնե ականջի պոչով լսած կա՞, թե՞ ոչ:

Բայց խնդիրը այդ մոգոնող պսևդոլեզվաբանը չէ, այդպիսի աննորմալներ շատ ունենք, որոնք իրենցից դուրս ինչ-որ ստուգաբանություններ են անում ուղղակի այս և այն բառերի արտաքին նմանության հիմքով՝ գաղափար անգամ չունենալով այդ բառերի բուն արմատների մասին, դրանց ծագման մասին, բառակազմական կանոնների մասին և այլն: Այստեղ խնդիրը այն է, որ այդպիսի անհեթեթություններ հնչում են հեռուստատեսության եթերից, որպեսզի, ըստ երևույթին, ավելի հավաստի դարձնեն այն թեզերը, որոնք պրոպագանդվում են մեր ժողովրդի մեջ. տվյալ դեպքում, կոնկրետ պրոպագանդվում է կանանց ու աղջիկների նկատմամբ կիրառվող խտրականության թեզը, որը իրականությանը չի համապատասխանում:

Իհարկե բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովրդի մի որոշակի զանգվածի մոտ դեռ կարևորվում են նահապետական ընտանիքներին հատուկ որոշ բարքեր, մասնավորապես տղաներին որպես գերդաստանի շարունակողի ընկալելը, ու այդ առումով ոմանց մոտ սեռով պայմանավորված հղիությունը դադարեցնելու երևույթ, իհարկե, կա, որի դեմն առնել է հարկավոր: Սակայն դրա համար ոչ թե ազգային արժեքների դեմ նոր խաչակրաց արշավանք է պետք սկսել, այլ ընդամենը հիվանդանոցներին արգելել է հարկավոր սաղմի սեռի մասին հղի կանանց ինֆորմացիա տալը, ու ընդհանրապես այդ ինֆորմացիան ճշտելու համար իրականացվող ստուգումները հարկավոր է խստագույնս արգելել, առավել ևս, որ տվյալ պրոցեդուրան բացասաբար է ազդում սաղմի առողջության վրա: Նաև հարկավոր է աղջիկ երեխաներին տրվող նպաստների չափը ավելացնել, որպեսզի ծնողները շահագրգիռ լինեն աղջիկ երեխա ունենալու առումով:

Ընդհանրապես ասեմ, որ նորմալ է, երբ տղաները ավելի շատ են ծնվում, քան աղջիկները, քանի որ տղամարդկանց ենթասոցիումը ավելի բարդ կառուցվածք ունի (ռիսկերը այնտեղ ավելի մեծ են), քան կանանց, որի արդյունքում տղամարդիկ երիտասարդ տարիքում ավելի շատ են մահանում, քան կանայք, ու բնությունը ինքնուրույնաբար այդ խնդիրը լուծել է սեռերի միջև բալանսը պահպանելու նպատակով, որի արդյունքում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ:

Իհարկե մեզ մոտ, կապված այդ սեռով պայմանավորված հղիությունների դադարեցման դեպքերի հետ, դիսբալանս կա, սակայն եթե հաշվի առնենք, որ մենք ապրում ենք պերմանենտ պատերազմի պայմաններում, ապա կարծում եմ, որ այդ դիսբալանսը երիտասարդ տարիքի հասնելու դեպքում փոքրանում է, նաև պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր տղաները ավելի շատ են արտագնա աշխատանքի մեկնում, որի արդյունքում նրանց մի մասը ընդմիշտ մնում է օտար երկրներում, անգամ ավտովթարների հետևանքով ենք շատ երիտասարդ տղաների կորցնում:

Հետո հոմոսեքսուալիզմի ներկայիս տոտալ քարոզի պայմաններում ընդունվելիք Ստամբուլյան կոնվենցիաների ու նմանատիպ այլ բաների արդյունքում մոտ ապագայում մեր տղաների մեջ բնական 5%-անոց արվամոլության շեմը բարձրանալու է մինչև ամենաքիչը 10%-ի սահմանագիծը, դա նույնպես կարելի է որպես արական սեռի կորուստ համարել:

Եվ վերջապես ուշադիր նայեք մեր և ձեր շրջապատում ինչ վիճակ է տիրում՝ աղջիկները համատարած բողոքում են, որ նորմալ տղաներ շատ քիչ են մնացել, որի պատճառով իրենք չեն ամուսնանում: Այնպես որ, ժողովուրդ ջան, տղաներ թող շատ ծնվեն, դրանից վնաս չկա հաստատ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը` Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը