Հարցազրույց

25.11.2019 22:03


«Մեհրիբան Ալիևան ասում է՝ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի Արցախի բոլոր բնակավայրերում. իր հետ ինչի՞ մասին բանակցես». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

«Մեհրիբան Ալիևան ասում է՝ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի Արցախի բոլոր բնակավայրերում. իր հետ ինչի՞ մասին բանակցես». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ներկա է եղել Հայաստան ժամանած ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ ադրբեջանցի լրագրողները որևէ սուր հարց չեն բարձրացրել. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ադրբեջանցի լրագրողներին բացարձակ հետաքրքիր չէր այցը, նրանք ֆորմալ էին եկել: Մենք լսեցինք պաշտոնական քարոզչություն, հասկացանք, որ պատրաստ չեն բաց խոսելու, և իրենց այցի նպատակը ճանաչողական է, ինչն ազնվորեն մեզ ասացին: Բովանդակային զրույց որևէ բանի մասին չկար»:

Ա. Էլիբեգովայի խոսքով՝ Ադրբեջանի համար լրագրողների փոխայցերը ձևական բնույթ են կրում. «Դա ակնհայտ էր: Այստեղ իրենց համար զուտ ինչ-որ խաղաղասիրական ծրագիր ցույց տալն էր, որ՝ այո, իրենք էլ են ներգրավված պրոցեսների մեջ, պատրաստ են երկխոսության, բայց դա զուտ իմիտացիա էր»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա ադրբեջանագետը նկատեց. «25 տարի ՄԽ շրջանակներում ամբողջ տրամաբանությունն այն էր, որ փորձում են գտնել տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար: Իսկ դա առանց ծանր փոխզիջումների հնարավոր չէ: Ցանկացած լուծման դեպքում երեք կողմն էլ մնալու են ինչ-որ չափով դժգոհ»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ասում, որ ինքն է առաջին անգամ երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման տարբերակի մասին խոսում, նա այսպես պատասխանեց. «Չգիտեմ: Նման լուծում փնտրում են ամբողջ կոնֆլիկտի ընթացքում»:

Ադրբեջանագետի համար նաև պարզ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջին տիկինների մակարդակով երկխոսություն չի լինելու. «Մեհրիբան Ալիևան ասում է՝ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի Արցախի բոլոր բնակավայրերում: Դրանից հետո իր հետ ինչի՞ մասին բանակցես»:

Դիտարկմանը՝ այդ դեպքում Ալիևն ասում է, որ Զանգեզուրն իրենցն է, Ալիևի հետ ինչի՞ մասին բանակցենք, նա այսպես արձագանքեց. «Ես էլ չեմ հասկանում՝ Ալիևի հետ ինչի մասին բանակցենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը