Կարծիք

27.11.2019 21:00


Ի՞նչ էր կորցրել Աննան Արցախի լեռներում

Ի՞նչ էր կորցրել Աննան Արցախի լեռներում

«Գնացել էր դիրքեր, որ ի՞նչ աներ» հարցը, երբ խոսքը վերաբերում է Փաշինյանի լավագույն կեսին, ամենեւին էլ հռետորական չէ:

Ոչ միայն այն առումով, որ հնարավոր բոլոր «պոզաներով», անգամ կուկուռուզ ուտելիս ինքնագովազդված տիկնոջ՝ դիրքերում հայտնվելը` հեռադիտակը ձեռքին, մի տեսակ չի տեղավորվում պացիֆիզմի քարոզչի իր իմիջին եւ նախկինում արած հայտարարությունների տրամաբանությանը («Կոնֆլիկտի ծագումը նշանակություն չունի», «սահմաններում ընկած մեր զոհերը հանուն ոչնչի էին», «զենքերը պետք է վերածել զարդերի» եւ այլն)։

Տիկին Աննան ներկայացրեց դա որպես Հայոց բանակի նկատմամբ ուշադրության եւ հոգատարության դրսեւորում (եթե դա էր խնդիրը, կարելի էր ուղղակի գնալ, զինվորներին «դուխ տալ» իր ներկայությամբ, ոչ թե հավերժացնել այդ պատմական պահը` լուսանկարվել եւ տիրաժավորել` ի տես ամենքի)։

Հետո վրդովվեց. «Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։ Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե` ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու` ընկերուհիներիս հետ»։ Իբր` էդ գործ(եր)ում ես չկամ։

Անգամ հեգնեց` «Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված»:
Բայց, Աստված վկա` Աննայի հոգին խորն է. ավելի խորը, քան կարող է թվալ։
Ինչպես գիտեք, «թավշյա վարչապետը» որոշել է փոխել Հիմնական օրենքը. երեւի Սերժի հագով կարված Սահմանադրությունն արդեն նեղ է գալիս` լավ չի նստում վրան, համ էլ`չափից ավելի մեծ պատասխանատվություն է դնում վարչապետի փխրուն ուսերին։

Եվ շատ մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը ձիով քայլ կանի` կփորձի անցկացնել նախագահական համակարգը, որտեղ նախագահը միշտ կարող է պատասխանատվությունը դնել գործադիրի վրա եւ ազատ, անարգել վայելել իր «բարձր» պաշտոնը։
Այդ դեպքում առաջ կգա փոխնախագահի հարցը։

Ի՞նչ եք կարծում, ո՞վ ավելի լավ «կնայվի» այդ դերում, քան Աննա Հակոբյանը, որ օդից կախված լուրերի համաձայն, արդեն իսկ «տնից կառավարում է երկիրը»։

Այդպիսով մի կողմից կօրինականացնի դե ֆակտո իրավիճակը, մյուս կողմից` կհավասարվի Ալիեւին՝ ստեղծելով Փաշինյան-նախագահ, Աննա Հակոբյան-փոխնախագահ» հրաշալի տանդեմը։

Ինչո՞վ է Աննան պակաս Մեհրիբան Ալիեւայից. էդ ինչի՞ նա պաշտոնապես կլինի իր ամուսնու աջ ձեռքը, իսկ ինքը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը