Կարծիք

04.12.2019 08:17


2017-ի առեղծվածը

2017-ի առեղծվածը

Հասարակական խոշոր ցնցումների շրջանում անշարժ գույքի շուկայի վիճակագրության նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Եվ դա բնական է: Անշարժ գույքի սեփականության իրավունքի փոփոխությունների քանակը հաշվառվում ու հրապարակվում է: Ի տարբերություն սեփականության՝ ասենք, ֆինանսական միջոցների, ուր սեփականատերերի փոփոխության քանակը երբեք հրապարակային չի կատարվում, անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող բոլոր օտարում-գործարքները հաշվառվում են: Հաշվառվում են անշարժ գույքի ութ տեսակների հաշվով:

Ութ տեսակ ասածը հետևյալն է` բնակարաններ բազմաբնակարանային շենքերում, առանձնատներ, ավտոտնակներ, ամառանոցներ, արտադրական նշանակության օբյեկտներ, հասարակական նշանակության օբյեկտներ և հողեր: Հողերի օտարման պարագային, բնականաբար, գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառումն առանձին է վարվում:

Գծապատկերի վրա կարելի է տեսնել անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած օտարումների քանակը՝ ըստ տարիների: Նշենք, որ այս տարվա տվյալները, բնականաբար, ամբողջական չեն: Ներառված է միայն հունվար-սեպտեմբերի օտարումների քանակը: Օտարում ասվածը հաշվառվում է գործարքների 3-4 բաժանումով` առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում և այլ: Այս ենթախմբերից ամենախոշորը, բնականաբար, առքուվաճառքն է, որի տեսակարար կշիռն օտարումների մեջ կազմում է մոտ 72-75 տոկոս:

Նվիրատվությունների մասնաբաժինը 22-25 տոկոս է: Այսինքն փոխանակում և այլ գործարք ասվածին յուրաքանչյուր տարի բաժին է ընկնում գործարքների չնչին թվաքանակ` 1-4 տոկոս: Գծապատկերից ակնհայտ է, որ օտարումների ամենամեծ քանակությունը կատարվել է 2018թ․-ին: Անշարժ գույքի համարյա բոլոր տեսակների գծով օտարման ռեկորդային աճ արձանագրվել է հենց 2018-ին:

Այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ անշարժ գույքի շուկայում ընթացող բուռն գործընթացները դեռևս շարունակվում են: Տեսեք՝ այս տարի գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման 10 հազար 936 քանակ է գրանցվել` ինն ամսվա ընթացքում, ինչն ավելի շատ է, քան, ասենք, 2016-ի ցուցանիշը (9 հազար 802 օտարում): Ասենք, որ գյուղնշանակության հողերի օտարման քանակը 10 հազարի սահմանագիծը հատել է միայն 2015-ին, 2017-ին և 2018-ին:

Օտարման քանակով «ռեկորդակիրը», բնականաբար, 2018թ․ է` 13 հազար 213: Գործընթացը բուռն շարունակվում է նաև այս տարի` արդեն գրանցվել է մոտ 11 հազար օտարում: Նույն պատկերն է նաև առանձնատների հաշվառման պարագային: Առանձնատների օտարումը 10 հազարի «հոգեբանական» ցուցանիշը ևս 2010-ականներին գերազանցել է 2018-ին` (օտարվել է 10 840 առանձնատուն): Այս տարվա արդեն արձանագրված թիվը 9 162 է:

Սակայն կա մեկ ցուցանիշ, որով 2017թ․ կարելի է համարել ամենաառեղծվածայինը մեր տնտեսական կյանքում: 2017-ի շատ տնտեսական ցուցանիշներ առայսօր տարբեր ու երբեմն իրարամերժ փորձագիտական գնահատական-վերլուծությունների են արժանանում: ՀՆԱ-ի աճի ցուցանիշից մինչև տնտեսության առանձին ոլորտների արդյունքներ: Սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ 2017թ․ անշարժ գույքի շուկայում չափազանց տարօրինակ փաստեր են արձանագրվել: Խոսքն առաջին հերթին արտադրական նշանակության օբյեկտների օտարման քանակին է վերաբերում: Տեսեք՝ 2014թ․ օտարվել է արտադրական նշանակության 657 օբյեկտ: 2015-ին` 490, 2016-ին` 514: Այս տարիների արդյունքները, պարզ ասած, համադրելի են: Այսինքն, արտառոց ոչինչ չկա: Ավելին, այդ թվերը համադրելի կարելի է համարել նույնիսկ 2018թ․ տվյալների հետ:

2018-ին օտարվել է 782 արտադրական նշանակության օբյեկտ: Մինչդեռ նախահեղափոխական 2017-ի ցուցանիշը կրկնակիից ավելի բարձր է 2014, 2015 և 2016-ին արձանագրվածներից: Ավելին, այն համարյա 1.8 անգամ ավելին է 2018-ի արձանագրածից: 2017-ին մեր երկրում օտարվել է 1339 արտադրական նշանակության օբյեկտ: Ընդորում այս քանակից 3-ը գրանցվել է որպես փոխանակում, 536-ը որպես առքուվաճառք, իսկ ուղիղ 800-ը` նվիրատվություն: Եթե նման արդյունք արձանագրվեր 2018-ին, ապա կարելի կլիներ խոսել սեփականության վերաբաշխման մասին։ «Ո՞րն է 2017-ին արձանագրվածի պատճառը» հարցն առայժմ պատասխան չունի։ Հասկանալի ու ակնհայտ պատասխան։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy

Գծապատկեր 1․ Անշարժ գույքի գործարքների քանակը

1

Գծապատկեր 2․ Արտադրական նշանակության օբյեկտների նվիրատվությունը

2

* 2019թ ներկայացված է ինն ամսվա տվյալով

Այս խորագրի վերջին նյութերը