Կարծիք

09.12.2019 15:50


Ժամանակակից աշխարհն ու կանանց տոլերանտությունը

Ժամանակակից աշխարհն ու կանանց տոլերանտությունը

Այսօր մարդկությունը ծիծաղում է անցյալում եղած բազմաթիվ նախապաշարմունքների ու հակագիտական թեզերի վրա, որոնք այն ժամանակ համարվել են ճշմարտություններ. օրինակ, միջին դարերում եղել են ժամանակահատվածներ, երբ պաշտոնապես հայտարարվել է Երկրի հարթ լինելու մասին, որ այն, իբրև թե, հսկայական կրիայի վրա կանգնած չորս հսկայական փղերի վրա դրված հարթ սկավառակ է, կամ այդ նույն միջին դարերում մի ժամանակահատված եղավ, երբ կոնկրետ Եվրոպայում ինկվիզիցիան կանաչ աչքեր ունեցող գեղեցկադեմ ու փոքրամարմին կանանց համարում էր վհուկ ու այրում էր խարույկի վրա. կարճ ասած այսպիսի անհեթեթ օրինակներ հարյուրներով կարող ենք հիշել, եթե շատ փորփրենք պատմությունը:

Ինչո՞ւ եմ գրում այս մասին. բանն այն է, որ կանցնի մի որոշ ժամանակ ու մարդիկ արդեն մեր օրերն են հիշելու և մատնացույց են անելու այսօրվա աշխարհի հզորների կողմից մոգոնված ու ճշմարտության տեղ հրամցվող անհեթեթությունները նույն այնպես, ինչպես որ մենք ենք հիմա հիշում միջին դարերի հզորների կողմից ճշմարտության անվան տակ մոգոնված անհեթեթությունները, և դրանցից մեկը լինելու է այն կարծրատիպը, համաձայն որի՝ կանայք ավելի տոլերանտ են, ավելի խաղաղասեր են ու ավելի զիջող են։ Ամեն տեղ կարելի է լսել այս պնդումը, որի վրա ձևավորում են քաղաքական այն կոնյունկտուրաները, որոնք հարկավոր են իրենց՝ քաղաքական որոշ խնդիրներ լուծելու և մարդկանց ազատությունները սահմանափակելու համար: Ո՞րն է այստեղ խնդիրը, նախ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության տեսանկյունից պիտի մեկընդմիշտ հասկանանք մի բան, որ՝ այո՛, նրանք պիտի իրավահավասար լինեն, սակայն սեռային տարբերությունը ֆիզիոլոգիական ու ինտելեկտուալ տարբերություններ է կանխորոշում, հետևաբար նրանց իրավահավասարությունը անհնար է նույն ստանդարտներով իրացնել: Չփորձեք իմ այս խոսքերի մեջ խտրականություն փնտրել, ես սեռերից որևէ մեկին առավելություն տալու մտադրություն չունեմ, դրանք երկուսն էլ առավել են, բնությունը ամեն ինչ ճիշտ է ստեղծում, ու ամեն սեռ իր ուժեղ ու թույլ կողմերն ունի և իր ունակություններին համապատասխան դերակատարությունը ունի՝ խիստ կարևոր ու անփոխարինելի:

Հիմա կոնկրետ իմ կողմից վերը նշված կարծրատիպի մասով ասեմ, որ ցանկացած կենդանաբան գիտի, որ բնությունը, գոնե կաթնասունների մոտ, էգերին անհամեմատ ավելի չզիջող է ստեղծել, քանի որ կաթնասունների պարագայում ձագերը հիմնականում էգերի հսկողության (խնամքի) տակ են լինում, որի համար էլ, չնայած այն հանգամանքին, որ էգերը ֆիզիկապես ավելի թույլ են, այնուամենայնիվ անհամեմատ ավելի ագրեսիվ ու չզիջող են լինում, դա տեսակի պահպանման բնազդն է, նրանք ձագերին պաշտպանում են մինչև վերջ: Մենք՝ մարդիկս նույնպես կաթնասուն կենդանիներ ենք, ու մեր գիտակցականը կառուցվում է անգիտակցականի վրա, այսինքն բնազդայինի վրա, հետևաբար կանայք, ինչպես մյուս կաթնասունների պարագայում է լինում, անհամեմատ ավելի անզիջում են ու անհամեմատ ավելի ագրեսիվ կարող են լինել, իսկ տղամարդիկ հեշտությամբ են զիջում, որը, իհարկե, չի նշանակում, որ զիջելու դեպքում միշտ հանձնվում են, նրանք հակված են մանևրելուն, որն էլ իրավիճակից դուրս գալու մեկ այլ միջոց է։ Դա էվոլյուցիայի շարժիչ ուժն է, դա ստեղծագործական մոտեցումն է, ու հենց դա է պատճառը, որ տաղամարդիկ անհամեմատ ավելի շատ են զբաղվում գիտությամբ, արվեստով ու գրականությամբ, դա իրենց բնույթն է, իսկ կանայք ապահովում են տեսակի, այսինքն սերունդների պահպանումն ու հաջորդականությունը: Ստեղծագործելու և մանևրելու հակվածությունն է, որ թույլ է տալիս տղամարդկանց հանրային տարածքում ավելի ակտիվ լինել, որի համար էլ նրանց գործողությունները ավելի որոշիչ են, իսկ ընտանիքի ներսում կինն է հիմքն ու հենասյունը, կինն է վերջնական որոշումը կայացնողը: Այնպես որ ֆեմինիստական բոլոր թեզերը կանանց հասարակական և քաղաքական տարածքում ու գիտության ոլորտում տղամարդականց հետ համեմատած ավելի կարևոր դերակատարության մասին՝ հակագիտական պնդում են, հարկավոր չէ բռնանալ կնոջ բնության վրա ու ենթարկել նրան էմանսիպացիայի, դա շատ վատ հետևանքների է բերելու:

Հ․Գ. Հանկարծ չմտածեք՝ դեմ եմ, որ կանայք ակտիվորեն ներգրավվեն հասարակական-քաղաքական կյանքի մեջ, ոչ իհարկե, ես դեմ եմ, երբ արհեստականորեն ուզում են այդ երևույթը խթանել՝ կառավարություններում ու ընտրովի մարմիններում անիմաստ քվոտաներ սահմանելով ու այդ ամենի համար կեղծ և հակագիտական կարծրատիպեր ստեղծելով:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը