Կարծիք

10.12.2019 14:40


Panem et Cicenses! - Հաց և տեսարաններ

Panem et Cicenses! - Հաց և տեսարաններ

Հանրապետության Հրապարակի «տոնածառի միջոցառումներին» քաղապետարանի կողմից հատկացված մոտ 700 000 դոլարի գումարի շուրջ վեճ է սկսվել․ արդյոք աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում արժի՞ այդքան գումար ծախսել նման միջոցառումների վրա, թե՞ ոչ։

Այս մեկուկես տարվա ընթացքում նման վեճեր շատ են եղել։ Հիշենք «Հայաստանն իմ ընտանիքն է․․․» անբովանդակ գրառումը տարածելու համար բյուջեից հատկացված գումարը, «Քաղաքացու օրվա» խորովածը և այլն։ Փաստորեն, խնդիրը ոչ միայն գումարն է, այլ շոուները, որոնք պարբերաբար կազմակերպվում են ժողովրդին «ուրախացնելու» համար։ Մենք գործ ունենք պրիմիտիվ, բայց, այնուամենայնիվ, քաղաքական տեխնոլոգիայի հետ, որի նպատակը կառավարող ուժի լեգիտիմության բարձրացումն է պարզ եղանակով՝ պարզ մտածողություն ունեցող մարդկանց վրա ներազդելու միջոցով։ Այսինքն, այստեղ խնդիրը գումարը չէ, այլ քաղաքականություն է, որը, անկախ բյուջեում եղած գումարի չափից՝ շարունակվելու է։ «Հացը և տեսարանները» մատուցվում են ոչ միայն ժողովրդին, այլև պարգևավճարների տեսքով կառավարող ուժի մասնակիցներին նրանց լոյալությունը գրավելու համար։ Փորձենք հասկանալ այս երևույթի էությունը։

«Panem et cicenses»՝ լատիներեն նշանակում է «հաց և տեսարաններ»։ Այս արտահայտությունը Հին Հռոմում օգտագործվում էր բացատրելու համար այն երևույթը, երբ քաղաքական գործիչները հասարակ ժողովրդին՝ պլեբսին, կաշառում էին պարենային ապրանքներով ու զվարճացնում էին կրկեսային տեսարաններով, որպեսզի ստանան նրանց աջակցությունն իրենց վրա իշխելու համար։

Այս արտահայտությունը տարածում է ստացել Օգտավիանոս կայսրի ժամանակ՝ որպես պլեբսի բնազդներին տուրք տալու կարգախոս, իսկ հռոմեացի երգիծաբան Յուվենալոսն այս արտահայտությունն օգտագործում էր ծաղրելու համար հասարակ մարդկանց եսասիրությունը, որոնք «հացը և տեսարանները» նախընտրում էին հանրային շահից ու քաղաքացիական պարտականությունները կատարելուց։

Հռումում հասարակ մարդկանց բաժանում էին ցորեն ու զվարճացնում գլադիոտարական մարտերով․ ամբոխը դաժան է ու սիրում է տեսնել ուրիշների տառապանքները։ Ավելի ուշ արդեն զվարճանում էին ավելի «ռեալիստական» տեսարաններով․ Christianos ad leones! – քրիստոնեաներին՝ առյուծներին, և դիտում էին, թե ինչպես էին առյուծներին կերակրում քրիստոնեաներով։ Բյուզանդիայում մարդկանց զվարճացնում էին ձիարշավարաններում, որտեղ նաև լուծվում էին քաղաքական հարցեր։ Օրինակ, Հուստինիանոս կայսրի ժամանակ Կոնստանդնուպոլսի ձիարշավարանում հիմնականում հայերից կազմված զորախմբերը կոտորել են մոտ 30 000 ապստամբների՝ դրանով ապստամբներից փրկելով Հուստինիանոսին։

«Տեսարանները» ժողովրդին միշտ էլ մատուցել են, անգամ կրոնական միջացառումների ժամանակ՝ պատարագը, հաղորդությունը նույնպես թատերականացված ներկայացումներ են՝ միստերիաներ, որտեղ ցուցադրում են Հիսուսի տառապանքները, բաժանում նրա «մարմինը ու արյունը»։

Սովետական Միության ժամանակ նույնպես կազմակերպվում էին զանգվածային տեսարաններ՝ «պառադներ», ժողովրդական երթեր և այլն։

Հացը և տեսարանները քաղաքական կատեգորիաներ են։ Հիմա նույնպես մարդկանց պետք է մատուցել տեսարաններ, բաժանել «հաց», կազմակերպել «տոնակատարություններ»։

Յուվենալոսը, որի շնորհիվ մենք հիշում ենք այդ արտահայտությունը, ասել էր․ «Հիմա ժողովուրդը հետաքրքրվում է միայն հացով և տեսարաններով»։

Այս ամենը հասկանալի է, չի կարելի մեղադրել երիտհեղափոխականներին (չնայած՝ ինչն են հեղափոխել, դեռևս հասկանալի չէ) «Panem et Cicenses» քաղաքական տեխնոլոգիան օգտագործելու համար։ Ցանկացած իշխանություն՝ անկախ իր ցանկությունից, ստիպված է լինելու դրանից օգտվել, սակայն խնդիրն այլ բան է․ ո՞րն է այդ տեսարանների ուղերձը, բովանդակությունը, աշխարհայացքային հեղափոխական արժեքը, նոր մշակույթը, հասկանալի չէ։ Մարդկանց բնազդների վրա խաղալը՝ դրան չհաղորդելով որևէ բովանդակություն, երկսայր սուր է հիշեցնում։ Հին Հռոմի ավարտը դրա վկան է։

Հին Հռոմը ահռելի ազդեցություն է ունեցել աշխարհի վրա։ Ըստ էության, այսօրվա Արևմտյան քաղաքակրթությունը Հռոմի ժառանգորդն է, իսկ ժամանակակից իրավական համակարգը հիմնված է հռոմեական իրավունքի վրա։ Սակայն Հռոմը կործանվեց, երբ այդ ավանդույթները սկսեցին խարխլվել՝ հագուրդ տալով ամբոխի բնազդներին։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը