Կարծիք

18.12.2019 10:03


Զբոսաշրջությունը՝ որպես խոստում և սպասելիք

Զբոսաշրջությունը՝ որպես խոստում և սպասելիք

Մեր համարյա բոլոր իշխանություններին միջազգային զբոսաշրջությունը թվացել է մանանա կամ նման մի բան։ 90-ականների վերջին մեր կառավարիչները երազում էին 150 հազար զբոսաշրջիկի այցի մասին։ Հետո երազվող թվերն ավելի «ահագնացան»։ 2013թ․ մեր երկիր այցելեց արդեն մոտ 930 հազար զբոսաշրջիկ։ Աճի տեմպը նախորդ տարվա համեմատ 9․7 տոկոս էր։ Պարզ էր, որ պաշտոնական վիճակագրությունը հենց հաջորդ տարի արձանագրելու էր 1 մլն-ն գերազանցող ցուցանիշ։

Այդ տարիներին շատ փորձագետներ նշում էին, որ արտասահմանյան զբոսաշրջության անվան տակ հաշվառվում են այն հայրենակիցները, ովքեր հանդիսանալով ՀՀ քաղաքացի՝ իրենց այլ երկրի քաղաքացու անձնագրով են այցելում մեր երկիր։ Թե՛ իշխանությունների, թե՛ պաշտոնյա վիճակագիրների պատասխանը նույնն էր՝ «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով»։ Ահա այս պատասխանի հանգույն՝ 2014թ․ արձանագրվեց միջազգային մոտ 1 մլն 204 հազար զբոսաշրջիկի այց։ Նախորդ տարվա համեմատ աճի տեմպը ևս բարձր էր՝ 11․3 տոկոս։

Հաջորդ տարի տարօրինակ բան կատարվեց։ Այսօր էլ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում հնարավոր չէ ճշտել, թե պաշտոնապես որքան զբոսաշրջիկ է այցելել այդ թվականին մեր երկիր։ 2015-ի առաջին եռամսյակի պաշտոնական թիվը 0․2 տոկոսով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։ Երկրորդ եռամսյակում պաշտոնապես 1․8 տոկոսանոց աճ արձանագրվեց։ Վերջին պաշտոնական թիվը 4 տոկոսի նվազում էր «գուժում»։ Իսկ տարեկան ամփոփ տվյալ չկա։ Բայց 2016 թ․ պաշտոնական տվյալներում նշվում էր, որ այդ տարին 2015-ի համեմատ մոտ 5․7 տոկոս աճ էր արձանագրել։ Բարդ չէ հաշվարկել, որ այդ տարվա ցուցանիշը մոտավորապես 1 մլն 200 հազարի սահմաններում է՝ 2016-ի մոտ 1 մլն 260 հազարի դիմաց։ Այսինքն, պաշտոնական վիճակագրությունն առ այսօր փորձում է թաքցնել, որ 2015-ին միջազգային զբոսաշրջության նվազում է եղել։ Փոխարենը հենց հաջորդ տարին պատմական ամենաբարձր աճի տեմպ արձանագրեց՝ 18․7 տոկոս։ Հրապարակվեց, որ այդ տարի մեր երկիր է ժամանել մոտ 1․5 մլն զբոսաշրջիկ։

2018-ին նոր իշխանությունները ևս առանձնահատուկ հույսեր կապեցին ոլորտի հետ։ Բոլորին թվում էր, թե միջազգային զբոսաշրջիկները հերթ են կանգնելու հայոց բիբլիական հայրենիք այցելելու համար։ Իսկ դա, բնականաբար, ֆինանսական միջոցների ներգրավման նոր ու կարևոր աղբյուր էր դարձնելու ոլորտը։ Կարելի է ենթադրել, որ նույն սպասումն ունեին նաև վիճակագիրները։ Նրանք ոլորտը սկսեցին ավելի մանրամասն հաշվառել։ Վրաց վիճակագրությունն, օրինակ, հաշվառում է, թե կոնկրետ որ երկրից որքան զբոսաշրջիկ է ժամանում։ Որքան և ինչ նպատակով են զբոսաշրջիկները գումար ծախսում։ Նույնիսկ հաշվարկում և հրապարակում են, թե որ երկրներից ժամանած զբոսաշրջիկներն են ավելի «առատաձեռն»։ Մերոնք առայժմ բավարարվում են ճշտելով, թե զբոսաշրջիկներից քանիսն են օգտվում հյուրանոցային կացարաններից, քանիսն են տուրիստական գործակալությունների միջոցով ժամանում Հայաստան։ Մինչդեռ ի սկզբանե հայտնի էր, որ զբոսաշրջիկների մեծ մասը գերադասում է բնակվել հարազատների մոտ։ Այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով հյուրանոց-կացարաններից օգտվել է զբոսաշրջիկների 28․5 տոկոսը։ Հնարավոր է՝ սա բավարար ցուցանիշ է։ Բայց մյուս ցուցանիշի մասին դրական պնդում անելն անհնար է։ Մեր երկիր ժամանող միջազգային զբոսաշրջիկների միայն 0․5 տոկոսն է օգտվում տուրիստական գործակալությունների ծառայություններից։

Վերջում արձանագրենք՝ հարկավ 2018-ը քանակական առումով ավելի շատ զբոսաշրջիկ արձանագրեց՝ մոտ 1 մլն 652 հազար։ Բայց աճի տեմպը՝ 10․5 տոկոս, էականորեն զիջում էր 2017-ի ցուցանիշին։ Այս տարի հունվար-սեպտեմբերին այցելությունների քանակը մոտ 1 մլն 459 հազար է։ Դժվար չէ հաշվարկել, որ աճի տեմպը շարունակում է նվազել։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը