Քաղաքական

23.12.2019 12:16


Նիկոլ Փաշինյանը TIME-ում պատվիրված հոդվածը ներկայացնում է որպես ձեռքբերում

Նիկոլ Փաշինյանը TIME-ում պատվիրված հոդվածը ներկայացնում է որպես ձեռքբերում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հեղինակավոր TIME շաբաթաթերթի էջերից մեկը և մեկնաբանել.

«Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Time»-ը»:

Փաշինյանի այս գրառումով կիսվեց նաև Կառավարության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ «TIME'ն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին: Ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»՝ հաշվի առնելով հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը»։

Հետաքրքիր է, սակայն, այն փաստը, որ հրապարակումը արված է «The Intelligent Invester»-ի կողմից, ինչպես փաստում է ֆեյսբուքյան օգտատեր Ուիլյամ Բայրամյանը: Պետք է նկատել նաև, որ ТIME-ը ոչ թե ամսագիր է, ինչպես ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, այլ շաբաթաթերթ:

TIME շաբաթաթերթի «The Intelligent Investor» բաժինը մատուցում է «բրենդավորման, բովանդակության, հրապարակումների և սոցիալական ցանցերում» ծառայություններ, որոնք կօգնեն ներդրողներին ճիշտ ընտրություն կատարել: Ծառայության բաժնում նշվում է, որ ինչ էլ որ լինի գովազդվող սուբյեկտը, «The Intelligent Investor»-ը կստեղծի այնպիսի միջավայր, որը կնպաստի վերջինիս սուբյեկտայնության աճին և հնարավորություն կտա հասնել դրված նպատակներին:

Ստացվում է, որ արդեն երկու տարի տնտեսական հեղափոխության խոստումներով և տնտեսական հսկայական աճ «ապահովող» Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հույսը դնում է նաև հեղինակավոր ամսագրերի տնտեսական գովազդային հնարավորությունների վրա:

Հարկ է նշել, որ այս ծառայությունը վճարովի է: Պատկերացնելու համար, թե ինչ գումարի մասին է խոսքը, կարող ենք հաշվի առնել մոտավորապես այն արժեքը, որ պետք է վճարել TIME-ում պարզապես գովազդ ունենալու համար: Տարբեր հաշվարկներով գումարը տատանվում է 77.600-265.000 դոլարի սահմաններում: Նկատենք, որ դատելով Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակվող նյութի չափից, այն կծածկի էջի մոտ 1/3-ը, ուստի գովազդի արժեքը կտատանվի 265 հազար դոլարի միջակայքում:

Հայաստանում տնտեսական ցուցանիշները իրականում այնքան էլ տպավորիչ չեն, ինչպես ներկայացվում է հրապարակման մեջ:

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է նաև այն փաստով, որ TIME-ը Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»: Սակայն պետք է փաստել, որ այս արտահայտությունը նոր չէ: Դեռևս 2007 թվականին Համաշխարհային բանկի կողմից հրապարակվել է «The Caucasian Tiger: Sustaining Economic Growth in Armenia» («Կովկասյան վագրը. Պահպանելով Հայաստանում կայուն տնտեսական աճը») աշխատությունը:

Աշխատանքի նախաբանում գրված է.

«Այս գիրքը նպատակ ունի բացատրել հսկայական (stellar/ աստղային) աճի ռեկորդի հիմքում ընկած գործոնները, որոնք հանգեցրել են Հայաստանի ՝ որպես Կովկասյան վագրի ի հայտ գալուն և տրամադրել քաղաքական խորհուրդներ Հայաստանի իշխանություններին ՝ այս աճի շարունակականությունն ապահովելու համար»։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական տնտեսության մեջ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, և Նիկոլ Փաշինյանը ձգտում է այն ստվերել հեղինակավոր ամսագրերում պատվիրված հոդվածների կամ իր ընտանիքի մասին պատմելու միջոցով:

Աղբյուրը՝ antifake.am

Այս խորագրի վերջին նյութերը