Քաղաքական

24.12.2019 18:00


Արմեն Թավադյանին ձերբակալել են (տեսանյութ)

Արմեն Թավադյանին ձերբակալել են (տեսանյութ)

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց։ Այս մասին հայտնել են ՀՔԾ-ից։

Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հրապարակը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասել է․ «Այս ձերբակալությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Լրատվամիջոցի ղեկավարին՝ ակնհայտ մտացածին գործի շրջանակներում ձերբակալելը կոնկրետ եզրակացությունների տեղիք է տալիս։ Ես սպասում եմ ՀՔԾ պարզաբանումներին, որից հետո ավելի մանրամասն կանդրադառնամ հարցին»։

yerevan.today-ը հայտնում է, որ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կասկածյալի կարգավիճակ ունի, ձերբակալման հիմքերը պարզ չեն, որովհետև ձերբակալման արձանագրության մեջ նշված չէ որևէ գործողություն, որը կատարվել է նրա կողմից, այլ նշված են այլ անձանց գործողություններ, և դրանք վերջում վերագրվել են պարոն Թավադյանին, այսինքն՝ որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր որ գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի։

«Եթե Վարուժանը Մկրտչյանն է ենթադրյալ հանցագործություն կատարողը ՀՔԾ-ի կարծիքով, և փորձում են են կապել դա Արմեն Թավադյանի հետ, ապա որևէ տարբերակված մոտեցումը մեզ կրկին կասկածների տեղիք կտա, որ ուղղորդված գործընթաց է Արմեն Թավադյանի դեմ»,-նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ Արմեն Թավադյանը որևէ վերաբերմունք չի դրսևորել, ցուցմունք չի տվել, հրաժարվում է առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ, գտնում է, որ որևէ հիմք չկա իրեն հետապնդման ենթարկելու։

«Կարծում ենք, որ սա պարոն Թավադյանի քաղաքական գործունեության, ինչպես նաև որպես ԶԼՄ-ի սեփականատեր իր գործունեության հետ է կապված՝ վերջինիս լռեցնելու համար»,-ասաց Խուդոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը