Կարծիք

25.12.2019 11:21


Ազատ խոսքը ենթարկվեց հերթական հարձակման

Ազատ խոսքը ենթարկվեց հերթական հարձակման

Հայաստանում ազատ խոսքը պարբերաբար ենթարկվում է բացահայտ եւ քողարկված հարձակումների: Իշխանության եկած քաղաքական ուժն այլեւս չի կարողանում թաքցնել, որ տանել չի կարողանում իրենից անկախ գործող լրատվամիջոցների գործունեությունը:

Երբ ֆեյսբուքյան լրահոսում աչքովս ընկավ «Ձերբակալվել է 5-րդ ալիքի սեփականատերը» վերնագրով լուրը, մտածեցի, որ լայք հավաքողների հերթական հնարքն է, բայց...

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է մի երկրում, որի թիվ մեկ պաշտոնյան առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե մամուլը Հայաստանում երբեք այսքան ազատ չի եղել:

Թավադյանի ձերբակալությունն այնքան անհեթեթ է, որ անգամ դժվար է բառերով նկարագրել իրավիճակի անլրջությունը: Ձերբակալման հիմքերը պարզ չեն անգամ նրա փաստաբաններին, իրավաբաններին: Տրամաբանական բացատրություն չկա, թե Թավադյանի որ գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի։

Ավելի քան պարզ է, ակնհայտ, որ Թավադյանի ձերբակալության հիմնական պատճառը 5-րդ ալիքի գործունեությունն է: Փորձ է արվում լռեցնել ազատ խոսքը, ազատ միտքը: Այս ամենը չի կարող չմտահոգել հանրության առողջ հատվածին:

Կառավարող ուժը, կարծես թե, խնդիր է դրել լռեցնել այն խոսքը, այն միտքը, որը դուրս չի գալիս կառավարության շենքից կամ կառավարական առանձնատնից: Ինչի մասին է վկայում այս ամենը՝ իշխանությունների թուլության եւ ազատ մամուլի նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի:

Այս ամենը թուլացնում է պետությունը, հարվածում մեր անվտանգությանը, դանդաղեցնում մեր առաջընթացը: Տպավորություն է, թե իշխանությունների երազանքն է, որ երկրում մամուլը, լրատվամիջոցները լինեն այնպիսին, ինչպիսին խորհրդային տարիներին էին: Ափսոս, որ համառորեն չեն հասկանում, որ այդպես այլեւս չի կարող լինել:

Yerevan.Today-ը խուզարկում են ու տեխնիկան տանում, իբր ուզում են իրավական պետություն կառուցել: «Հայելիի» վրա ձու են նետում, մնում անպատիժ, «Ժողովուրդ» օրաթերթի օֆիսն են տակնուվրա անում, իսկ մինչ օրս հանցագործները բերման չեն ենթարկվում (հիմա ձեռնաշղթաներով բերման են ենթարկում ուսխորհրդի նախագահներին): «Բլոգնյուզի» խմբագրին են հրավիրում ԱԱԾ, News.am-ից ինչ-որ անհասկանալի պահանջով գրասենյակ են գնում, իհարկե, կրկին իրավական պետություն կառուցելու համար: «Կենտրոնի» լրագրողն ու օպերատորը խուժանի կողմից, «հպարտների» եւ «դուխովների» կողմից հարձակման են ենթարկվում: Յուրաքանչյուր հոդվածի հեղինակ ֆեյսբուքում արժանանում է հայհոյանքների եւ անեծքների, եթե համարձակվում է քննադատել գործող իշխանություններին եւ հատկապես վարչապետին:

Այս ամենն արդեն անսահմանության աստիճանի զզվելի ու անդուր է: Այս ամենն արդեն վաղուց քայքայում եւ թուլացնում է պետությունն ու հասարակությունը:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը