Քաղաքական

25.02.2011 14:21


Ինչու՞ եք լռել

Ինչու՞ եք լռել

Հայաստանի քաղաքագետների միության վարչության դիմումը միջազգային հանրությանը

Երեք տարի է անցել մարտիմեկյան ողբերգությունից, սակայն առայսօր անպատասխան են մնում այն հարցերը, որոնք Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը բարձրացրել է իրադարձությունների թարմ հետքերով ընդունված հատուկ հայտարարությունով՝ դեռ 2008 թվականի ապրիլին (տես՝ «Հայկական ժամանակ», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «168 ժամ», ապրիլ 22, 2008 թ.): Դրանց քննարկմանն ու լուծմանը խորամուխ լինելու փախարեն՝ իշխանություններն անցած տարիների ընթացքում ամեն ինչ արեցին մարտիմեկյան ողբերգության հանրային հետաքննության մեր կողմից առաջ քաշված գաղափարը բովանդակազրկելու ու տապալելու համար:

Սերվելով 2008 թվականի մայիս-օգոստոս ամիսներին անցկացված մեր կլոր սեղանի քննարկումներից, մարտիմեկյան ողբերգության հանրային հետաքննության գաղափարը առարկայացավ Փաստահավաք խմբի ձևավորման միջոցով: Ապահովելով իշխանության, ընդդիմության և ՀՀ օմբուդսմանի համատեղ ներգրավվածությունը, Փաստահավաք խմբի ձևաչափը ստեղծում էր ճշմարտությունը բացահայտելու և մարդասպաններին իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: Դրանով էր պայմանավորված Փաստահավաք խմբի լուծարման մասին Սերժ Սարգսյանի որոշումը, որի ընդունման կայծակնային արագությունը ոչ մի կասկած չթողեց. Փաստահավաք խմբին իսկապես հաջողվել էր մոտենալ մարտիմեկյան ողբերգության իրական մեղավորների բացահայտմանը:

Անցած տարիների ընթացքում հայ հանրության այդ համոզմունքը ոչ միայն չփարատվեց, այլ ի շնորհիվ իշխանությունների վարած քաղաքականության, էլ ավելի ամրապնդվեց: Պարզ դարձավ, որ հանուն մարտիմեկյան սպանդի քաղաքական արդյունքների պահպանման, գործող վարչախումբը պատրաստ է յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր օրը վերածել մի նոր «մարտի 1-ի»: Որդեգրելով մարդատյաց Կալիգուլայի «թող ատեն, բայց՝ վախենան» հայտնի գործելակերպը, իշխող վարչախումբը երկրում սերմանում է ստորության, թալանի, ապերախտության, ստախոսության, ուժի և ուժեղի սանձարձակության և, վերջապես, դաժանության ու արնախումության մթնոլորտ: Երբեք՝ հայ ժողովրդի պատմության և ոչ մի ժամանակաշրջանում չի եղել այսպիսի բարոյական անկում, չեն եղել եղբայրասպանության այսքան բազմաթիվ, այդչափ հրեշավոր, հիրավի սահմռկեցուցիչ դեպքեր, որքան այս երեք տարիների ընթացքում: Երբեք հայ մարդը սեփական երկրում այդքան հիասթափված, դառնացած ու անպաշտպան չի եղել, քան այսօր, երբեք չի ապրել այն գիտակցությամբ, որ նույնիսկ հարազատ ազգային բանակում ծառայելիս, նույնիսկ ռազմաճակատի առաջին գծում մեռնելու դեպքում երաշխավորված չի հերոսաբար զոհվել թշնամու փամփուշտից, բայց ցանկացած պահի կարող է, ինչպես մարտի 1-ի նահատակները, խփվել եղբայրասպան ձեռքով: Ամիս չի անցնում, որ մենք հերթական անգամ չցնցվենք մեր եղբայրների ու որդիների անիմաստ, անփառունակ մահը գուժող լուրերից, որոնք, բացի մեր մեծաթիվ գեներալներից, նրանց անդրդվելի Գերագույն գլխավոր հրամանատարից, պալատական ինտրիգների ու կոռուպցիայի մեջ թաղված նրանց ազգականներից, ոչ մեկին անտարբեր չեն թողնում: Ահավասիկ, մենք ստիպված ենք արձանագրել, որ «մարտի 1-ը» մեզանում տևում է արդեն հազար ու մեկ օր, և դեռ կտևի անքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել այդ հրեշավոր չարագործության քաղաքական պատճառներն ու հետևանքները:

Մենք համոզված ենք, որ մարտի 1-ի ողբերգությունը երկրում տևական ժամանակաշրջանում սերմանվող ուժի և ուժեղի պաշտամունքի ուղղակի հետևանքն է: Հայաստանի քաղաքագետների միությունը, հավատարիմ մնալով նորաստեղծ հայոց պետականության օրոք հիմնադրված առաջին ոչ կառավարական կազմակերպության իր բարձր առաքելությանը (ՀՔՄ-ն հիմնադրվել և պաշտոնապես գրանցված է 1990 թվականի դեկտեմբերին), միշտ հետևողականորեն հանդես է եկել հանրային կյանքին ուժային կառույցների չմիջամտելու պահանջով, քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ուժայինների ազդեցությունից հեռու պահելու անհրաժեշտության օգտին: Որքան հերոսական էր հայոց բանակի առաքելությունը երկրի սահմանների պաշտպանության գործում, նույնքան իր հետևանքներով ողբերգական էին հանրային կյանքին բանակի միջամտության բոլոր դրսևորումները: Մարտի 1-ը այդ դրսևորումներից ամենաողբերգականն է, սակայն քանի դեռ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դավանում է □Ուժն է ծնում իրավունք□ չափազանց վտանգավոր սկզբունքը և միաժամանակ հետևողականորեն ընդլայնում է իր հատուկ հարաբերությունները բանակի հրամանատարական վերնախավի հետ, մարտի 1-ի կրկնությունը դոմոկլյան սրի նման մնալու է կախված հայ ժողովրդի գլխին:

Միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի, որ իշխող ՀՀԿ-ի և բանակի սպայական վերնախավի միջև 1998 թվականից հետո ձևավորված ալյանսը այսօր դարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը արգելափակող անհաղթահարելի խոչընդոտ: Եթե Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք մեզ հաջողվեց «Միասնություն» դաշինքի կազմավորման միջոցով առժամանակ չեզոքացնել ուժայինների ազդեցությունը, ապա հետագայում իրավիճակը փոխվեց: Դրա ապացույցն է այն, որ եթե 1998 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, անսալով նրան հատուկ այդ նպատակով այցելած ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի փաստարկներին, հրաժարվեց նախագահական ընտրություններում շտաբի պետի դերում հանդես գալու առաջարկից, ապա 2003 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստակամորեն ստանձնեց Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետի պարտականությունները: Եթե 2003 թվականին Ռ. Քոչարյանը չգնար երկրորդ փուլ և առաջին փուլից հետո իրեն նախագահ հռչակեր, ինչպես դա 2008 թվականին արեց Ս. Սարգսյանը, այդ ժամանակ էլ չէր հաջողվելու խուսափել «մարտի 1-ից»:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ողբերգությունների հիմքում ընկած է ոչ թե միջկուսակցական մրցակցությունը, որպես այդպիսին, այլ հենց այն իրավիճակը, երբ ուժի և ուժեղի հեթանոսական պաշտամունքը դավանող կուսակցությանը հաջողվում է հատուկ սերտ ալյանս ձևավորել սպայական վերնախավի հետ և ներքաղաքական պայքարում հենվել ամենահզոր ուժային կառույցի՝ բանակի վրա: Այդ օրինաչափությունը ցայտուն ձևով դրսևորվել է երրորդ ռեյխի կազմավորման փուլում, երբ հեթանոսական «իդեալներ» դավանող նացիոնալ-սոցիալիստներին հաջողվեց հատուկ հարաբերություններ ձևավորել գերմանական բանակի սպայակազմի հետ:

Մարտի 1-ի ողբերգությունից հետո անցած երեք տարիները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում հայաստանյան հանրային կյանքի վրա ուժայինների ազդեցությունը հասել է կրիտիկական կետի: Այսօր ուժայինները հավակնում են կազարմաներից իշխանության կամքը թելադրել ոչ միայն պետական քաղաքացիական հաստատություններին և առանձին քաղաքացիներին, այլ նույնիսկ քաղաքացիական հասարակության սրբության սրբոցը հանդիսացող ոչ կառավարական կազմակերպություններին: Դրա վառ ապացույցն է վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարության շենքում կազմակերպված այսպես կոչված «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» հիմնադիր համաժողովը: Հերիք չէ, որ «ոչ կառավարական կազմակերպության» հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել պաշտպանության նախարարությունում, համաժողովի մասնակիցները բացահայտորեն ոտնահարելով ՀՀ Սահմանադրության 8.2 և 28, ինչպես նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածների ոգին ու տառը, կազմակերպության նախագահ են «ընտրել» (ՊՆ-ում ի՞նչ ընտրություններ) բանակի գործող գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին (տես՝ «Հայաստանի Հանրապետություն», 27-ը հունվարի): Հասկանալի է, որ մարտի 1-ի զոհերի արյան գնով Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին տիրացած անձնավորությանը պետք են հենց բանակային կարգապահության պահանջները բավարարող «քաղաքագետներ». նրանք առանց ավելորդ հարցերի, ինչպես ժամանակին կատարում էին ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի առաջադրանքները, այնպես էլ այսօր կկատարեն Ս. Սարգսյանի հրամանները, ինչպես ժամանակին Գորբաչովի պատվերով Կարեն Դեմիրճյանի վրա էին ցեխ շպրտում, այսօր էլ հեռուստատեսության առաջին ալիքով Հմայակ Հովհաննիսյանի վրա են ցեխ շպրտում: Շատ բնական է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություններից հետո քոթանջյանները դարձան գեներալներ, իսկ մարտի 1-ի սպանդից հետո՝ հավակնում են ՊՆ-ից քաղաքացիական ոլորտը ղեկավարելու □իրավունքին□. չէ՞ որ Հայաստանում այսօր ուժն է ծնում իրավունք… Անհասկանալի է միայն այն, թե ինչու՞ են լռում քաղաքակիրթ արևմտյան ժողովրդավարական երկրների ներկայացուցիչները, ինչու՞ չեն տեսնում Հայաստանում հանրային կյանքի խորացող ռազմականացումից բխող լուրջ վտանգները, ինչու՞ իշխող վարչախմբին չեն ներկայացնում այս խայտառակ իրավիճակին վերջ դնելու կոշտ պահանջ:

Հայ ժողովուրդը այսօր քաղաքակիրթ պետությունների և միջազգային հանրության օգնության կարիքն ունի՝ մարտիմեկյան ողբերգության քաղաքական հետևանքների հաղթահարման համար: Մոտենում է ճշմարտության պահը, և մեր ժողովուրդը շուտով հնարավորություն կունենա ճանաչել, թե ովքեր են մեր երկրի իրական բարեկամները, ովքեր են ցանկանում հայ ժողովրդին տեսնել իր արժանի տեղում՝ եվրոպական ընտանիքում, և մյուս կողմից՝ ովքեր են ձգտում երկարաձգել ասիական տիպի բռնապետության ողբերգական ներկան:

Հայաստանի քաղաքագետների միության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը