Կարծիք

09.01.2020 10:59


Աշխատատեղերի պաշտոնական հաշվարկ

Աշխատատեղերի պաշտոնական հաշվարկ

Տոնական ընդմիջումից հետո վերադառնանք տնտեսության վերլուծությանը։ Հատկապես, որ այս օրերին մեր տնտեսության մասին հակասական տեղեկություններ են հրապարակվում։

Պաշտոնապես հրապարակվող ու հետո պաշտոնապես հերքվող տեղեկություններին շատերն են անդրադառնում։ Մենք այլ թեմա դիտարկենք։ Հատկապես, որ հետաքրքիր զուգատիպությամբ մեր վիճակագրական կոմիտեն տարեվերջին հրապարակեց «Աշխատանքի շուկան Հայաստանում․ 2019» հաշվետվությունը։

Զուգատիպությունն այն է, որ վարչապետի ամանորյա ուղերձի մեկ պարբերություն հենց այս թեմային էր նվիրված։ Ուղերձում ասվում է․ «2018թ․ մայիսից ի վեր ի հայտ է եկել շուրջ 84 հազար նոր աշխատատեղ»։ Նախ նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը մոտ մեկ տարվա կտրվածքով է հաջողում ամփոփել աշխատանքի շուկայի տեղեկատվությունը։ Վերը նշված հաշվետվության վերնագրում «2019» նշումը բառացիորեն պետք է հասկանալ «2019թ հունվարի 1-ի դրությամբ», որովհետև այստեղ ամփոփված են 2018-ի տվյալները։

Առաջինը ներկայացնենք մեր աշխատուժի բացարձակ թվաքանակը՝ 1 մլն 293․3 հազար մարդ։ Աշխատուժի թվաքանակում գումարվում են զբաղվողների ու գործազուրկների քանակը։ Պաշտոնական վիճակագրությունը ունի աշխատուժի մասնակցության մակարդակի հաշվարկ։ Այն ներկայացնում է, թե աշխատուժի քանի տոկոսն է զբաղված։ 2019թ․ հունվարի 1-ի դրությամբ զբաղված է 58․9 տոկոսը։ Զբաղվածության ամենացածր մակարդակն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում՝ 48․6 տոկոս։ Տավուշի, Շիրակի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում զբաղվածության ցուցանիշը հանրապետական միջինից ցածր է։ Հետևաբար բարձր են միայն մայրաքաղաքի և Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ցուցանիշները։

Ըստ այս հաշվետվության՝ մեր երկրում գործազուրկ է հայտարարվում 245․4 հազար մարդ։ Սակայն այս ցուցանիշից զատ պաշտոնական վիճակագրությունը մեկ այլ տերմին էլ է կիրառում։ Կիրառում է, հավանաբար, տխուր պատկերը մեղմելու «ազնիվ» ձգտումով։ Խոսքը «պաշտոնապես գրանցված գործազուրկ» տերմինի մասին է։ Այդպիսին համարվում է այն անձինք, ովքեր աշխատանք փնտրելուց զատ գրանցվել են զբաղվածության պետական ծառայությունում։ Ա գծապատկերից ակնհայտ է, որ այդպիսի գործազուրկների քանակը 2018-ին ամենևին էլ պատմականորեն ամենացածրը չէ։ Հետևաբար այս տվյալները միանշանակ տնտեսագիտական վերլուծությունից զատ կարող են նաև տարբեր ընկալումներ ունենալ։

Գործազրկության պատկերը նկարագրելիս վիճակագրությունը բազմաթիվ մասնագիտական տվյալներ էլ է ներկայացնում։ Մասնագիտական ու մանրամասնող տվյալներ, որոնք կարող են օգնել պատկերն ամբողջական ու չաղճատված տեսնել։ Պաշտոնական գործազրկության կրճատման մասին տվյալների կողքին, օրինակ, հրապարակվում է «գործազրկության միջին տևողությունը» ներկայացնող ցուցանիշը։ Գործազրկության կրճատման հետ ամենևին էլ համահունչ չէ այն, որ մեր երկրում աճում է այդ երևույթի միջին տևողությունը։ Բ գծապատկերում այդ փաստն ակնհայտ է։

Եթե 2016թ․ տվյալներով աշխատանք գտնողը այն փնտրել է 26․9 ամիս, ապա 2017-ին՝ 30․8 ամիս։ Իսկ 2018-ին տվյալներով գործազուրկը աշխատանք գտնելու համար ստիպված է եղել միջինը 33․7 ամիս փնտրել։ Այս փաստն ակնհայտ հակասության մեջ է գործազրկության կրճատման պաշտոնական տվյալների հետ։ Ի վերջո, վիճակագրությունը շատ բազմաշերտ է։ Հետևաբար այստեղ հետքերը թաքցնելը համարյա անհնար է։

Սրանից զատ 2018-ից փոխվել է գործազրկության հաշվառման մեթոդաբանությունը։ Հարկ է, օրինակ, ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հիմա պաշտոնապես ոչ գործազուրկ՝ այսինքն «զբաղված են համարվում այն անձինք, ովքեր շաբաթական գոնե 1 ժամ վարձու կամ ոչ վարձու աշխատանք են կատարում»։ Ասեք, որ լուրջ մեթոդաբանական նվաճում է՝ զբաղված համարել մարդուն, ով շաբաթական մեկ ժամյա զբաղմունք է գտել։ Զբաղմունք, որի համար վարձ չի էլ ստանում։

Մնում է ավելացնել, որ մեր երկրում զբաղվածների 25 տոկոսից մի փոքր ավելին պետական աշխատատեղերով է «ապահովված», իսկ 75 տոկոսից մի փոքր պակասը՝ ոչ պետական։

Վարչապետը ամանորյա ուղերձում նաև նշեց․ «Դեռ ավելին, այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան»։ Զբաղվածության մասին մեջբերված պաշտոնական բացատրության մեջբերումից հետո նշված «հազարավոր թափուր աշխատատեղերի» մասին ցանկացած արտահայտություն ծաղր կընկալվի։ Ուստի թեման ներկայացնենք հաջորդիվ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը