Լրահոս

09.01.2020 13:35


«Շտապ օգնությունը» Երևանում տոնական օրերին սպասարկել է 8 146 կանչ

«Շտապ օգնությունը» Երևանում տոնական օրերին սպասարկել է 8 146 կանչ

Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության» ծառայությունը ամանորյա տոնական օրերին սպասարկել է 384-ով ավելի շատ կանչեր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Ընդ որում, թունավորման դեպքերով կանչերի դեպքերը քիչ են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տոնական օրերին` դեկտեմբերից 30-ից մինչև հունվարի 7-ը, «Շտապ օգնությունը» կատարել է 8 հազար 146 կանչ, որը 384 կանչով ավելի է, քան անցյալ տարվա կանչերը: Հիվանդանոց է տեղափոխվել է 1 657 հիվանդ, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 350-ով: Մանկական կանչերի թիվը տոնական օրերին 798 է եղել` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 134-ով ավելի: Եվ հիվանդանոց է տեղափոխվել է 276 երեխա, որը 23-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց` հունվարի 6-ին գրանցվել է կանչերի ամենամեծ թիվը` 976, հիվանդանոց են տեղափոխվել 220-ը:

«Շտապ օգնությունը» կենցաղային պայթուցիկների օգտագործումից վնասման 9 դեպքով կանչ է ստացել, որից 2-ը եղել են երեխաներ, 7-ը` մեծահասակ: Հիվանդանոց է տեղափոխվել միայն 3 մարդ, որոնցից մեկը՝ երեխա:

Անդրադառնալով թունավորման դեպքերին` նա նշեց, որ ոգելից խմիչքից ինքնազգացողության վատացման համար ունեցել են 81 կանչ, որից 34-ը տեղափոխվել են հիվանդանոց: Սննդային թունավորմամբ 2 անձի տեղափոխել են հիվանդանոց` հետազոտման:

Անդրադառնալով կանչերի թվի ավելացման պատճառներին` Ստեփանյանը նշեց, թե միտումն այնպիսին է, որ կանչերի թիվն ամեն տարի ավելանում է: Նրա կարծիքով` միգուցե պատճառներից մեկն էլ վստահությունն է, մարդիկ ուզում են ծանոթանալ նոր կադրային քաղաքականությանը, նոր սարքավորումներին: Տոնական օրերին թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել: Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերն անցյալ տարվա համեմատ 213 դեպքով նվազել են: Մարդիկ ուղղակի վատ են զգացել և զանգահարել են «Շտապ օգնություն»` անկախ նրանից, որ պոլիկլինիկաները հերթապահել են, աշխատել են այդ օրերին»,-ասաց Ստեփանյանը:

Անհիմն կանչերի պակաս ևս չի եղել: Ստեփանյանի խոսքով` անգամ դեպք է եղել, որ քաղաքացին կանչ է գրանցել` ինքնազգացողության վատացման համար, սակայն խնդրել է օգնություն ցուցաբերել կատվին:

Շտապ օգնության կանչերի ընդհանուր թիվը 2019-ին կազմել է 262 հազար 441, որը 14 հազար 558 կանչով ավելին է, քան 2018-ին: Հիվանդանոց է տեղափոխվել 59 հազար 671 հիվանդ, որն ավելին է, քան 2018-ին հիվանդանոց տեղափոխվածների թիվը: Մանկական կանչերի թիվը նախորդ տարի եղել է 27 հազար 75, որը 2018-ի համեմատ ավելի է 506-ով, և հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 2019-ին եղել է 11 հազար 183` 2018-ի 1235-ի համեմատ:

Այս խորագրի վերջին նյութերը