Կարծիք

24.01.2020 15:18


Պետություն մերժողները. գողական ենթամշակույթի ու «Իմ քայլի» ընդհանրությունները

Պետություն մերժողները. գողական ենթամշակույթի ու «Իմ քայլի» ընդհանրությունները

Գողական ենթամշակույթի դեմ քրեական օրենք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտավորականությունն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղավորներ են փնտրում ու որպես մեղավոր կարգում գողական աշխարհը։ Ինչպե՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հավատում են ինչպես քրիստոնյան Աստծո երկրորդ գալստյանն է հավատում։

Տասնամյակներ աղքատությունը, եկամուտների անարդար բաշխումը նրանք անվանում են «քրեօլիգարխիկ» համակարգի հետևանք, օլիգարխ հասկացանք, բայց ի՞նչ կապ ունի քրեականը, քանի որ այս անարդար համակարգը գործել է ու գործում է բոլոր կոպիտալիստական երկրներում մինչև այն պահը, երբ ձախ դիմադրութունները չեն ստիպել նահանջել, պետությանը ստիպել պարտավորություն վերցնել քաղաքացիների ապահով կյանքի համար, առավել տանելի կյանքի պայմաններ ստեղծել ու ընդլայնել հանրային տարածքները։

Օրենքով գողերը քրեականացվեցին նաև Ռուսաստանում ու Վրաստանում նույն պատճառով, իբր նրանք են մեղավոր որ կյանքը անարդար է, սակայն դիցուք Վրաստանում կյանքը դրանից չլավացավ, իսկ Ռուաստանում էլ տնտեսական տեղաշարժեր եղան բոլորովին այլ պատճառներով, առաջին հերթին ռեսուրսների եկամուտները առավել արդար վերաբշխման շնորհիվ։

Ընդհանրապես լիբերալիզմն ու Սովետական հանցագործ աշխարհի ենթամշակույթը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ ընդդիմություն էին Սովետական համակարգին։ Սովետը պետության դերը հասցրել էր այնպիսի ծայրահեղության, որ քաղաքացիներին չնչին մասնավոր տարածք էր թողել։ Այդ պայմաններում մի կողմից առաջացավ լիբերալ դիսիդենտ մտավորականությունը, որը հայացքը արևմուտքին հառած, կրոնական հավատով էին լցված ազատականության, կապիտալիզմի նկատմամբ, այնպես, որ հանուն կապիտալիստական կարգերի վերադարձի՝ եռանդով գնում էն բանտեր, զրկանքների ենթարկվում։ Նրանք կրոնական մոլեռանդի պես հավատում էին, որ դրախտը կգա, եթե պետության դերը նվազագույնի հասցվի, որ միակ ճշմարիտ հասարակարգը հիմնված է մասնավոր սեփականության վրա, որ պետք է մասնավորեցնել հնարավորինս ամեն ինչ, առավել արմատականները վստահ էին, որ մասնավորեցումը պետք է հասնի այնտեղ, ուր պետությունը վերանում է ընդհանրապես։

Մյուս կողմից Սովետում ստեղծվեց հանցագործ ենթամշակույթը, որ չէր ճանաչում պետական հաստատությունները, նա ով հավակնում էր օրենքով գող դառնալ, պետք է իր կյանքում երբևէ պետության ծառայող եղած չլիներ, նույնիսկ պետական հաստատությունում գործարք կնքած չլիներ։ Այսպիսով, ինչպես լիբերալ դիսիդենտները, այնպես էլ օրենքով գողերի մշակույթը չէին ճանաչում պետություն։

Սովետի փլուզումից հետո հետսովետական հանրապետություններում իշխանության եկան այդ արմատական լիբերալները, որոնց աչքին մասնավորեցումից այն կողմ տնտեսության այլձև չէր երևում։ Արդյունքում անձնական շահի ջատագովությունը մարդկանց մեջ սրեց ագահությունը, եսասիրությունը՝ էգոիզմը, որ բերեց, իսկ հանրային շահի զգացողությունը նվազագույնի հասցրեց ու երկրները պառկատեց փոքրաթիվ մեծահարուսնտ բուրժուաների ու աղքատների ստվար զանգվածների միջև։

Առաջին սերնդի լիբերալները, երկրները քայքայելով ու բնակչությանը աղքատության մատնելով, տապալվեցին։ Որոշ երկրներում իշխանության եկան չափավոր լիբերալներ․ Պուտինը՝ Ռուսաստանում կամ Կուչման՝ Ուկրաինայում, որոշ տեղեր նորացված ձախեր, ինչպես Լիտվայում՝ նախկին կոմունիստ Բրազաուսկասը, իսկ Բելառուսում՝ արդեն սոցիալիստ Լուկաշենկոն և այլն։

Հայաստանում էլ 1998֊ին ռադիկալ լիբերալներին իշխանությունից հեռացրին, սակայն լիբերալիզմը մնաց երկրի պետական գաղափարախոսությունը և լիբերալիզմի ճգնաժամը հասցրեց 2018֊ի զանգվածային ցույցերին։

Բայց ի դժբախտություն հայ ժողովրդի, իշխանության եկավ նախկինից առավել լիբերալ, արմատական լիբերալ «Իմ քայլը» դաշինքը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, և սկսեցին մասնավորեցնել ու առևտրականացնել նույնիսկ կարիքավորների խնամքը՝ ծերանոցների ու մանկատների ծառայությունները, ամենապետական, ամենահանրային հանդիսացող հաստատության՝ բանակի սնունդը, հիմա էլ գյուղացիներին ստիպում են իրենց չնչին եկամտի մի մասը տալ մասնավոր սպանդանոցներին։ Իսկ «Իմ քայլը», վերացնելով պրոգրեսիվ եկամտհարկը, հասարակության մեջ առավել սրեց էգոիզմը։ Կարծես՝ Լիբերալիզմը մի դավադրություն էր արել, որ իր իսկ նկատմամբ դժգոհությունը օգտագործելով՝ իշխանության բերի նոր սերնդի լիբերալներին ,որ արդեն որպես լեգիտիմներ հանրային երերուն համերաշխությունը վերացնեն ու պետության քայքայումը ավարտին հասցնեն։

Պետական ծառայողների կրճատումները, ծննդատների փակումը ամբողջ այդ լիբերալիզմի քաղաքականությունն է, որ հանգեցնելու է շատ ավելի խորը ճգնաժամի։

Սակայն լիբերալ մտավորականությունը կրկին չի հասկանալու որ սպասվող նոր ճգնաժամի պատճառը իր գաղափարախոսության մեջ է, կրկին արհեստական մեղավորներ է փնտրելու՝ քրեական ենթամշակույթ ու նման բաներ։

Գողական ենթամշակույթն ու «Իմ քայլը» դաշինքը այլ ընդահնարություններ էլ ունեն՝ գողերի համակարգը իրենցից դուրս անձանց որակում է որպես հարիֆ, այսինքն՝ միամիտ, որոնց կարելի է խաբել, գցել, նրանցից գողանալ։ «Իմ քայլն» էլ՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, իրենցից դուրս անձանց, այսպես կոչված ժողովրդին հարիֆի տեղ է դնում, որին պարբերաբար ֆռցնում ու խաբում է։ Գողական համակարգի անդամները իրար նկատմամբ պատասխանատվություն ունեն, իրենց խոսքի տերը պետք է լինեն «բռատվայի»՝ ախպերության նկատմամբ պատասխանատվություն ունենան։ Արդյոք «Իմ քա՞յլն» էլ ունի իր ներքին էթիկական կոդեքսը, դեռևս դժվար է ասել։

Մի բան հստակ է, որ իմքայլականներից շատերը միմյանց հետ կապված են նաև համատեղ հանցանքով՝ ինչպես դատարանների դռները փակելն էր և ՍԴ դատավորներին կաշառելու օրենքը։ Սակայն սա չի նշանակում որ բոլոր իմքայլականները հանցանք են գործել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, քննադատելով գողական ենթամշակույթը քրեականացնող օրենքը, ասաց․ «Մի սկզբունք ենք միշտ պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրական սկզբունքից», ապա հեգնեց անորոշ, չձևակերպված «գողական»֊ի դեմ պայքարը «էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք» և հարձակման արժանացավ օրենքի ջատագովների կողմից։

Բայց Պետրոսյանը տիպիկ իրավապաշտպան սկզբունք է կիրառում, եթե անձը հանցագործ արարք չի կատարել, ապա միայն նրա համար, որ պատկանում է մի խմբի կամ որ իրեն գող են անվանում, այդ անվանելը քրեական հանցանք չի կարող լինել։ Եթե առանց արարք անելու ենթամշակույթին պատկանելը հանցագործություն է, ապա վաղը կարող է մի իշխանություն «Իմ քայլին» կամ «Քաղաքացիական պայմանգրին» անդամակցելը քրեական հանցանք համարի, քանի որ այդ կուսակցության շատ անդամներ վերին որոշմամբ դատական իշխանության անկախության դեմ են պայքարել, փակել են դատարանների դռներ և ՍԴ դատավորներին կաշառելու օրենք ընդունել և այլն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը