Կարծիք

29.01.2020 10:10


2019-ի աննախադեպ թվերը

2019-ի աննախադեպ թվերը

Բան չմնաց։ Մինչև հունվարի 31-ը Վիճկոմը պարտավոր է հրապարակել երկրի 2019թ. սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփող նախնական հաշվետվությունը։

Մեր վիճակագիրները համարյա հանձնարարականներ ունեն թվերը որոշակի «մակարդակի» բերելու համար։ Իշխանությունն էլ «հանձնարարականը» ձևակերպելուն զուգահեռ ջանք չի խնայում հասարակական ուշադրությունը իրավական և իրավախախտումներ ներկայացնող տեղեկատվության շուրջ բևեռելու համար։

Իրավախախտումների արդեն արձանագրված բացասական պատկեր վիճակագրությունը հնարավոր է նախկինների վրա «դուրս գրել»։ Օրինակ այն, որ 2019թ․ հունվար-նոյեմբերին մեր երկրում արձանագրվել են աննախադեպ քանակի հանցագործություններ՝ 24 164 դեպք։ Սա նույնիսկ 2018-ի 22․2 հազարանոց ռեկորդից բարձր է։

Անցած տարի, երբ այս ժամանակահատվածում նախկին ամենաբարձր 17․9 հազարանոց ցուցանիշից իրավախախտումների քանակը 20 հազարից անցավ, պաշտոնական բացատրությունը համաներումն էր։ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով հայտարարված համաներումը։ Բայց 2018-ին հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները պատմական աննախադեպ «բարձունքի» չհասան։ Ընդամենը 53 դեպք, որ ուղիղ 10-ով զիջում էր 2015-ի ցուցանիշին։ Աննախադեպ ասածն այս տարի արձանագրվեց՝ 67 դեպք։ Բայց ինչպես ասվում է հանրահայտ գովազդում՝ «սա դեռ ամենը չէ»։

Կտրուկ աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Դրանք համարյա բոլոր իրավական նրբերանգ-դասակարգումներով իսկապես «պատմական» են։ Օրինակ այն հանցագործությունների տեսակը, որ հաշվառվում է՝ «կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը»։ «Հանցավոր» 2015-ին այն 322 դեպք էր արձանագրել։ Հետո կտրուկ նվազել էր (2016-ին 150 դեպք, 2017-ին 65)։ Այս հանցատեսակը «լուսավոր» 2018-ին 177 դեպք գրանցեց, իսկ 2019-ին արդեն (ու կրկին) աննախադեպ էր՝ 410։

Նույն տրամաբանությունն է գործում պետական կամ հանրային գույքի դեմ կատարված ոտնձգությունների վիճակագրության մեջ։ Հեռավոր 2015-17թթ․ դրանց քանակը տարվա 11 ամսվա ընթացքում 90-100 հատ էր։ Հիմա խոսքն աննախադեպ 473-ի մասին է։ Իհարկե, կարելի է բացատրել, որ հիմա են բացահայտվում գյուղապետերի կողմից իրենց հարազատներին պահակ ու հավաքարար ձևակերպելու փաստերը։ Ու հենց այդ պատճառով է պետական ու հանրային գույքի վատնման-յուրացման դեպքերի հաշվառումը աննախադեպ ցուցանիշներ արձանագրում։ Նման կերպ բացատրել, իհարկե, կարելի է։ Բայց այդ դեպքում բոլորովին անհասկանալի կլինի, թե ինչու է անձնական սեփականության դեմ արձանագրված հանցագործությունների հաշվառումն այդքան տարօրինակ ցուցանիշներ արձանագրում։ 2015-ին անձնական գույքի հափշտակությունների թիվը մոտ 5․9 հազար էր, 2016-ին՝ մոտ 6․9 հազար, 2017-ին՝ մոտ 6․3 հազար։ Հետո աճը թռիչքային է։ 2018-ի համաներումից հետո անձնական գույքի հափշտակությունների պաշտոնական քանակը աճեց՝ մոտ 9․3 հազար դեպք։ Իսկ անցած տարվա նույն՝ 11 ամսվա ցուցանիշն ավելի աննախադեպ էր՝ մոտ 11․2 հազար։

Այնպես որ․ 2019-ը իրավախախտումների վիճակագրության իմաստով աննախադեպ էր։ Այդ քանակի հանցագործություններ նախկինում չեն արձանագրվել։ Չեմ կարծում, որ զուտ (ու միայն) իրավագիտական վերլուծությունը կբավարարի ստեղծված իրավիճակը հասկանալու համար։ Ակնհայտ ավելի համակողմանի ու բազմաժանր վերլուծության կարիք կա։ Որովհետև, եթե համեմատենք 2018-ն ու 19-ը, կարող ենք արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարը նահանջ է արձանագրում։ Պաշտոնապես հաշվառվող «հանցագործությունների ընդհանուր քանակից՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների» թիվը կրճատվում է՝ 2019-ին 1154 դեպք՝ 2018-ի 1334-ի դիմաց։ Բա եղա՞վ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը