Կարծիք

07.02.2020 11:13


Ամերիկյան մեծ լռություն. Երկու ստանդարտ, թե այլ հաշվարկ

Ամերիկյան մեծ լռություն. Երկու ստանդարտ, թե այլ հաշվարկ

«Իմ Ձայնը» նախագիծը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել Վիկիլիքսում հրապարակված տեղեկատվությունից։ Այսօր ընտրվել են այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ամերիկյան կողմը ինչ նկատելի ջանքեր և սկզբունքայնություն է ցուցաբերել Հայաստանում մարտի 1-ի դատավարությունների, երկրում մթնոլորտի լիցքաթափման, ժողովրդավարության և օրինականության, իշխանության և ընդդիմության երկխոսության, քաղաքացիական հասարակության կայացման համար։

Ամերիկյան կողմը 2008-2009-2010 թթ.-ին, ըստ էության, քաղաքական ճնշումներ է գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ երկրում օրինականության, ժողովրդավարացման, կոնկրետ մարտի 1-ի դատական գործերի թեմաներով։

Ամերիկյան կողմը դա արել է թե՛ պաշտոնական Վաշինգտոնի խողովակներով, թե՛ ԵՄ և միջազգային կառույցների միջոցով։ Եվ շատ դեպքերում այդ քայլերը տվել են իրենց դրական արդյունքը։

Իհարկե, նամակագրությունից պարզ է դառնում, որ ամերիկյան կողմի հիմնական խնդիրներից է եղել՝ ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՀՀ իշխանություններն ավելի խիզախ բանակցեն Ղարաբաղի հարցի շուրջ և հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ։

Ամերիկյան կողմը հստակ հասկանում էր, որ ՀՀ իշխանությունները այս հարցերում կլինեն ավելի «ճկուն և լսող», եթե զգան ուժեղ ընդդիմության առկայությունը։

Այնուհանդերձ՝ ակնհայտ է դառնում, որ ամերիկյան ջանքերն իսկապես նպաստել են դատավարությունների օրինականությանը, բանտարկյալների ազատ արձակմանը, քրեական օրենսգքրի հոդվածների փոփոխությանը և վերանայմանը, երկրում ավելի համերաշխ մթնոլորտի հաստատմանը։ Ժամանակին «7-ի գործի» և մարտի 1-ի հետ կապված այլ գործերի շրջանակներում նաև ամերիկյան ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Հայաստանում լրացնել մի շարք օրենսդրական բացեր։ Օրինակ՝ մարտի մեկի իրադարձություններից հետո ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները բազմիցս մտահոգություն էին հայտնում ՀՀ քրեական օրենսգրքի որոշ, մասնավորապես՝ 300-րդ, 225-րդ հոդվածների կապակցությամբ, ինչն ի վերջո հանգեցրեց օրենսդրական փոփոխությունների։

Այստեղ ծագում է տրամաբանական հարցը. ինչո՞ւ են այսօր լռում ԱՄՆ-ը, ինչո՞ւ են այսօր աչք փակում ՀՔԾ-ի և դատախազության ամենաթողության վրա, ինչո՞ւ չեն նկատում դատարանների կողմնակալ պահվածքը, ինչո՞ւ են չտեսնելու տալիս Փաշինյանի ուղիղ միջամտությունները՝ քրեական և դատական գործերին։

Վստահաբար՝ ԱՄՆ դիվանագետների աչքից հիմա՛ էլ չեն վրիպում Հայաստանում տեղ գտնող ակնհայտ քաղաքական հետապնդումները, դատական համակարգի նկատմամբ բացահայտ ճնշումները, դատավորների կառավարելիությունը, Հանրային հեռուստընկերության ակնհայտ քաղաքականացումը և ակնհայտ կողմնապահությունը։ Այլ հարց է լռությունը, կամ երբ և ինչ նպատակով այն կօգտագործվի։

ԱՄՆ դեսպանատան հետաքրքրությունը դատական գործընթացի նկատմամբ

11.03.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը և այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Փեննինգթոնը ներկայացնում է Մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած ձերբակալությունների և քրեական հետապնդումների մանրամասները։

Նամակում Փեննինգթոնը տեղեկացնում է, որ իրենք դիվանագիտական նոտայով ՀՀ կառավարությանը խնդրել են տրամադրել ընտրությունների և հետընտրական իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով ձերբակալվածների ամբողջական ցուցակը, սակայն դեռ պատասխան չեն ստացել։ Այնուհետև անդրադարձ է կատարվում տարբեր անձանց նկատմամբ քրեական հետապնդման մանրամասներին։ Մասնավորապես՝ Փեննինգթոնը մի դրվագում նշում է, որ տարբեր աղբյուրներից տեղեկություն են ստացել, համաձայն որի ոստիկանությունը խուզարկել է Ն Փաշինյանի բնակարանը առանց դատարանի որոշման։ Փեննինգթոնը անդրադառնում է նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ առաջադրված հիմնական մեղադրանքներին։ Մասնավորապես Փեննինգթոնը առանձնացնում է քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգություններ, ներառյալ անկարգությունների կազմակերպում, իրականացում կամ ղեկավարում` ուղեկցված սպանությամբ), 225.1 (ապօրինի զանգվածային միջոցառումների կազմակերպում և անցկացում), 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 300 (Իշխանության յուրացում), 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 325 (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 333 (Սուտ մատնություն՝ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ) հոդվածներով առաջադրած մեղադրանքները։ Փեննինգթոնը նշում է, որ ԱՄՆ դիվանագետները կառավարության ներկայացուցիչներին իրենց մտահոգությունն են հայտնել ՔՕ մի քանի հոդվածների կապակցությամբ՝ մասնավորապես 300 և 333-րդ հոդվածների՝ նշելով, որ դրանք մտահոգիչ կերպով անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը սահմանափակելու նպատակով։ Փենինգթոնը նշում է, որ իրենց կարծիքով կառավարությունը փորձում է այս հոդվածներն օգտագործել յուրովի մեկնաբանության միջոցով ԼՏՊ-ի նեղ շրջապատի անդամներին ձերբակալելու և վերջինիս աջակիցների հնարավոր ցույցերը չեզոքացնելու նպատակով։ Փաստաթղթում Փենինգթոնը անդրադառնում է նաև ձերբակալված անձանց՝ ընտանիքի անդամների և պաշտպանների հետ հանդիպելու հնարավորությանը՝ նշելով, որ դրա հետ կապված դեպքերը տարբեր են։[1]

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN208_a.html

19.06.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Փեննինգթոնը ներկայացնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականԴեյվիդ Քրամերի Հայաստան այցին ընդառաջ ուղարկած նամակը։

Նամակում Փեննինգթոնը նշում է, որ վերջինս Հայաստան է ժամանում շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը գտնվում են ԱՄՆ դեսպանատան օրակարգի առաջնահերթությունների շարքում։ Նա տեղեկացնում է, որ հայ պաշտոնյաներին հորդորել են համարձակ գործողություններ ձեռնարկել մարտի մեկի հասցված վնասը և իրենց լեգիտիմությունը վերականգնելու համար։ Այնուհետև նշում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները լուրջ չեն վերաբերում ժողովրդավարացման խնդրին։ Փեննինգթոնը նշում է, որ ակնկալում է Դեյվիդ Քրամերից, որպեսզի վերջինս ՀՀ իշխանություններին հստակ ուղերձ հղի Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում ԱՄՆ կառավարության հանձնառության մասին, բարձրաձայնի ժողովրդավարության հետընթացի մասին ԱՄՆ կառավարության մտահոգությունները, ինչպես նաև ընդդիմության հետ փոխզիջումների անհրաժեշտությունը։ Փեննինգթոնը Քրամերին տեղեկացնում է, որ ընդդիմադիր գործիչները ձերբակալվել են հիմնականում «կասկածելի քաղաքական մեղադրանքներով», ինչպիսիք են զանգվածային անկարգությունները և իշխանության յուրացումը։ Նրա կարծիքով Հայաստանի նկատմամբ հունիսի վերջին սպասվող ԵԽԽՎ հնարավոր պատժամիջոցների համատեքստում՝ իշխանությունները հունիսի սկզբին ազատ են արձակել տասնյակ ձերբակալվածների։ Նա նշում է, որ ՀՀ կառավարությանը որոշ քայլեր անելու կոչ են արել, մասնավորապես քննելու նաև ընտրախախտումների հետ կապված իշխանամետ անձանց, հրաժարվել հանրային ռադիոյի և հեռուստաընկերության միջոցով միայն իշխանամետ կողմնակալ տեղեկատվության տարածումից, վերականգնել Ա1+-ի լիցենզավորումը և իրականացնել մարտի 1-ի հետ կապված արդար, վստահելի քննություն։ Այնուհետև Փեննինգթոնը որոշակի մանրամասներ է ներկայացնում ԱԺ-ում ստեղծվող մարտի 1-ի քննող հանձնաժողովի մասին։ Նամակի վերջին ԱՄՆ գործերի հավատարմատարը եզրակացնում է, որ թեև ԼՏՊ-ը և նրա աջակիցները հրեշտակներ չեն, սակայն Հայաստանում մարդու և քաղաքական իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը պատկանում է կառավարությանը։ Այնուհետև Փենինգթոնը Քրամերին ուղղորդում է, թե ինչ դիրքերից խոսի ՀՀ իշխանությունների հետ և ինչ ուղերձներ հղի։ Մասնավորապես նշում է, որ ուղերձը պետք է պարունակի հստակ մատնանշում, որ ամերիկյան կողմը հստակ տեղեկացված է մինչ այժմ իրականացված քայլերից, սակայն միևնույն ժամանակ այն պետք է ուղերձ պարունակի, ըստ որի ամերիկյան կողմը ակընկալում է կառավարության քայլերի վերանայում, որը թույլ կտա իրականում լուծել առաջացած խնդիրները։ Փեննինգթոնը նշում է, որ Քրամերը պետք է իշխանություններին հորդորի իրականացնել ԱՄՆ կառավարության կողմից առաջարկված լրացուցիչ քայլերը՝ նշելով, որ ԱՄՆ կոշտ դիրքորոշումը ցանկալի արդյունք է տալիս և պետք չէ այդ դիրքորոշումը փոխել[2]։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN507_a.html

23.06.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Փեննինգթոնը ներկայացնում է ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լսումների և ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման մանրամասները։

Փենինգթոնը նշում է, որ ապրիլի 25-ին ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանի հրապարակած զեկույցը քննադատում է իշխանություններին Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ։ Նա նշում է, որ լսումներին ապահովված էր լավ ներկայացվածություն, այդ թվում իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ և այլն։ Այնուհետև մանրամասներ է ներկայացնում ծավալված քննարկումների վերաբերյալ։ [3]

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN514_a.html

07.07.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Փեննինգթոնը ներկայացնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դեյվիդ Քրամերի Հայաստան կատարած այցի մանրամասները։

Նա նշում է, որ հունիսի 23-25 տեղի ունեցած այցի ժամանակ Քրամերը ճնշում է գործադրում իշխանությունների վրա՝ իր բնորոշմամբ «օգնելու Հայաստանին վերադառնալ դեպի ժողովրդավարական ճանապարհ»: Մասնավորապես նշվում է, որ ՀՀ վարչապետի, արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ Քրամերը կոչ է արել շտապ բարեփոխումներ իրականացնել՝ 1. Իրականացնել մարտի մեկի դեպքերի արդար քննություն, 2 վերականգնել հավաքների և մամուլի ազատությունը, 3. ազատ արձակել քաղաքական հայացքներն արտահայտելու համար ձերբակաված անձանց, 4 իշխանության, ընդդիմության և քաղհասարակության միջև իրական քաղաքական երկխոսություն սկսել։[4]

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN553_a.html

20.10.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի՝ Հայաստան կատարած այցի մանրամասները։

Նշվում է, որ Ֆրիդը ՀՀ իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով դա անել դեկտեմբերին սպասվող Հազարամյակի մարտահրավեր ծրագրի խորհրդի նիստից առաջ։ Մասնավորապես մանրամասներ են ներկայացվում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից։ Քաղբանտարկյալներին ազատ արձակելու Ֆրիդի պահանջին նախագահ Սերժ Սարգսյանը հակադարձել է՝ նշելով, որ քանի դեռ դատարանի որոշում առկա չէ, ինքը չի կարող համաներում շնորհել բանտարկյալներին։ Սարգսյանը նաև նշել է, որ դատարանի որոշումներից հետո հուսով է, որ ընդդիմութան ներկայացուցիչները կդիմեն եվրոպական դատարան՝ հեգնելով, որ եթե այն նույնպես հաստատի իրենց մեղքը, Սերժ Սարգսյանին կմեղադրեն նաև Ստրասբուրգի դատարանի վրա ազդեցության մեջ։ Ֆրիդը պնդել է, որ բանտարկյալների հարցում շուտափույթ որոշում գտնի իշխանությունը։ ՍՍ-ը նրան խիստ կոչ է արել հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը չկապել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ։ Նա նաև Ֆրիդին հիշեցրել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այս թեմայով զրուցել է պետքարտուղար Ռայսի հետ, ով հավաստիացրել է, որ «Հազարամյակի մարտահրավերը քննություն չէ»։ Այնուհետև Յովանովիչը ներկայացնում է նաև Ֆրիդի՝ վարչապետ Տ․ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները[5]։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN844_a.html

18.12.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է ՀՔԾ-ի կողմից ԼՏՊ-ի 4 աջակիցների նկատմամբ ապացույցների բացակայության պատճառով հեղաշրջման հետ կապված քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքները։

Յովանովիչը նշում է, որ դա տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի կողմից Հայաստանի քվեարկության իրավունքը կասեցնելու վերաբերյալ քննարկումների օրը և երկու իրադարձությունների միջև փոխկապակցվածություն է նկատում։ Իր մեկնաբանություններում Յովանովիչը նշում է, որ այս իրադարձությունը դրական է գնահատում՝ նույնիսկ եթե դա կապված է ԵԽԽՎ քննարկումների հետ։ Ըստ նրա, վերջին մի քանի շաբաթների ընթացքում սա երրորդ անգամն է, որ Իշխանությունները քայլեր են ձեռնարկում ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ[6]։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN1020_a.html

24.12.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է «Յոթի գործի» դատավարության մանրամասները։

Յովանովիչը նշում է, որ դատական գործընթացը ընթացել է մի շարք արտառոց միջադեպերով։ Մասնավորապես նշում է, որ դատավորը կտրուկ ընդհատել է նիստը և հետաձգել այն, երբ մեղադրյալները հրաժարվել են կանգնել իր՝ դատարան մտնելու ժամանակ։ Դեսպանը ներկայացնում է 7-ի գործի մեղադրանքի մանրամասները։ Այնուհետև նշում է, որ տեղեկություն է ստացել, թե իբր 7-ի գործի մեղադրյալներից մեկը դատական նիստից առաջ ծեծի է ենթարկվել։ Դավիթ Շահնազարյանն ու Լևոն Զուրաբյանը Յովանովիչին իրենց մտահոգությունն են հայտնել ծեծի կապակցությամբ, կոչ են արել, որ դեսպանատունը իշխանություններին այս կապակցությամբ իր մտահոգությունը հայտնի։ Յովանովիչը նշում է, որ այնուհետև դեսպանը զանգահարել է նախագահի աշխատակազմ և ծեծի կապակցությամբ մտահոգություն հայտնել, ինչպես նաև դեկտեմբերի 29-ին գլխավոր դատախազի հետ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերել։ Նաև դիվանագիտական նոտա է ուղարկել, պահանջելով հանդիպում կազմակերպել դեսպանատան մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչի և ծեծի միջադեպի հետ կապված 3 ձերբակալվածների միջև։ Դեսպանը իր զեկույցում մանրամասներ է ներկայացնում մեղադրյալների առողջական վիճակի, նրանց տեսքի, դատարանում ներկա աջակիցների վարքագիծի վերաբերյալ։ Վերջում իր մեկնաբանություններում Յովանովիչը նշում է, որ իրենք կշարունակեն ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի ապահովվի ազատ, թափանցիկ գործընթաց և վերականգնվի դատական համակարգի հանդեպ վստահությունը[7]։

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN1038_a.html

30.12.2008 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է, որ զրուցել է նախագահի խորհրդականի և գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև յոթի գործի հետ կապված որոշ մանրամասներ։

Զրույցի ընթացքում Յովանովիչը մտահոգություն է հայտնել դատարանի կողմից Յոթի Գործի քննության հետաձգման կապակցությամբ։ Յովանովիչը նշում է, որ դեսպանատան գործակալները ականատես են եղել, թե ինչպես է դատավորը 2 անգամ հետաձգում դատը այն պատճառով, որ մեղադրյալները հրաժարվել են կանգնել դատավորի դատարան մտնելու ժամանակ, ինչպես նաև դատավորը լրագրողներին ուղարկել է ապակով առանձնացրած կից սենյակ։ Յովանովիչը նշում է, որ դեսպանության ներկայացուցիչը այցելել է ձերբակալվածներին և պարզել, որ ծեծի մասին տեղեկությունը թեև հիմնազուրկ չէ, սակայն ընդդիմության կողմից չափազանցվում է։ Մասնավորապես ձերբակալված ընդդիմադիր գործիչը նշել է, որ իրեն միայն ապտակել է ոստիկանը, երբ իմացել է, թե նա ինչ գործով է անցնում՝ փորձելով վրեժ լուծել սպանված ոստիկանների համար։ Դեսպանը այս կապակցությամբ իր մտահոգություններն է հայտնել ՀՀ ՄԻՊ-ին։ Միաժամանակ Յովանովիչը նշում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հրահանգել է հետաքննություն սկսել այս կապակցությամբ։ Ողջունելով իշխանության գործողությունները, Յովանովիչը նշում է, որ իրենք շարունակելու են իշխանությունների նկատմամբ իրենց ճնշումը, միաժամանակ նշելով, որ ընդդիմությունը նույնպես պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի։ Այնուհետև դեսպանը ներկայացնում է դեկտեմբերի 28-ին գլխավոր դատախազի հետ հանդիպման մանրամասները։ ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ դատավորին 7-ի գործով քրեական գործի 12 000 էջանոց փաստաթղթերը ուսումնասիրելու համար ընդամենը 9 օր է հատկացվել։Դեսպանը գլխավոր դատախազին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկել է քաղաքական լուծում տալ մարտի մեկի բանտարկյալների գործին և ընդհանուր համաներում հայտարարել։Երբ գլխավոր դատախազը հանդիպման ընթացքում նշել է, որ մարտի մեկի «զոհ» հանդիսացող 200 ոստիկաններին թույլ չեն տալիս ներկա գտնվել դատարանում, Յովանովիչը հակադարձել է, որ քանի դատարանը որոշում չի կայացրել, պարզ չէ, թե ով է «զոհը»։ Հովսեփյանը նաև հանդիպման ընթացքում նշել է, որ պաշտպանական կողմը ձգձգել է դատական գործընթացը, մի քանի անգամ խնդրել երկարաձգել փաստաթղթերն ուսումնասիրելու ժամկետը։ Գլխավոր դատախազը նշել է, որ միջազգային հանրության և ՄԻՊ-ի ճնշումը կարող է հանգեցնել գործի սուբյեկտիվ քննությանը։ Անդրադառնալով համաներման հարցին, Հովսեփյանը նշել է, որ նախ պետք է հաստատվի մեղքը, այնուհետև դիմում ներկայացվի նախագահին։ Դեսպանը հակադարձել է, որ համընդհանուր համաներման դեպքում դա պարտադիր չէ։ Այնուհետև Յովանովիչը ներկայացնում է ՄԻՊ-ի հետ ունեցած զրույցի մանրամասները։[8]

https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN1046_a.html

05.02.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում էՀունվարի 20-ին Մեթյու Բրայզայի մասնակցությամբ ԱԺ նախագահ Հ Աբրահամյանի հետ հանդիպման մանրամասները։

Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ի հետ ձեռք բերված համաձայնությունից։ Մասնավորապես այն ենթադրում է, որ ԵԽ մասնագետների աջակցությամբ պետք է փոխվեն ՀՀ ՔՕ խնդրահարույց հոդվածները՝ մասնավորապես 225-րդ և 300-րդ հոդվածները, որը կհանգեցնի մարտի մեկի մեղադրյալների նկատմամբ քրեական գործերի կարճմանը։ Բրայզան հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել մարտի 1-ի հետ կապված դատական գործընթացների նկատմամբ։ Միաժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կողմ է, որ այն անձինք, ովքեր մասնակցել են անկարգություններին՝ այդ թվում կողոպուտին, պատժվեն, սակայն խաղաղ ցուցարարների համար կոչ է անում քաղաքական լուծում գտնել[9]։

https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN71_a.html

23.03.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած զրույցի մանրամասները։

Զրույցի ժամանակ Աբրահամյանը նշել է, որ ԱԺ-ը ընդունել է ՔՕ 225 և 300 հոդվածներում օրենսդրական փոփոխությունները և շուտով նախագահը այն կստորագրի։ Ըստ նրա, սա կհանգեցնի 7-ի գործով այս հոդվածներով մեղադրանքների չեղարկմանը։ Յովանովիչը նշել է, որ կողջունի, եթե մոտ ապագայում ազատ արձակվեն ոչ միայն 7-ի գործով ձերբակալվածները, այլև մարտի մեկի հետ կապված մնացած 60 ձերբակալվածները։ Աբրահամյանը նշել է, որ քանի դատական գործերը ընթացքի մեջ են, նախագահը չի ցանկանում դրանց միջամտել, սակայն երբ դրանք ավարտվեն, նա պատրաստ է փակել մարտի 1-ի էջը։

02.04.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Փեննինգթոնը ներկայացնում է ՀՀ ՔՕ-ում կատարված փոփոխություններից հետո ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված որոշ քրեական գործերի կարճման մանրամասները։

Նա նշում է, որ ապրիլի 1-ի դատական նիստի ժամանակ 7-ի գործը 300-րդ հոդվածով մեղադրանքի չեղարկումից հետո բաժանվել է առանձին մասերի։ Միաժամանակ հավելում, որ եթե ԵԽԽՎ բանակցողներն ակնկալում էին, որ օրենսդրական փոփոխությունները հանգեցնելու են 7 ձերբակալվածների անմիջապես ազատմանը, ապա այդ հարցում չեն հասել իրենց նպատակին։ Փենինգթոնը այս փոփոխության կարևոր բաղադրիչ է համարում այն, որ ՔՕ 225-րդ հոդվածի փոփոխությունից հետո 7-ի գործով մեղադրյալները այլևս չեն մեղադրվում 10 սպանությունների մեջ։ ԱՄՆ դիվանագետը մեկնաբանում է, որ սա իր կարծիքով կարևոր է, քանի որ իշխանությունները հենց այս 7-ին էին մեղադրում 10 անձանց սպանության մեջ, մինչդեռ այդ սպանությունների հետ վերջինների ուղղակի կապը հաստատող որևէ փաստ չկա։ Փեննինգթոնը 7-ի գործի մասնատումը մեկնաբանում է նրանով, որ այդպիսով իշխանությունները հույս ունեն նվազեցնել դատավարության նկատմամբ միջազգային հանրության և ընդդիմության ուշադրությունը։ Ընդհանուր առմամբ ամերիկացի դիվանագետը ողջունում է վերջին զարգացումները։[10]

https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN239_a.html

16.04.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է ապրիլի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։

Հանդիպման ընթացքում դեսպանը նախագահին հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի նամակի մասին և խնդրել տեղեկացնել մարտի 1-ի ձերբակալվածների հետ կապված իրավիճակի մասին։ Նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ պատրաստ է համաներմամբ ազատ արձակել 7-ի գործով ձերբակալվածներին, երբ դատական գործընթացն ավարտվի։ Դեսպանը ՀՀ կառավարությանը մեղադրել է մարտի 1-ի գործի կողմնակալ քննության մեջ, նշել է, որ մի շարք գործերով տպավորություն կա, որ դրանք քաղաքականապես մոտիվացված են, ինչը նախագահը հերքել է։ Նախագահը նշել է, որ երբ դատական գործընթացն ավարտվի, մեղադրյալները կարող են դիմել ՄԻԵԴ և փորձել ապացուցել, որ ՀՀ դատական համակարգը կոռումպացված է։ Նա նաև նշել է, որ հայկական դատական համակարգը միգուցե կատարյալ չէ, ամեն ինչ 100 տոկոսով ճիշտ չեն անում, սակայն մինչև չլինի պատիժ, ինքը չի կարող համաներում շնորհել։ Դեսպանը նորից նշել է, թե ԱՄՆ-ի համար այս հարցը ինչքան կարևոր է։[11]

https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN261_a.html

20.05.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ զրույցի մանրամասները։

Հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանն ու Մ Մինասյանը հայտնել են, որ մայիսի 28-ին Սերժ Սարգսյանը կարևոր հայտարարություն է անելու, որը մեծ քայլ է լինելու մարտի մեկի ձերբակալվածներին ազատ արձակելու հարցում։ Յովանովիչը նշում է, որ զրուցակիցները ուղիղ չպատասխանեցին, թե արդյոք ձերբակալվածներն անմիջապես ազատ են արձակվելու։ Սակայն նշում է, որ վերջիններիս ժեստերի լեզվից հասկանալի էր, որ ազատ արձակելու գործընթացը հետո է տեղի ունենալու։ Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ձերբակալվածների ազատ արձակումը կարևոր կլինի, հատկապես եթե այն տեղի ունենա մինչև հունիսի 10-ին սպասվող «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի խորհրդի նիստը։ Ըստ Յովանովիչի, նախագահի հայտարարության ժամանակահատվածը պատահական չէ ընտրված, այն նախորդում է Հազարամյակի մարտահրավեր ծրագրի խորհրդի նիստին, ինչպես նաև ԵԽԽվ առաջիկա նիստին, որի օրակարգում է նաև ձերբակալվածների հարցը[12]։

https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN345_a.html

21.05.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը ներկայացնում է ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ ունեցած քննարկումների մանրամասները՝ կապված Հազարամյակի մարտահրավեր ծրագրի մասին ԱՄՆ պետքարտուղարի ուղարկած նամակի հետ։

Նամակում ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ իշխանություններին առաջարկել էր որոշակի առաջընթաց գրանցել մարտի մեկի ձերբակալվածների հարցում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Հազարամյակի մարտահրավեր ծրագրի իրականացումը Հայաստանում։ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հանդիպման ժամանակ դժգոհել է նամակի բովանդակությունից՝ նշելով, որ ԱՄՆ-ն առանց այդ էլ տեղյակ է, որ մարտի 1-ի բանտարկյալները ազատ են արձակվելու և դրա համար է փոխվել ՀՀ օրենսդրությունը։ Դեսպանը ողջունել է Շանթ Հարությունյանին ազատ արձակելու հանգամանքը, սակայն մտահոգություն հայտնել այլ բանտարկյալների հարցով[13]։

https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN347_a.html

02.06.2009 - ԱՄՆ պետքարտուղարությանը, այլ կառույցներին ուղարկած այս փաստաթղթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչը Հայաստանի մասով առաջարկություններ է ներկայացնում Հազարամյակի մարտահրավեր ծրագրի խորհրդի նիստին ընդառաջ։

Դեսպանը նշում է, որ Հայաստանում ծրագրի կասեցումը կամ դադարեցումը կբարդացնի ԱՄՆ դեսպանատան շփումները ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, ինչը տվյալ պահին անցանկալի է՝ հաշվի առնելով, որ այդ շփումները կարևոր են տարածաշրջանում ԱՄՆ նպատակների տեսանկյունից, նախ և առաջ հայ-թուրքական հաշտեցման և ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում։

Ձերբակալվածների հարցում Յովանովիչը նույնպես լուրջ առաջընթաց չի նկատում։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Յովանովիչը խորհուրդ չի տալիս վերսկսել ՀՀ ֆինանսավորումը։ Ըստ նրա, այդպիսի որոշումը կթուլացնի Հայաստանում ժողովրդավարացման հարցում իշխանությունների վրա ազդեցության լծակները։ Ուստի ԱՄՆ դեսպանը ուղակի առաջարկում է պահպանել ստատուս քվոն։[14]

https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN378_a.html

«Իմ Ձայնը» նախագիծ

Այս խորագրի վերջին նյութերը