Լրահոս

08.02.2020 11:00


Արարատի մարզում կրակը րոպեների ընթացքում անասնագոմը վերածել է մոխրի

Արարատի մարզում կրակը րոպեների ընթացքում անասնագոմը վերածել է մոխրի

Երեկ՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի Իսահակյան փողոցի 23 հասցեում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել, իսկ անասնագոմում էլ կան անասուններ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները փորձել են հսկայական կրակի դեմ իրենց ուժերով պայքարել:

Հրշեջներն ու գյուղացիները, մարելով կրակը, անասնագոմում հայտնաբերել են սատկած 5 հատ կով, 8 հատ ցուլ, 1 հատ հորթ, 1 մայր խոզ, 7 հատ խոճկորներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ անասնագոմը գտնվում էր նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Աբրահամյանին պատկանող տան հետնամասում:

Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետարանի ներկայացուցիչը, ով սակայն հայտնեց, որ մարզպետարանը եթե օգնի՝ «քարը տրաքի» մի 100 հազար դրամով, մինչդեռ տուժած քաղաքացին կրել է 25-30 մլն դրամի վնաս ու ոչ միայն կորցրել է անասուններ, այլև անասնագոմի տանիքում պահեստավորված մոտ 800 հակ խոտ:

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ընտանիքը, որ տուժեց այս հրդեհից, գյուղում հարգված մարդկանցից են ու գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Վարկային կազմակերպությունից վարկ էր վերցրել և առավոտից իրիկուն «կռիվ տալով» աշխատում էր: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կրակի մատնվեց անասնագոմը: Բոլոր անասունները սատկել են, այդ թվում՝ մի քանի մայրացուներ: Ուզում ենք հավատալ, որ մարզպետարանը ն ու կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն, բայց մարզպետարանի ներկայացուցիչն ասեց, որ մարզպետը հնարավորություն չունի: Ստացվում է՝ գյուղացին, ով իր հանապազօրյա հացը վաստակում է առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելով՝ հիմա մնալու է միայնակ: Գոնե գտնվեն բարի կամեցող մարդիկ և այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն: Ուզում ենք այդ մի հարցում հավատանք, որ կգտնվեն նմանատիպ մարդիկ, հակառակ դեպքում՝ մարդ հաստատ մինչև խելագարություն կհասնի»:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը