Կարծիք

15.02.2020 16:01


«Սուտ մատնություն» կա` «սուտ մատնություն» է, սուտ մատնություն էլ կա` մուշ-մուշ քնած է ԱԱԾ գզրոցներում

«Սուտ մատնություն» կա` «սուտ մատնություն» է, սուտ մատնություն էլ կա` մուշ-մուշ քնած է ԱԱԾ գզրոցներում

Նորին մեծություն վարչահրամայապետը հերթական «իրքայլն» արեց Հայաստանից կացնային ընտանիքաբռնապետություն սարքելու ճանապարհին. գործ կախեց Նարեկ Սամսոնյանի վրա «սուտ մատնության» հատկանիշներով։ Իբր` իր ու իր վարկանիշի «կարևորագույն մասը» կազմող ընտանիքի անդամների մասին չեղած բաներ գրելու համար։

«Գործն» էլ երջանիկ հանգամանքների բերումով հանձնարարեց հենց այն քննիչին, որ երկու շաբաթ առաջ սպառնաց ինչ գնով ուզում է լինի` դատել antiface.am կայքի ղեկավարին։

Շատ կուզեինք իմանալ` իսկ ի՞նչ եղան դատավորներ Մխիթար Պապոյանի և Դավիթ Գրիգորյանի վրա սուտ մատնության դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը։

Ռոբերտ Քոչարյանին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ ազատ արձակելու համար քրեական հետապնդման թիրախ դարձած Դավիթ Գրիգորյանը դեռ 2019թ. մայիսի 22-ին էր հաղորդում ներկայացրել գլխավոր դատախազին` պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ, որի հեղինակը ոչ բարով փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էր։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ հունիսին էր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ԱԱԾ` խնդրելով կա՛մ հաստատել իր կողմից լիազորությունների չարաշահման (երկու այլ դատավորների հետ խելք-խելքի տված`Դավիթ Գրիգորյանի փոխարեն վերոհիշյալ «հակահեղափոխական» որոշումը կազմելու) մասին ֆեյսբուքում հրապարակված «լուրի» իսկությունը, կա՛մ պատժել ստահոդ հրապարակման հեղինակին։

Երկու գործն էլ ԱԱԾ վարույթում են, և ոչ մեկից ձե՜ն-ձուն չկա`մուշ-մուշ քնած են ԱԱԾ գզրոցներում։ Գուցե ծածկվել են փոշու հաստ շերտով, ու այդպես էլ քնած կմնան, մինչև կգա անտառապահը, ձեռքը կխփի սեղանին ու Նիկոլի սրտի վնգստացող քննիչներին կուղարկի հեռու մի տեղ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը